2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը մատնանշեց մարզային հիվանդանոցներում մասնագետների պակասի խնդիրը:
«Ունենք շատ լավ մարզային հիվանդանոցներ իրենց հագեցվածությամբ, բայց, դժբախտաբար, չունենք լավ մասնագետներ, և այս պարագայում մարզերից օգնությունը դեպի Երևան որակյալ բուժօգնություն ստանալու համար շարունակվում է»,-նշեց ՀՀԿ պատգամավորը:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարևորեց մարզային հիվանդանոցների հարցը, քանի որ բժշկական քաղաքականությունն իրենց համար ամենաարդիական խնդիրներից է:
Նախարարը կոչով հանդես եկավ, անդրադառնալով այն ցավալի դեպքերին, երբ մարզերում բժիշկներին ծեծում են: «Իհարկե դատապարտում եմ այն չարաբաստիկ դեպքերը , որոնք տեղի են ունենում մարզերում, Գյումրի քաղաքում բժշկի հանդեպ տեղի ունեցած ծեծը: Նման երևույթները ոչ թե չեն նպաստում, այլ միանշանակ վանում են բժիշկներին մարզային հետագա գործունեությունից»,- ընդգծեց նա
Նախարարը նշեց, որ եթե ուսանողը պետպատվերով է սովորել, ապա նա պետք է վերադառնա մարզ: