ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՍԿՈՒ ՎԱՂԱՐՇԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ 65 ՄԼՆ ԴՐԱՄԸ

«Վաղարշ եւ որդիներ կոնցեռ» ՍՊԸ-ի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության միջեւ դատական գործընթացը դեռ շարունակվում է: Երեւանի Խորենացու փողոցի «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը չի պատրաստվում վճարել էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության նախորդ տարվա կազմած 65 մլն դրամի տուգանքը: Նա փետրվարի 21-ին վարչական դատարան հայց է ներկայացրել՝ ակտը առ ոչինչ ճանաչելու պահանջով:

Հիշեցնենք, որ «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում դեկտեմբեր ամսին իրականացրած ստուգումների արդյունքում ընկերության տնօրեն Նունե Նալբանդյանը, ով գործարար Վաղարշ Աբրահամյանի կինն է, շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից տուգանվել էր 65 միլիոն դրամով: Իսկ ավելի ուշ՝ փետրվարի 10-ին Էկոնոմիկայի նախարարութունում տեղի ունեցած հանձնաժողովի նիստին, տեսչության պետ Լեւոն Խալիկյանը ներկայացրել էր համապատասխան որոշումը՝ հղում անելով վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 189.1 հոդվածին: Ըստ այդմ՝ «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում իրականացրած ստուգումներով հայտնաբերվել են նաեւ այնպիսի խախտումներ, որոնց հիմնավորվելու դեպքում ընկերությունը կարող է նույնիսկ լիցենզիայից զրկվել:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ի իրավաբան Դավիթ Մանթաշյանի հետ, ով նշեց. «Մենք ուսումնասիրել ենք վիճելի վարչական ակտերը, ստուգման ընթացքում կազմված արձանագրություններն ու տեղեկանքը, ինչպես նաեւ՝ նրանցում տեղ գտած փաստերի արձանագրումն ու եզրահանգումները: Համադրելով այն գործի փաստական հանգամանքների եւ ոլորտը կարգավորող օրենսդրության նորմերի պահանջների հետ՝ գտնում ենք, որ վիճելի վարչական ակտերը կազմվել եւ կայացվել են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պահանջների ու կանոնների բազմաթիվ կոպիտ խախտումներով: Ընդ որում, խախտումները վերաբերում են ոչ միայն թանկարժեք մետաղների եւ նրանցից պատրաստված իրերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերին, այլեւ ստուգումներ անցկացնելու օրենքով սահմանված պահանջներին, վարչարարության իրականացման սկզբունքներին եւ կանոններին, ինչպես նաեւ՝ վարչական իրավախախտումներ եւ պատասխանատվություն սահմանող օրենսդրությանը»:
Իրավաբանի պնդմամբ՝ վիճելի ակտի 1-ին կետում պատասխանողը՝ տվյալ դեպքում էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը, արձանագրել է, որ հայտնաբերվել են չափագիտական կանոնների ու նորմերի խախտումներ:
«Սակայն այստեղ չի նշվում, թե ինչ չափագիտական կանոնների եւ նորմերի մասին է խոսքը, ՀՀ ո՞ր իրավական ակտով են սահմանված այդ կանոններն ու նորմերը, ինչպիսի՞ պահանջներ են պարունակում նրանք՝ որպես իրավական ակտի նորմեր, եւ ի՞նչ վերաբերելիություն ունեն ստուգման առարկայի հետ»,-նկատեց ընկերության ներկայացուցիչը:
Նա նաեւ ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը հաստատում է այն կազմակերպությունների ցանկը, որոնցում, կախված վերջիններիս գործունեության ոլորտի` հանրության եւ պետության համար կենսական նշանակությունից, տվյալ ոլորտը վերահսկող ստուգում իրականացնող պետական մարմինների կողմից ստուգումներ, բացառության կարգով, կարող են իրականացվել վեց ամիսը մեկ անգամ:
«Սա նշանակում է, որ «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ն չէր կարող շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից ստուգվել ավելի հաճախ, քան 5 տարին մեկ անգամ: Սակայն 2012 թվականի նոյեմբերի 28-ի ստուգման ակտը վկայում է, որ տեսչությունը խախտել է մի քանի պահանջները: Այսինքն՝ նա չէր կարող ընկերությանը միեւնույն առարկայի շուրջ ստուգել վերջին երկու տարիների ընթացքում 2 անգամ կամ իրականում դիտարկել որպես բարձր ռիսկայնությամբ սուբյեկտի: Իրավաբանի փոխանցմամբ՝ այս դեպքում տեսչությունը խախտել է նաեւ ՀՀ կառավարության՝ 2009 թվականի մայիսի 29-ի որոշմամբ սահմանված պահանջը»,-ավելացրեց իրավաբանը:
