ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ԱԿԱՆՆ ՈՒ ՀՀԿ-ԱԿԱՆԸ ԱՆԳՐԱԳԵՏ ՈՐԱԿԵՑԻՆ ՄԻՄՅԱՆՑ

Ազգային ժողովում երեկ շարունակվեցին 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Ի տարբերություն նախորդող օրերին՝ երեկվա քննարկումներում ակտիվ էին ԲՀԿ խմբակցության պատգամավորները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվելիք գումարները ներկայացնելուց հետո ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, թե կանգնած է այն կանանց կողքին, ովքեր բողոքում են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի դեմ:
«Ես պաշտպանում եմ այն կանանց, ովքեր դուրս են եկել իրենց իրավունքները պաշտպանելու, բայց մենք պետք է լինենք անկեղծ եւ հասկանանք, որ այստեղ լրջագույն խնդիր կա: Շատերն իրենց թույլ չեն կարող տալ լինել ֆինանսների նախկին նախարար եւ իրենց կանանց դեկրետ ուղարկելուց տասնյակ միլիոնավոր գումարներ դուրս գրել, շատերը չեն կարող իրենց թույլ տալ լինել արտոնյալ եւ գործարքի մեջ մտնել տարբեր գործատուների հետ»,-հայտարարեց նա:
Ի պատասխան սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը նշեց, թե այս հարցադրումը կապ չունի բյուջեի քննարկման հետ, իսկ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն էլ հայտարարեց, թե պետք է այնպես անել, որ ոչ մի աշխատող կին չտուժի: Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինը դեկրետ գնալու միջոցով կարողացել է վաստակել 20 մլն դրամ:
Նույն հանձնաժողովում ընթացող քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ Հ. Հակոբյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի միջեւ: Վերջինս խնդրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ներկայացնել, թե որքան է այսօր կազմում գործազրկությունը: Նախարարը կոնկրետ պատասխան չտվեց: ԲՀԿ-ական պատգամավորը շարունակեց. «Հաջորդը՝ գյուղատնտեսական աջակցության առումով ինչքա՞ն գումար եք տրամադրում մեր գյուղաբնակ մեկ քաղաքացուն»,-հետաքրքրվեց նա: Մելքումյանին ընդհատեց Հակոբ Հակոբյանը:
«Հիմա սոցապ նախարարը ոնց կարող է պատասխանել, երբ այդ աջակցությունը գտնվում է մի այլ ոլորտում»,-նշեց նա: «Դուք ուզում եք մեթոդաբանական աջակցությո՞ւն ցույց տալ»,-հարցրեց Մելքումյանը: «Ո՛չ, ես կարող եմ Ձեզ աջակցություն ցուցաբերել: Դուք օգտագործում եք գնաճի գաղափարը, սոցապ նախարարը դրա հետ կապ չունի: Հիմա խնդրում եմ Ձեր հարցերը կարգավորեք միայն այս ոլորտում»,-արձագանքեց Հակոբյանը: «Ես խնդրում եմ՝ Դուք այդպես շատ կուրծք ծեծելով՝ բան չանեք այս առումով, հարցերը բխում են ներկայացված ելույթից»,-ասաց Մելքումյանը, իսկ Հակոբյանն էլ արձագանքեց. «Խնդրում եմ՝ այստեղ Ձեր չեղած գիտելիքները ցույց մի տվեք հանրությանը»: «Դուք էլ Ձերը, շատ բան մի՛ արեք, պետք չէ այդպես ոգեւորվել: Սոցապ նախարարը կառավարության անդամ է, պետք է գնաճային ճնշումներից տեղյակ լինի, ինչպես մենք ու դուք»,-հայտարարեց Մելքումյանը:
Այնուհետեւ քննարկումներ տեղի ունեցան գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Այստեղ ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանն անդրադարձավ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը եւ հետաքրքրվեց, թե դրանից հետո գյուղմթերքի արտահանման համար ինչ ծախսեր են նախատեսվում: Պ. Սաֆարյանը պատասխանեց, որ ԵՏՄ-ին անդամակցության համաձայնագիրը դեռ պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից:
ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Երբ որ մի ընտանիքում երեխա պետք է ամուսնացնեն, պահուստային ֆոնդ են նախատեսում: Դուք պահուստային ֆոնդում դա նախատեսե՞լ եք»: Պ. Սաֆարյանը զարմացավ. «Դուք գիտե՞ք ինչ բան է պահուստային ֆոնդը, դա ֆոնդ է չնախատեսված ծախսերի համար»: ԲՀԿ-ական պատգամավորն էլ նշեց. «Դե, անունն ուրիշ բան դրեք, էլի»:
Գյուղատնտեսական ոլորտի խնդիրներին եւ մասնավորապես Վերահսկիչ պալատի հաշվետվությանն անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը: «Եթե անգամ Իշխան Զաքարյանի ասածի 10 տոկոսն իրականություն լինի, էլի ամոթա, խնդրում եմ ուշադրություն դարձրե՛ք, մեղավորներին պատժե՛ք: Ամեն անգամ նստած ես լինում, ՀՀԿ-ական պատգամավոր ես, ինչ ասես՝ չեն ասում, հետո՞, բա սրա վերջը՞», – նեղսրտեց Մուրադյանը: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը խոստացավ իր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրել հարցը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտնել էր, որ «Հայկական միրգ» ընկերությունը Զիմբաբվեից 460 հազար դոլարով մարդ է վարձել՝ ծիրան աճեցնելու համար:
Հանձնաժողովում ներկայացվեցին նաեւ բնապահպանության նախարարությանը եւ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվող գումարները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է

ՀՀ Վերահսկիչ պալատի՝ 2012-2013 թվականի ներկայացրած հաշվետվությունում գյուղատնտեսության ոլորտին առնչվող որոշ բնագավառներում ակնհայտ թերություններ են արձանագրվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն չցանկացավ անել:

Հիշեցնենք, որ «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի» կողմից կազմակերպությունների բիզնեսի գնահատումը եւ դրա արդյունքում Հիմնադրամի բաժնեմասի չափի որոշումը կատարվել է սխալներով եւ հիմնադրամի` «Ներդրումների իրականացման եւ փոխառությունների տրամադրման ուղեցույց»-ից շեղումներով: Օրինակ՝ «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ն բաժնեմասի ձեռքբերման պայմանագրով 2012թ. ընթացքում ՓԲԸ-ի հիմնական միջոցների եւ վերանորոգման աշխատանքների վրա կատարված փաստացի ծախսերը սահմանվել են 155.08 մլն դրամ, սակայն ըստ ներկայացրած փաստաթղթերի՝ 2013թ.-ը ներառյալ, կազմել է 61.9 մլն դրամ:
Ինչպես արձանագրվել էր նախորդ վերահսկողության արդյունքում, այս անգամ եւս չեն ապահովվել բաժնետոմսերի ձեռք բերման պայմանագրերով Հիմնադրամի եւ ընկերությունների կողմից երաշխավորված նվազագույն հիմնական գործառնական եւ ֆինանսական ցուցանիշները:
Երեկ «Ժողովուրդ»-ը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից փորձեց մեկնաբանություն ստանալ ՎՊ-ի արձանագրած խախտումների, գյուղատնտեսության ոլորտում առկա մի շարք բացթողումների վերաբերյալ: Նախարարը, սակայն, մեր հարցադրումներին արձագանքեց բավականին կոպիտ կերպով. «Այսօր բյուջե ենք քննարկում, ի՞նչ եք հարցեր տալիս, մեջ ընկնում: Թողե՛ք աշխատենք»: Այսպես՝ շատ համառելու պարագայում անգամ Սերգո Կարապետյանից այդպես էլ որեւէ մեկնաբանություն հնարավոր չեղավ ստանալ:
Իսկ նրա մամուլի խոսնակ Անի Սմբատյանն էլ Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումների վերաբերյալ մեկնաբանություն անելը համարեց իրենց կոմպետենտությունից դուրս: «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) պարտավորությունների շրջանակում է այդ հարցերի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անելը»,- ասաց մամուլի խոսնակը:
Մինչդեռ իրականում այդ հիմնադրամը, որին Հայաստանն անդամակցում է 1993 թվականից, ՄԱԿ-ի ոչ քաղաքականացված կազմակերպությունն է, որի հիմնական նպատակն է գյուղական բնակչության շրջանում չքավորության դեմ պայքարը: Հիշեցնենք, որ գյուղատնտեսության ոլորտի գլխավոր պատասխանատվությունը կրում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը եւ անձամբ նախարարը:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ԱՆՕԳՈՒՏ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Իջեւանի Ներսես Շնորհալի եկեղեցու հարակից տարածքում գյուղատնտեսական մթերքների բացօթյա վաճառք է կատարվում: Թեեւ Իջեւանի շուկան ընդամենը 70 մետր հեռավորությամբ է գտնվում, սակայն Իջեւանի տարածաշրջանի գյուղերի որոշ բնակիչներ գերադասում են այդտեղ իրացնել իրենց մթերքները: Դրանից քիչ հեռու՝ գետափնա փողոցում, խանութների տերերն իրենց տարատեսակ ապրանքները՝ շորեր, կոշիկներ, հեծանիվներ եւ այլն, ցուցադրում են փողոցում՝ նեղացնելով ավտոմեքենաների եւ մարդկանց տեղաշարժի համար նախատեսված ճանապարհը:
Այս կապակցությամբ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը գրություններ է ուղարկել ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանին` հայտնելով, որ քաղաքի կենտրոնական փողոցների մայթերին ավելացել է առանց համապատասխան թույլտվության գյուղմթերքներ վաճառողների թիվը: Քաղաքապետը հայտնել է, որ ըստ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի՝ բացօթյա առեւտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերեր, թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղեւնիների եւ սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում՝ հանքային, հյութերի եւ զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առեւտուրը:
Իջեւան համայնքի ավագանու որոշմամբ 2014 թվականի համար համայնքի տարածքում բացօթյա առեւտուր կազմակերպելու թույլտվության տուրքը սահմանվել է յուրաքանչյուր օրը 1քմ մետրի համար 350 դրամ: Ներկայումս քաղաքապետարանի կողմից բացօթյա առեւտրի թույլտվություն ոչ ոքի տրված չէ: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի համապատասխան քաղաքապետարանի կողմից բացօթյա առեւտուր իրականացնողների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, դրանք գտնվում են ընթացքի մեջ: Քաղաքապետը ոստիկանապետին հայտնել է նաեւ, որ ոստիկանության Իջեւանի բաժնի հետեւողական, ամենօրյա աշխատանքի շնորհիվ այս տարվա սեպտեմբերի 1-ից քաղաքի կենտրոնական փողոցներում ապօրինի, բացօթյա առեւտուր կատարողները տեղափոխվեցին քաղաքային շուկա, սակայն վերջին օրերին քաղաքի կենտրոնական փողոցների մայթերին ավելացել է գյուղմթերքներ վաճառողների քանակը:
Ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը քաղաքապետին պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ ՏԻՄ օրենքի համաձայն՝ համայնքի ղեկավարն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում վերահսկողություն է իրականացնում առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների նկատմամբ, քննում ոչ սահմանված վայրում առեւտուր իրականացնելու համար նախատեսված վարչական իրավախախատումների վերաբերյալ գործերը: Ոստիկանապետը նաեւ հայտնել է, որ բաժնի աշխատողները «անհրաժեշտության դեպքում կաջակցեն հասարակական կարգի պահպանմանը»: Իսկ բացօթյա առեւտուրն Իջեւանի կենտրոնում շարունակվում է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս