ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները, որքան էլ սրբագրված եւ «պլպլացրած» են, միեւնույն է՝ մատնում են այն ծանր կացությունը, որում հայտնվել է Հայաստանի տնտեսությունը:

Ինչպես հայտնի է, ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4,3 տոկոսով: Այլ կերպ՝ պաշտոնապես Հայաստանի տնտեսությունն աճել է: Սա այն դեպքում, երբ նույն այդ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2,5, իսկ շինարարությունը` 2,4 տոկոսով: Իհարկե, կարող է հարց ծագել, թե այդ դեպքում ինչպես են պաշտոնական վիճակագրերը կարողացել աճ նկարել: Պատասխանը շատ պարզ է՝ գյուղատնտեսության հաշվին: Պաշտոնապես Հայաստանի գյուղատնտեսության համախառը ներքին արդյունքն աճել է 6,9 տոկոսով: Իհարկե, Հայաստանում ապրող ցանկացած ոք կասի, որ այս տարի գյուղատնտեսությունը չէր կարող աճ արձանագրել, որովհետեւ անցած տարվա ցուրտ ձմռանից հետո, մի շարք պտղատեսակների բերք ընդհանրապես չի ստացվել, բանջարեղենի հարցում էլ գարնան ցրտահարությունը եւ կարկուտն իրենց սեւ գործն արեցին: Այս տարի շուկայում առատ են եղել միայն դեղձն ու սալորը: Նույնիսկ կարտոֆիլի բերքն է այս տարի զգալի նվազել, ինչի արդյունքում այդ գյուղմթերքի գինը շուկայում կտրուկ բարձրացել է: Բայց, դե, այս ամենը չի խանգարում, որ պաշտոնական վիճակագրերը գրեն, որ գյուղմթերքի համախառն արդյունքը աճել է:
Պաշտոնական վիճակագրերը չեն բացատրում նաեւ, թե ինչպես կարող է աճող տնտեսությունում երկաթուղային եւ ավտոմոբիլային բեռնափոխադրումները նվազեն համապատասխանաբար 4,5 եւ 24,7 տոկոսով: Այսինքն՝ տնտեսությունն աճում է, իսկ ավտոմեքենայով բեռնափոխադրումների ծավալը կտրուկ անկում է ապրում: Հայաստանի տնտեսվարողները հավանաբար ուղղաթիռներով ու ինքնաթիռներով են իրենց ապրանքների բեռնափոխադրումները կազմակերպում:
Հայաստանի պաշտոնական վիճակագրերի ինադու՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն էլ մի կողմից է փիս-փիս թվեր հրապարակում: Ըստ «Գազպրոմ-Արմենիայի»՝ այս տարվա անցած ինն ամիսներին բնակչության օգտագործած գազի ծավալները նվազել են 2 տոկոսով, իսկ արդյունաբերական ձեռնարկություններինը` 13,8 տոկոսով:
Արդյո՞ք նման պայմաններում հնարավոր է տնտեսության աճ: Ցանկացած բանական մարդ կպատախանի, որ ոչ: Բայց, դե, պաշտոնական վիճակագրությունը վաղուց է բանականությունից հեռացել:
Ի դեպ, Հայաստանի տնտեսության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն գոյատեւում է արտերկրից եկող գումարների հաշվին: Սակայն այստեղ էլ իրավիճակը գնալով վատթարանում է, եւ բարելավման ոչ մի հեռանկար չկա: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ անցած ինն ամիսներին արտերկրից եկող տրանսֆերների դրական տարբերությունը (մուտքերի եւ ելքերի տարբերությունը) կազմել է 963 միլիոն 830 հազար դոլար: Անցած տարվա ինն ամիսներին այդ ցուցանիշը եղել է մեկ միլիարդ 47 միլիոն 410 հազար դոլար: Այսինքն՝ անցած տարվա համեմատ տրանսֆերները նվազել են 83 միլիոն 580 հազար դոլարով կամ նույն է թե` 8 տոկոսով: Փաստորեն Հայաստանի տնտեսության ներքին կարեւոր գործակիցների նվազելուց բացի՝ արտաքին տնտեսությունը՝ արհեստական «կերակրող» գործոնը եւս անկում է ապրել:
Կասկածից վեր է, որ ՀՀ իշխանության վերնախավը վերը բերված թվերին քաջածանոթ է: Բայց ինչո՞ւ են նրանք իրենց վիճակագիրներին պարտադրում, որ անպայման աճ գրեն: Եթե Հայաստանի բնակչությանը խաբելու համար են դա անում, ապա, մեղմ ասած, ղալաթ են արել: ՀՀ բնակչությունը մեծ հաշվով թքած ունի, թե պաշտոնական թվերում ինչ է գրված, նա իր կյանքի որակով պայմանավորված գիտի՝ կյանքը լավացել է, թե վատացել: Իսկ միգուցե ՀՀ ղեկավարությունն իր համա՞ր է տնտեսական աճի պլպլացրած թվերը գրում, որ նայեն, ուրախանան: Այս դեպքում լավ կլինի՝ դիմեն բժիշկների օգնությանը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
«Ազատամարտի նվիրյալներ միավորում» հասարակական կազմակերպությունում որոշել են եկող երկուշաբթի հավաքվել եւ քննարկել իրենց հետագա անելիքները, մասնավորապես մտադիր են հայտարարել իրենց դաշինք կազմելու մասին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ոչ իշխանական եռյակի` հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո նշված կազմակերպության անդամները հայտնվել են անելանելի իրավիճակում: Բանն այն է, որ նրանք կոնկրետ քայլեր են սպասել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից՝ ընդհուպ մինչեւ նստացույց: Սակայն Ծառուկյանը հայտարարեց, որ նստացույց չի լինելու, ինչի պատճառով էլ իրավիճակն ազատամարտիկների համար դարձել է անհասկանալի: Նրանք հույս են ունեցել, որ մի քանի օր հետո Գագիկ Ծառուկյանը կհայտարարի իրենց կոնկրետ անելիքների մասին, սակայն այդ սպասելիքներն էլ չեն իրականացել: Այժմ ազատամարտիկների մոտ սպասողական վիճակ է: «Ժողովուրդ»-ը փորձեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանից պարզել իրենց հետագա քայլերի մասին, սակայն վերջինս ասաց, որ երկուշաբթի օրվա քննարկումից հետո նոր միայն ամեն ինչ կհստակեցվի:

