ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՅՎԱԶՅԱՆԸ ՄԱՏՆԵՑ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքը եւ կից փաթեթը խորհրդարանում քննարկելիս ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նախորդ օրը՝ զայրույթի ընթացքում, բավական ուշագրավ մի խոստովանություն արեց:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին հակադարձելու ընթացքում «Շրջանառության հարկի մասին» օրենքի հայտնի փոփոխության առնչությամբ նա ասաց. «Շրջանառության հարկով հարկվող 58 հազար տնտեսավարողներից 30 հազարը 10 միլիոն դրամի շրջանառություն ունի: Հիմա էտ մարդկանց ասենք, որ հարկը լրիվ հանում ենք, էլի կբողոքեն: Այդ 30 հազարից մի 15 հազարը 10 միլիոնից ավելի շրջանառություն ունի, մենք հիմա այդ խնդիրն ենք ուզում լուծել»: Այսպիսով՝ Այվազյանն ուղղակի խոստովանեց, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված հայտնի փոփոխությունը ուղղված է փոքր եւ միջին ձեռներեցների դեմ: Հիշեցնենք, որ ՓՄՁ ներկայացուցիչները սեպտեմբերից բողոքի ալիք բարձրացրեցին, քանի որ տեղեկացել էին, որ հոկտեմբերի 1-ից, ըստ «Շրջանառության հարկի մասին» օրենքի, իրենք պարտավոր են լինելու իրենց ողջ գործունեությունը փաստաթղթավորել: Բողոքի ալիքը սաստելու համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 25-ի կառավարության նիստում հայտարարեց. «Կառավարությունը խնդիր չի դրել, որ փոքր եւ միջին բիզնեսը ճնշի, այլ հակառակը՝ այս փաթեթով մենք մտածել ենք ամեն ինչ անել, աջակցել, որպեսզի փոքր եւ միջին բիզնեսը կայանա մեր երկրում: Ուղղակի մենք չենք հանդուրժելու, որ իրենք հարթակ դառնան, որպեսզի նպաստեն խոշորներին՝ հարկերը թաքցնել պետական բյուջեից»: Այն, որ Հովիկ Աբրահամյանը, մեղմ ասած, անկեղծ չէր, դա բոլորն էլ հասկանում էին, բայց մինչեւ Վարդան Այվազյանի «խոստովանությունը», ապացույց չկար:
Ի դեպ, Այվազյանի բերած օրինակը, ըստ որի, եթե տնտեսվարողներին ընդհանրապես հարկերից ազատեն, ապա նրանք կրկին կբողոքեն, ոչ թե հպարտանալու, այլ ամաչելու թեմա է: Այսինքն՝ մարդիկ գիտեն, որ ի դեմս իշխանությունների՝ գործ ունեն «քցողների» հետ: Մարդիկ գիտեն, որ որքան մեծ է տնտեսվարողներին իշխանության կողմից արված «զիջումը» կամ «լավությունը», ուրեմն այնքան էլ մեծ է լինելու տնտեսվարողներին թալանելու ցուցանիշը:
10 միլիոն դրամ ունեցող տնտեսվարողի օրինակը: Նախկին շրջանառության հարկի 3,5 տոկոսի պայմաններում տնտեսվարողները պետք է վճարեին 350 հազար դրամի հարկ: ՀՀ իշխանություններն այժմ տնտեսվարողին առաջարկում են վճարել 1 տոկոս հարկ, այսինքն՝ 100 հազար դրամ, բայց մի պայմանով` ողջ գործունեությունը պետք է փաստաթղթերով հիմնավորված լինի: Ենթադրենք տնտեսվարողն իր գործունեության մի մասը նախկինում միտումնավոր չի փաստաթղթավորել` ցածր շրջանառություն ցույց տալու եւ վճարվելիք հարկը նվազեցնելու համար: Նոր շրջանառության հարկի 1 տոկոսի դեպքում նա նախկինում վճարած 350 հազար դրամով կարող է մինչեւ 35 միլիոն դրամի կամ նույն է թե՝ երեքուկես անգամ ավել շրջանառություն ցույց տալ: Բայց տնտեսվարողնեը բողոքում են եւ չեն ուզում 1 տոկոս վճարել, չնայած, որ նրանց ստվերը հաստատ իրական շրջանառությունից այդքան ավել չէ: Ուստի ինչո՞ւ են մարդիկ բողոքում իշխանությունների նման շռայլության դեմ:
Ախր, ցանկացած տնտեսվարող գիտի, որ չի կարող իր գործունեությունը փաստաթղթավորել, որովհետեւ դրա մեղավորը ոչ թե ինքն է, այլ մատակարարները, այն ձեռնարկությունները, որոնք պատկանում են կառավարությունում, ԱԺ-ում եւ նախագահականում նստած պաշտոնյաներին: Փաստաթղուղթ չտվող խոշոր ընկերությունների դեմ պայքարելու համար տնտեսվարողները պետք է դիմեն նույն այդ խոշորների տերերին` այս կամ այն պաշտոնյային: Հենց սա է պատճառը, որ տնտեսվարողը ի սկզբանե գիտի՝ այս գործընթացում ինքը պարտված է. իբրեւ լավություն իրեն մատուցվող քայլով իրականում իր բիզնեսը սննկացնելու են:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
«ՀԱՅԱՍԻ»-Ի ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՐՊԱՐՏԵԼ Է ՄՐՑԱԿՑԻՆ

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ընտանիքին պատկանող «Հայասի գրուպ»-ը չի դադարում խճճված պատմությունների մեջ ընկնելուց: Այս անգամ էլ «Հայասի» բարեգործական հիմնադրամը հայտնվել է դատարանում:

Բանն այն է, որ դեռեւս նախորդ տարի ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Հայասի» բարեգործական հիմնադրամի: Գործարար համբավի արատավորման համար ընկերությունը պահանջել է փոխհատուցել 2 մլն դրամ:
Ի՞նչն էր վեճի պատճառը: Պարզվում է՝ նախորդ տարի՝ ապրիլի 13-ին, 14-ին եւ 15-ին, «Հայասի» բարեգործական հիմնադրամի անվամբ գրանցված 095.09.65.23 բջջային հեռախոսահամարից հաղորդագրությունների միջոցով «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկություններ են տարածվել:
Այդ հաղորդագրություններն ունեցել են հետեւյալ բովանդակությունը. «Հարգելի՛ բժիշկ, մի քանի փաստ Սեղվիե ընկերության մասին:
1. Դուք մասնակցում եք հետազոտության, որտեղ Ձեզ խաբում են թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես: Դուք ստանում եք ամեն հիվանդի համար 1000 դրամ 6 ամսվա համար, 1 ամիսը 170 դրամ, ընկերությունն աշխատում է մեկ հիվանդի հաշվարկով 70000, իսկ Դուք՝ գրոշներ: Ձեզ չեն հավատում, զանգում են, ստուգում ու Ձեզ անվանում խաբեբաներ:
2. Առանց հիվանդի համաձայնության հետազոտությունը հիվանդի իրավունքի խախտում է: Եթե հիվանդներն իմանան, իսկ դա մի օր կլինի, Դուք կունենաք խնդիրներ օրենքի հետ:
3. Ձեր անուններն ուղարկվել են նախարարություն եւ ինտերնետ էջ: Դադարեցրեք համագործակցությունն այս եւ այլ կոմպանիաների հետ եւ հիշե՛ք՝ բուժման համար պատասխանատուն Դուք եք, ոչ Սեղվիեն: Հ.Գ. ի դեպ Ձեր շատ սիրելի պրեդուկտալը առաջացնում է պարկինսոնիզմ: Այդ մասին եւս Սեղվիեն լռում է»:
Ահա այս հաղորդագրությունների համար էլ ֆրանսիական ընկերությունը դիմել է դատարան:
Ի դեպ, այս հաղորդագրություններն ուղարկվել են ընկերության հետ համագործակցող մի քանի տասնյակ բժիշկների: Սակայն ավելի քան մեկ տարի ընթացող դատաքննությունից հետո այս տարվա հունիսի 18-ին կողմերը հաշտության եզրեր են գտել:
«Հայասի» բարեգործական հիմնադրամն ընդունել է, որ 2013թ. ապրիլի 13-ին իր անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարից հաղորդագրությունների միջոցով մի շարք անձանց են ուղարկվել «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկություններ: Արդյունքում՝ «Հայասի» բարեգործական հիմնադրամից դատարանը որոշել է հօգուտ «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության բռնագանձել ընդամենը 20 հազար դրամ:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել «Հայասի գրուպ»-ի տնօրինության հետ եւ հետաքրքրվել՝ ի վերջո ո՞վ է այդ հաղորդագրությունների հեղինակը: Սակայն անարդյունք: Ընկերության հեռախոսահամարները չեն պատասխանում: Իսկ սեփականատերը՝ ՕԵԿ նախագահի մամլո խոսնակ Արթուր Միսակյանը, խուսափեց պատասխանել՝ նշելով, թե կապ չունի «Հայասի գրուպ»-ի հետ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 
ԵԶՐԱՊԱՏԻՆ ԴԵՄ ԵՆ
Իջեւան քաղաքի շուկան գտնվում է Տավուշի մարզկենտրոնի «սրտում»՝ միջպետական ավտոճանապարհի եզրին: Այդ տարածքը Իջեւանում գործող մի քանի տաքսի ծառայությունների եւ անհատ տաքսիստների կայանատեղին է: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի ձախ եզրին՝ Իջեւանի շուկային կից գոտում, մշտապես երկու շարքով կայանում են գյուղատնտեսական մթերքներ շուկա բերած գյուղացիների եւ մթերքներ վերավաճառողների ավտոմեքենաները: Իսկ ճանապարհի աջ եզրին էլ տաքսիներն են կայանում: Դրա հետեւանքով այդ հատվածում ամեն օր ավտոմեքենաների մեծ քանակություն է կուտակվում, եւ հաճախ խցանումներ են առաջանում: Իջեւանցիները կատակով տարածքը «Լաչինի միջանցք» են անվանում՝ ասելով, որ նա, ով առանց պատահարների հաղթահարել է գերբեռնված այդ հատվածը, առանց քննության կարող է վարորդական իրավունքի վկայական ստանալ: Տարիներ շարունակ Իջեւանի շուկայի մոտ ճանապարհային երթեւեկության անվտանգության, այդ հատվածում հետիոտների անվտանգ անցման հիմնախնդիրն առկա է եղել, սակայն դրա լուծման ուղղությամբ ոչինչ չի արվել:
Ներկայումս նշված հատվածում սկսվել է միջպետական ճանապարհը բետոնյա հենապատով անջատելու գործընթաց: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից տեղեկացանք, որ այդ աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեից ֆինանսավորվող հրատապ ծրագրերի շրջանակներում: 6 մետր լայնությամբ հենապատը ճանապարհը կանջատի դրա եզրին կայանող տաքսիներից եւ Իջեւանի շուկա գյուղմթերքներ ներկրող ավտոմեքենաներից: Իջեւանի շուկայի դիմացի մայթին բազմաթիվ են մսի, այլ սննդի վաճառքի կրպակները, քաղաքի տաքսիները: Դրանց տերերը «Ժողովուրդ»-ին ասացին, որ ճանապարհը հենապատով արգելափակող ծրագիրն իրենց զրկելու է գնորդներից, արդյունքում՝ օրվա հանապազօրյա հացից:
Նկատենք, որ Տավուշի մարզի, Իջեւանի շատ բնակիչներ էլ ողջունում են ճանապարհը երիզող հենապատի տեղադրումը, թեեւ նշում են, որ ավտոճանապարհը երկու կողմից բետոնյա պատով անջատելը չի նվազեցնելու այդ հատվածում կատարվող առեւտրի ծավալը. միս, գյուղատնտեսական եւ այլ ապրանքներ գնողներն իրենց ավտոմեքենաները շուկայից քիչ հեռու կայանելով՝ սովորականի պես կատարելու են իրենց գնումները: Նշենք, որ ներկայումս ճանապարհը եզրափակող բետոնյա պատնեշի միայն մի մասն է տեղադրվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս