«Ժառանգություն» կուսակցությունում բավական լարված իրավիճակ է: Ինչպես վկայում են մեր աղբյուրները, «Ժառանգության» ներսում պայքարն ընթանում է միանգամից երկու տարբեր ճակատներով:
Դատելով կուսակցությունում տիրող տրամադրություններից՝ այնտեղ դեռ շատ երկար են ափսոսալու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ իրենց համագործակցության համար: Այդ ափսոսանքներն արդեն արտահայտում են ամենուր եւ բացահայտ: Այս կուսակցության անդամների զգալի մեծամասնությունը ժամանակին դեմ էր այդ համագործակցությանը, չէր համակերպվում այն մտքի հետ, որ «Ժառանգության» մի շարք արժանավորներ՝ Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը կամ Անահիտ Բախշյանը, որ այս ընտրություններում առավելագույն ջանքեր գործադրեցին իրենց կուսակցության համար, այժմ հայտնվել են խաղից դուրս վիճակում: Փոխարենը՝ «Ժառանգության» համամասնական ցուցակով պատգամավոր են դառնում իրենց հետ որեւէ առնչություն չունեցող անձինք, նախկին ՀՀՇ-ականներ:
Օրերս այս թեմայով բանավեճն այնքան է թեժացել, որ «Ժառանգության» անդամներից մեկը հանել է Խաչիկ Քոքոբելյանի՝ դեռ ՀՀՇ փոխնախագահ եղած ժամանակ «Ժառանգության» ու նրա ղեկավարների հասցեին ասուլիսի ժամանակ հնչեցրած քննադատություններն ու «երեսով տվել», թե հիմա այդ մարդն իրենց ցուցակով դառնում է պատգամավոր: Նույն աղբյուրների պնդմամբ՝ ԱԴԿ-ի հետ համագործակցության հարցը քննարկվել է նաեւ ԱԺ ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «Ժառանգության» Երեւանի տարածքային կառույցներում հանդիպումների ժամանակ: Հովհաննիսյանին «Ժառանգության» անդամներից ոմանք ասել են, որ հենց այդ համագործակցության արդյունքում է իրենց կուսակցությունը շատ քիչ ձայն ստացել: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ առարկել է ու համոզել, թե ԱԴԿ-ականները բավական ակտիվ աշխատանք են տարել նախընտրական շրջանում: «Իսկ կարո՞ղ է Ստեփան Սաֆարյանը կամ Անահիտ Բախշյանն ավելի քիչ են արել»,-հակադարձել են կուսակցության ներսում՝ հայտարարելով, որ անտրամաբանական կլինի, եթե հիմա «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դառնան երկու ժառանգական, երկու նախկին ՀՀՇ-ական եւ մեկ նախկին դաշնակցական, մանավանդ որ դաշնակի նախկինը չի լինում: Այդ հարցի շուրջ այդպես էլ որեւէ փոխհամաձայնություն չի եղել, ու այն մնացել է օդում կախված:
ԱԺ արդեն նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցության ներսում եղել են մարդիկ, որոնք կարծիք են հայտնել, թե «Ժառանգություն»-ը պետք է միայնակ մասնակցի ընտրություններին: «Բայց դա չի նշանակում, որ անգամ այդ հատվածը խնդիր ունի այն որոշման հետ, որ ընդունվել է: Այո՛, մարդիկ չեն թաքցրել եւ հիմա էլ չեն թաքցնում իրենց տեսակետը, բայց դա առանձնապես լուրջ խնդիր չէ»,-ասաց Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» ներսում տարաձայնությունների ու կրքերի շիկացման առիթ դարձած մյուս հարցին, ապա դա համամասնական ցուցակով պատգամավորների խնդիրն է: Ինչպես հայտնի է՝ «Ժառանգություն»-ն այս ԱԺ-ում կունենա հինգ պատգամավոր: Իսկ թե ովքեր են լինելու այդ հինգը, հայտնի չէ: «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այս մասին հայտարարությունները, մեղմ ասած, զավեշտալի էին. իրենք այդ հարցը որոշելու են «Ժառանգություն» կուսակցության հունիսի 2-ին կայանալիք համագումարում, եւ սա այն դեպքում, երբ մայիսի 31-ին նախատեսված է ԱԺ առաջին նիստը:
Մինչ այդ, սակայն, թեժ պայքար է սկսվել ԱԺ պատգամավորի մանդատի շուրջ: Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է պատգամավոր դարձնել համամասնական ընտրացուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Սաֆարյանին, եւ այդ պատճառով Զարուհի Փոստանջյանին ստիպում են ինքնաբացարկ հայտնել: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի քաջատեղյակ աղբյուրները, այստեղ Ստեփան Սաֆարյանի անվան շահարկումը պարզապես շղարշ է՝ իրական քննարկումները թաքցնելու համար: Իրականում «Ժառանգություն»-ում ցանկանում են պատգամավոր դարձնել ոչ անհայտ Թեւան Պողոսյանին, որը համամասնական ցուցակի 6-րդ համարն է: Պողոսյանը հայտնի է որպես իշխանության մարդ, Սերժ Սարգսյանի մերձավոր, որը ժամանակին նույն իշխանության պատվերով գովաբանում էր հայ-թուրքական արձանագրությունները, իր դերն ունի «Ժառանգության»-ն ԱԺ-ում տեղ տալու հարցում: Մյուս կողմից Թեւան Պողոսյանը նաեւ ֆինանսական աղբյուր է, քանի որ դրամաշնորհների միջոցով լուրջ գումարներ է աշխատում: Թեւան Պողոսյանին պատգամավոր դարձնելու համար հարկավոր է, որ մեկն ինքնաբացարկ հայտնի, եւ «Ժառանգություն»-ում փորձում են ինքնաբացարկը կորզել հենց Զարուհի Փոստանջյանից:
Հիմա, ըստ մեր տեղեկությունների, Փոստանջյանի նկատմամբ լուրջ ճնշումներ են սկսվել. չի բացառվում, որ գործին միջամտեն նաեւ իշխանությունները՝ մեջտեղ բերելով ու թարմացնելով նրա եղբոր դեմ հարուցված քրեական գործը: Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե չի պատրաստվում մեկնաբանել որեւէ մեկի կողմից շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունը: «Վերջնական որոշման մասին, թե ինչ կանի «Ժառանգություն»-ն իր հինգ մանդատների հետ, կիմանաք հունիսի 2-ին»,-ասաց նա:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՍԵԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