 

ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ նախատեսված է ոչ իշխանական եռյակի լիդերների՝ ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ «Ժառանագություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք որոշել են հանդիպել եւ քննարկել իրենց հետագա անելիքները, մասնավորապես պարզել, թե երբ է լինելու հաջորդ հանրահավաքը եւ ինչ քայլով է նշանավորվելու այն: Նախնական տարբերակով քննարկվում է հաջորդ հանրահավաքը նոյեմբերի 7-ին անցկացնելու տարբերակը, սակայն վերջնական որոշում դեռ չկա: Առաջնորդների հանդիպումից հետո տեղի կունենա նաեւ ՀՀ ԱԺ երեք ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը:

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ
Մեր տեղեկություններով՝ hոկտեմբերի 26-ին Աջափնյակ վարչական շրջանի թաղամասերից մեկում ամուսինների վեճն ավարտվել է ամուսնու կողմից կնոջը` Քնարիկին, դանակահարելով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ամուսինները երեկոյան ուշ ժամի տանը վիճել են, իսկ երբ վեճը հասել է մարմնական վնասվածքներ պատճառելուն, կինը սկսել է հարեւաններին օգնության կանչել: Ի վերջո, հարեւանները զանգահարել են ոստիկանություն, եւ դեպքի վայր ժամանած ոստիկանները հոգացել են, որպեսզի կնոջը տեղափոխեն հիվանդանոց, իսկ ամուսնուն բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը` հավելելով, որ հետաքննություն է ընթանում:

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԿԲԱՑՎԻ
Եկող տարի Երեւանում կբացվի Ճապոնիայի դեսպանատունը: Այս մասին երեկ հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության փոխտնօրեն Կաե Յանագիսավայի հետ հանդիպման ժամանակ:

 

ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Երեկ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքս Վան Մեուվենը: Ս. Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:

 

ԿՑՐՏԻ
Նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը եւ 4-ին արեւելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ՝ 3-ի գիշերը լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արեւելյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-4-ը ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով:

 

ԹԻՄՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Տեւական ժամանակ անհատական հանդիպումներ եմ ունենում «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցած անձանց հետ։ Մեծ մասին տեսնում եմ առաջին անգամ եւ չափազանց ուրախ եմ բազմաթիվ հետաքրքիր, ինտելեկտուալ, սկզբունքային մարդկանց հետ ծանոթանալու, նրանց համախոհն ու թիմակիցը լինելու համար»։

 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Հանդիպման մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, մտքեր են փոխանակել նաեւ հոկտեմբերի 10-ին ՀՀ-ի` ԵՏՄ-ին միանալու պայմանագրի ՀՀ եւ ՌԴ օրենսդիր մարմիններում քննարկման եւ վավերացման նախապատրաստմանն ուղղված աշխատանքների մասին:

 




Լրահոս