ՉԵՆ ԽՈՐՏԱԿՎԻ
«Այն ուժերը, որոնք լքելու են նավը, թող հիմա հեռանան: Ափսոսում եմ, սակայն մի բան կարող եմ ասել, մեր նավը չի խորտակվելու եւ կանգ չի առնելու: Դեռ նոր նավահանգիստներ կան նվաճելու»,-Henaran.am-ի տեղեկացմամբ՝ նախորդ գիշեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ասել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին ՀԱԿ որոշ անդամներ մեղադրում են իշխանությունների հետ բանակցելու մեջ: Այդ հայտարարությունից հետո ՀԱԿ-ի կազմում գտնվող որոշ ուժեր, որոնք միտված են հեռանալ, որոշել են մի քիչ էլ սպասել եւ տեսնել, թե որ նավահանգիստն է գրավելու Լեւոն Տեր-Պետրոսյանը:
ԱՆԴԱՎԱՃԱՆ
«Ժողովրդի իշխանություն» քաղաքացիական նախաձեռնությունը եղել է, կա ու կլինի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ուժ. այս մասին Tert.am-ին ասել է նախաձեռնության հիմնադիր Զոյա Թադեւոսյանն ու հավելել, որ մտածում է ԺԻ-ն վերակազմավորելու եւ այն քաղաքական կուսակցություն դարձնելու մասին: Երեկ մամուլը գրել էր, թե Զոյա Թադեւոսյանն այլ քաղաքական ուժերի ղեկավարների՝ Հովհաննես Հովհաննիսյանի, Պետրոս Մակեյանի, Սոս Գիմիշյանի հետ պատրաստվում է դուրս գալ Կոնգրեսից:
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՉԻ ՎՏԱՆԳԻ
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը չի կարծում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կընտրի ընդդիմադիր դառնալու տարբերակը, քանի որ նա չի վտանգի իր կուտակած կապիտալը: «Ո՞ր կուրսին են ընդդիմադիր լինելու, այն կուրսին, որին իրե՞նք էլ են մասնակից եղել: Կիսահղի վիճակ որեւէ ասպարեզում չի լինում»,-ասել է Կարապետյանը: Հարցին, թե ինչու ՀԱԿ-ն ընտրություններից հետո փողոց դուրս չեկավ եւ հանրահավաքային ալիք չսկսեց, Ա. Կարապետյանը պատասխանել է, որ ՀԱԿ-ը լավ վերլուծել էր իրավիճակը եւ հասկացել, որ հեղափոխության ռեսուրս չունի:
ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ
ՀՀ ԱԺ չորս գումարման պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որը Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցնում է 178-րդ հորիզոնականը եւ ամենայն հավանականությամբ այլեւս չի լինի նորընտիր Ազգային Ժողովում, այժմ հանգստանում է եւ առաջիկա իր ծրագրերի մասին կխոսի միայն 10 օր անց։ «Դեռեւս ոչինչ չեմ ասի, տասը օրի՛ց զանգեք»,-Tert.am-ին ասել է Դալլաքյանը:
ԱՐԴԵՆ ՀԱՂԹԵԼ Է
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն առաջիկա նախագահական ընտրություններում հավանաբար կառաջադրի իր թեկնածությունը: Այս մասին նա հայտարարել է երեկ՝ հավատացնելով, որ «որոշ քաղաքական միավորումներ նույնիսկ խնդրում են իրեն նախագահական ընտրություններում առաջադրել սեփական թեկնածությունը»: Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքին՝ նա ասել է. «Պարզ դարձավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի երգը երգված է, եւ այս ուժն այլեւս չի կարող նշանակալի դերակատարություն ունենալ երկրի քաղաքական կյանքում»: Միեւնույն ժամանակ, Հայրիկյանը վստահ է, որ 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններն այլեւս կարեւոր չեն, քանի որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը չվերընտրվի, ապա նա տիրապետում է այնպիսի քաղաքական մեծամասնության, որ կարող է օրենքով սահմանված կարգով ինչ-որ պատճառով պաշտոնանկ անել ցանկացած ընտրված նախագահի: