Սամվել Ալեքսանյանը՝ մրցակցությունից դուրս. ԵՏՄ պայմանագիրը նրա օգտի՞ն էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր խորհրդարանում չցանկացավ պատասխանել քաղաքական հարցերի և անդրադարձավ իր ոլորտին վերաբերող մի քանի հարցի: Լրագրողների այն հարցին, թե տարօրինակ չէ, որ ԵՏՄ հետ բանակցություններում 3 խումբ ապրանքների մասով հատուկ բանակցել են: Մեկը՝ ռազմական տեխնիկան է, մյուսը՝ ավիացիան, երրորդը՝ շաքարավազը, Շաբոյանը նշեց, որ այդ մասով բանակցություններից տեղյակ չէ, սակայն շաքարավազի շուկան գտնվում է իրենց դաշտում:

«Մենք բազմաթիվ անգամ ուսումնասիրել ենք շաքարավազի շուկան, և գները մեր երկրում ամբողջությամբ համապատասխանում են միջազգային գներին: Համապատասխան ներկայացված տնտեսվարողի փաստաթղթերի՝ շաքարավազի հիմնականում հումք է ներկրվում, տեղում արտադրվում է շաքարավազը, և բնականաբար, տեղական արտադրությունն ավելի էժան է նստում, քան պատրաստի շաքարավազի ներկրումը», – ընդգծեց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչ կարիք կար որպես պայմանագրի հավելված՝ ԵՏՄ բանակցություններում ներառել շաքարավազի ներկրման հարցը, Արտակ Շաբոյանը վստահեցրեց, որ տեղյակ չի ոչ մի բանից. «Մենք բազմաթիվ անգամ ուսումնասիրել ենք, ինվոյսային արժեքը համապատասխանում է միջազգային շուկայի գներին: Ես վստահ եմ՝ դա հումք է, բայց դա իմ խնդիր չի: Մենք տնտեսվարողի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա ենք իրականացնում մեր ուսումնասիրությունը: Ամեն դեպքում, շաքարավազի վերջնական գները շատ երկրներից ցածր են և նվազման միտում ունեն վերջին տարիներին», – նշեց նա:

Այն հարցին՝ ում հետ է մրցակցում Սամվել Ալեքսանյանը, նա մշտապես տուգանվում է և շարունակում իր անբարեխիղճ գործունեությունը, Շաբոյանը հերքեց. «Ես իրականում որևէ տնտեսվարողի չեմ պաշտպանում և չեմ էլ պաշտպանի: Ես չգիտեմ՝ որ ընկերությունն ում է պատկանում: Թե որ ընկերության սեփականատերն ով է, դա ես չգիտեմ, դա մեզ չի հետաքրքրում»: Արտակ Շաբոյանը հիշեցրեց որ ամենամեծ տուգանքը «Նատալի ֆարմինն» է եղել՝ 50 մլն դրամ:




Լրահոս