Արդեն 9-րդ տարին է, ինչ մայիսի 21-ին նշվում է որպես Մշակութային բազմազանության համաշխարհային օր՝ հանուն երկխոսության ու զարգացման (World Day for Cultural Diversity for Dialogue and Development):
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2002թ. դեկտեմբերի 20-ին իր “Մշակույթ ու զարգացում”
57/249 բանաձևով կոչ արեց մայիսի 21-ը հռչակել Մշակութային բազմազանության օր ու միջկառավարական մարմիններին, ՄԱԿ-ի անդամ երկրներին ու համապատասխան ոչ կառավարական կազմակերպություններին առաջարկեց հասարակությանն իրազեկել մշակույթների բազմազանության կարևորության մասին, մասնավորապես օգտագործել զանգվածային լրատվամիջոցների ընձեռած հնարավորությունները: Այս մասին հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն:
“ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությունը մեր կազմակերպությանը պարտադրում է համագործակցել անդամ-պետությունների հետ “ինքնատիպ մշակույթի պահպանման” համար: Սակայն ներկայում այդ մշակույթին սպառնում են տարբեր գործոններ. մի կողմից ազգային ինքնության չափազանց պաշտպանությունը սպառնալիք է ներկայացնում տարբեր փոքրամասնությունների մշակույթների համար, մյուս կողմից` կրոնը ճնշում է գործադրում մշակույթի վրա:
Ի վերջո, համընդհանուր գլոբալիզացիայի ներքո անհետանում են լեզուներ, կորչում են ավանդույթներ, խոցելի մշակույթները հայտնվում են մեկուսացման մեջ, կամ ամբողջությամբ անհետանում են”,- նշված է հաղորդագրության մեջ: