Դատավոր Անատոլի Թադևոսյանը շարունակել է նախաքննության ընթացքում ամբաստանյալներ Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի տված ցուցմունքների հրապարակումը, գրում է «Արցախպրես»-ը:
Համաձայն նախաքննության ժամանակ ամբաստանյալ Գուլիևի տված ցուցմունքի՝ Հասան Հասանովը ցանկացել է Սմբատ Ցականյանին, կյանքից զրկելու նպատակով, ոլորել նրա վիզը։
Գուլիևը, վերահաստատելով այդ ցուցմունքը, պնդեց, որ Հասանովը բռնություն է գործադրել երեխայի վրա, սակայն, ըստ նրա, իբր այդպես էլ չի հասկացել, թե երեխայի նկատմամբ Հասանովի այդ վարմունքը շոյելու՞, թե՞ բռնության նշան էր։
Ասկերովը, մեկ անգամ ևս հաստատելով, որ նկարահանումները Հասանի տեսախցիկով ինքն է արել, նշեց, որ Հասանի ձեռքին քարտեզ կար, որով նա կողմնորոշում էր, թե որտեղ է և ինչ նկարահանումներ պիտի է իրականացնի։ Հատկանշական է, որ վերոհիշյալ տեսախցիկում կային նաև Ադրբեջանում գերի ընկած պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության վերաբերյալ տեսանյութեր, որոնց մասին, Ասկերովի խոսքով, իբր ինքը տեղյակ չի եղել։
Պատասխանելով դատավոր Ա. Թադևոսյանի հարցին. «մահացած Ս. Ցականյանը գիտե՞ր, որ դուք ադրբեջանցիներ եք», Ասկերովն ասաց, որ իրենք չեն ցանկացել, որ պատանին իմանա թե իրականում ովքեր են իրենք և ինչ նպատակով են ԼՂՀ տարածքում, քանի որ նա կարող էր հայտնել պատկան մարմիններին։
Դատարանի հարցադրմամբ` անդրադառնալով Գուլիևի ցուցմունքներին, Ասկերովը ամբողջությամբ սուտ է համարել հատկապես իրեն առնչվող դեպքերի նկարագրությունները:
Մասնավորապես, Գուլիևը կրկին պնդել էր նախաքննության և դատաքննության ընթացքում իր տված այն ցուցմունքները, համաձայն որոնց, ինքնաձիգի կրակահերթ լսելուց հետո շրջվել ու տեսել է Հասանին՝ զենքն ուսին, Դ. Ասկերովին` ինքնաձիգի փողը դեպի սպանված պատանին ուղղված դիրքում նստած ։
Նշենք, որ «Արցախպրեսը» հետևում է դատավարության ընթացքին և հաջորդիվ ևս կներկայացնի քրեական գործի այլ մանրամասներ։