«Ժողովուրդ»-ը ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանից տեղեկացավ, որ այս տարի շուկայի վերահսկողության պետական տեսչությունը շուկայում ստուգումներ չի անցկացրել: «Հավանաբար այլեւս չի էլ անի, որովհետեւ իդեալական ենք աշխատում: Իսկ նախորդ անգամ մեզ սխալ են տուգանել: Խախտումներ են արել: Այս գործով երեք անգամ դատական նիստ է կայացել, բայց իրենցից եւ ոչ ոք ներկա չի գտնվել»,-«Ժողովուրդ»-ին ներկայացրեց Վաղարշ Աբրահամյանը:
Տեղեկացնենք, որ 2013 թվականին շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից ստուգվել է 308 օբյեկտ, դրանց թվում է նաեւ «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ն: Սակայն «Ժողովուրդ»-ը շուկայի վերահսկողության պետական տեսչության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ այս տարվա ընթացքում տեսչության տարեկան ստուգումների ցանկի մեջ ներառված չէր Վաղարշ Աբրահամյանին պատկանող ընկերությունը:
Այնուամենայնիվ, շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ Վ. Աբրահամյանը հրաժարվում է վճարել 65 մլն դրամի տուգանքը: «Բացարձակ կապ չունի, թե ինչպես է տրամադրված պարոն Աբրահամյանը: Տեսչությունը գործել է իր իրավասությունների սահմաններում, օրենքի տառի համաձայն: Ստուգման արդյունքները հանձնվել է պարոն Աբրահամյանին, եւ նա դիմել է դատարան, որպեսզի վիճարկի այն: Իսկ ինչ որոշում էլ որ դատարանը կայացնի, Աբրահամյանը պարտավոր է այն կատարել»:
Իսկ ինչ վերաբերում է դատարան չներկայանալուն, ապա Խալիկյանն ասաց, որ փաստաթղթեր են հավաքում, որպեսզի պատրաստված հանդես գան:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑԵՐ
Գաղտնիք չէ, որ պետական գերատեսչություններն ահռելի գումարներ են ծախսում տարբեր ուղեւորությունների եւ գործուղումների վրա: Դա է վկայում նաեւ Armlur.am-ի ձեռքի տակ եղած պաշտոնական փաստաթուղթը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից մեզ տրամադրած փաստաթղթում ներկայացված են 2013թ. պատգամավորների բոլոր գործուղումների տվյալները, որն էլ կներկայացնենք ընթերցողների ուշադրությանը: Նախ նշենք, որ Ազգային ժողովի գործուղումների վրա ՀՀ պետբյուջեից ծախսվել է 350 մլն դրամ (մոտ 865 հազար ԱՄՆ դոլար):
Սկսենք Հովիկ Աբրահամյանից, ով այն ժամանակ զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Նախ նշենք, որ նա հաշվետու տարում չորս անգամ է արտասահման մեկնել, որից երկուսը եղել են պաշտոնական այցեր: Մեկ անգամ նա մասնակցել է Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովին եւ մեկ անգամ էլ եվրոպահայերի երրորդ համագումարին: Միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով Հովիկ Աբրահամյանի հետ մեկտեղ Ժնեւ էին մեկնել նաեւ պատգամավորներ Կարինե Աճեմյանը (ՀՀԿ), Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ), Կարեն Ճշմարիտյանը (այժմ էկոնոմիկայի նախարար) եւ Մարտին Սարգսյանը (այժմ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ):
Պատգամավորները մեկնել են 2013թ. հոկտեմբերի 6-ին, վերադարձել՝ հոկտեմբերի 10-ին, իսկ այս չորսօրյա ուղեւորությունը պետբյուջեի վրա արժեցել է 6 մլն 232 հազար 352 դրամ: Ուղեւորության համար «Արմենիա Թրավել +Մ» ՍՊԸ-ից գնվել է 10 տոմս, որից մեկը՝ բիզնես կարգի, մեկը՝ պրեմիում էկոնոմ, իսկ մյուս բոլորը՝ էկոնոմ կարգի:
5 մլն 147 հազար դրամ էլ արժեցել է Հ. Աբրահամյանի գլխավորած պատվիրակության այցը եվրոպահայերի երրորդ համագումարին: Այդ նպատակով «ՍՍ Թրեվլ» ՍՊԸ-ից գնվել է 6 տոմս:

 

ՉԻ ԼԻՆԵԼՈՒ, «ՖՍՅՈ՛»
«Աշխատատեղերի ստեղծման հարցում իշխանությունների դերը ո՞րն է: Ամեն ինչ մասնավորի վրա է, մասնավորը պետք է անի»,-ահա այսպիսի դարակազմիկ միտք է հայտնել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը երեկ Աժ-ում լրագրողների հետ զրույցում: Ըստ նրա՝ թեեւ Գյումրիում մեծ է սոցիալական լարվածությունը, արտագաղթն աճում է, բայց ինքը մտավախություն չունի, որ մարդիկ իշխանափոխություն կանեն: Դիտարկմանը, թե նախորդ ընտրություններում Սերժ Սարգսյանը Գյումրիում պարտություն է կրել, նա պատասխանեց. «Դա ի՞նչ կապ ունի դրա հետ: Մարդիկ էդ ձեւով իրենց դժգոհությունն արտահայտել են, ինչի՞ մասին է խոսքը: Չի լինելու իշխանափոխություն, ես ասեցի՝ չի լինելու, ֆսյո՛»:

 




Լրահոս