Ղրիմի վերադարձն Ուկրաինայի կազմ անխուսափելի է. Իվան Կուխտա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլի ազգային ակումբը «Աշխարհը և մենք» ծրագրի և «Ուկրաինան` խորհրդարանի ընտրություններից հետո» թեմայի շրջանակներում այսօր լրագրողների հետ հանդիպում էր կազմակերպվել ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ:

Վերջինս ներկայացրեց խորհրդարանական ընտրությունների հիմնական արդյունքները և հետագա ակնկալիքները: Դեսպանը նախ շնորհակալություն հայտնեց ներկաներից ուկրաինական իրադարձությունների շուրջ հետաքրքրություն ցուցաբերելու համար: Նա ներկայացրեց, թե ինչ թվային հարաբերակցությամբ են անցել իրենց խորհրդարանական ընտրությունները: «Ուկրաինայի քաղաքացիների մեծամասնությունն ընտրեց իշխանավորների կողքը կանգնելու ճանապարհը, նրանք, փաստորեն, ցանկանում են գնալ եվրաինտեգրման ճանապարհով:

Ամերիկյան, միջազգային համապատասխան կառույցները ճանաչել են ուկրաինական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:
Լրագրողների այն դիտարկմանը, թե դեսպանն իր խոսքում չնշեց Ռուսաստանի գնահատականի մասին, հնչեց հետևյալ պատասխանը.«Ռուսաստանյան և համաշխարհային ԶԼՄ-ի դիտարկմամբ ՌԴ-ն ևս միտված է մեր երկրի խորհրդարանական ընտրությունները համարել ժողովրդավարական չափանիշներից բխող»: Դեսպանը խոսեց նաև այն մասին, որ Ուկրաինայի ամբողջ տարածքում չէ, որ եղել են ընտրությունները, սակայն, այնուամենայնիվ, այդ ընտրությունները ճանաչվել են կայացած:

Իվան Կուխտայի դիտարկմամբ Երևան-Սինֆերոպոլ թռիչքի վերաբերյալ երկու երկրների ղեկավարություններն էլ համապատասխան հետաքրքրություն ցուցաբերել են. «Որոշ լրատվամիջոցներ խոսում են այդ մասին, բայց պետք է ասեմ, որ թե´ Հայաստանի, թե´ Ուկրաինայի պետական կառույցները համապատասխան ձևով արձագանքել են: Հայաստանի կողմը տեղեկացրել է, որ ոչ մի թույլտվություն չկա: Սա կարելի է համարել տեղեկատվական պատերազմի նման մի բան»,- նշեց դեսպանը:

Վերջինս խոսեց նաև Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու մասին: «Ղրիմի վերադարձը Ուկրաինայի կազմ իրողություն է լինելու: Իրականում Ղրիմն օկուպացված տարածք է Ռուսաստանի կողմից, բայց այն, այնուամենայնիվ, վերադարձվելու է Ուկրաինային»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են Ռուսաստանի հետ երկխոսության, քանի որ հարևանների հետ անհնար է տևական ժամանակ անհաշտ վիճակում մնալ:




Լրահոս