Հարկային ոլորտի կիսամյակային ցուցանիշները՝ ՊԵԿ-բիզնես գործընկերային երկխոսության արդյունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 52.5 մլրդ-ով

2021 թվականի 1-ին կիսամյակի պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով  փաստացի մուտքերը կազմել են 750.2 մլրդ դրամ: Կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված ծրագրային ցուցանիշը սահմանված է եղել 697.7 մլրդ. դրամ, այսինքն՝ գերակատարումը կազմել է 52.5 մլրդ դրամ կամ 7.5%:

2020թ. նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 680.3 մլրդ. դրամ, 2019թ-ին՝ 713.4 մլրդ. դրամ, իսկ 2018թ-ին՝ 572.9 մլրդ. դրամ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 69.9 մլրդ. դրամով կամ 10.3%-ով, 2019թ. հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 36.8 մլրդ. դրամ կամ 5.2%, 2018թ. հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 177.3 մլրդ. դրամ կամ 30.9%:

Հավաքագրված եկամուտների մեջ իր ազդեցությունն ունի դրոշմանիշային վճարների գծով կատարված օրենսդրական փոփոխությունը: Արդյունքում՝ 2021թ. 1-ին կիսամյակում 2020թ. հունվար-հունիս ամիսների համեմատ ավել է հավաքագրվել 9.2 մլրդ. դրամ դրոշմանիշային վճար, 2019թ. հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 9.4 մլրդ. դրամ, իսկ 2018թ. համեմատ 10.0 մլրդ դրամ:

2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հավաքագրված գումարներից հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 83.8 մլրդ դրամ: 2020թ. հունվար-հունիս ամիսների համեմատ աճը կազմել է 18.5 մլրդ. դրամ կամ 28.3%, 2019թ. հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 31.6 մլրդ. դրամ կամ 60.7% և 2018թ. հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 34.8 մլրդ. դրամ կամ 71.0%:

Գերավճարների դինամիկան

        2021թ. հուլիսի 1-ի դրությամբ պետության պարտքը հարկ վճարողների հանդեպ կազմել է 67.1 մլրդ. դրամ: Ընդ որում՝ նշված գումարից 64.9 մլրդ. դրամը բաժին է ընկնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի դեբետային գումարներին: Նույն ցուցանիշը 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 72.7 մլրդ. դրամ, 2019թ. հուլիսի 1-ի դրությամբ 146.4 մլրդ. դրամ և 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ 186.4 մլրդ. դրամ:  ՊԵԿ-ը մշտական աշխատանքներ է տանում պետության պարտքը հարկ վճարողների հանդեպ նվազեցնելու ուղղությամբ: Մասնավորապես, 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներից է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրության շրջանակներում առաջացած գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի վերադարձը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի միասնական հաշվին: Հայաստանի կառավարության այս տարվա մայիս 20-ի որոշմամբ, ՀՀ պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում հաշվառված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա 4.1 մլրդ դրամ գերավճարը վերադարձվել է 29,306 կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի միասնական հաշվին:

Հարկային ոլորտում իրականացված ստուգումները

2021 թվականի առաջին կիսամյակում հարկային մարմնի կողմից անցկացվել է 10893 թեմատիկ ստուգում, որոնցով արձանագրվել է լրացուցիչ բյուջե վճարման ենթակա 1.6 մլրդ. դրամ պարտավորություն, այդ թվում․

ա) հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության 9582 ստուգումներ – արձանագրվել է 1.1 մլրդ. դրամ,

բ) աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու և (կամ) սահմանված ժամկետում աշխատողի համար գրանցման հայտ չներկայացնելու ճշտության 486 ստուգումներ. արձանագրվել է 0.1 մլրդ. դրամ,

գ) ակցիզային դրոշմանիշների և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտության 255 ստուգումներ. արձանագրվել է 0.2 մլրդ դրամ։

դ) թեմատիկ համակցված 570 ստուգումներ. արձանագրվել է 0.2 մլրդ. դրամ։

Վերլուծական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հարկերը թերհայտարարագրելու և չհայտարարագրելու դեպքեր

Կամերալ ուսումնասիրությունների և վերլուծությունների մասով (այդ թվում հաշվարկներ չներկայացնողներ և իրազեկումներ) գնահատվել և առկա ռիսկերի վերաբերյալ շտկումներ կատարելու նպատակով ծանուցվել է շուրջ 74 հազար հարկ վճարող, որի արդյունքում հայտարարագրվել է 11 մլրդ. դրամ  լրացուցիչ հարկ և հարկային վնասը պակասել է 1.2 մլրդ դրամի չափով:

Ռիսկերի և հարկերը թերհայտարարագրելու (նաև չհայտարարագրելու) վերաբերյալ ռիսկերին հարկ վճարողների կողմից չարձագանքելու արդյունքում կազմվել է 26782 նախնական հաշվարկ (այդ թվում՝ նաև ֆիզիկական անձանց մասով), որոնցով հաշվարկված հարկի ընդհանուր գումարը կազմել է 11.1 մլրդ. դրամ:

      Քաղաքացիներին ու հարկ վճարողներին տրամադրված ծառայությունները

      2021 թվականի 1-ին կիսամյակում ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման  վարչության գործառույթների շրջանակներում հարկ վճարողներին և քաղաքացիներին մատուցվել են  շուրջ 230 հազար ծառայություններ։ Մասնավորապես.

-հարկ վճարողին հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կիրառության, ինչպես նաև հարկային մարմնի և հարկային մարմնի պաշտոնատար անձանց պարտականությունների, լիազորությունների և գործողությունների մասին տեղեկության տրամադրում ՝ 81 հազար,

– ԵՏՄ հայտարարությունների հաստատում (մերժում)՝ 59 հազար,

-ՀՀ հարկային օրենսգիրքի 160-րդ և 160.1-րդ հոդվածների համաձայն վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիփոթեքային վարկի մասով վճարված տոկոսների գումարների, ինչպես նաև վճարված եկամտային հարկի գումարից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վերադարձի դիմումների ընդունում և եզրակացությունների կազմում՝ 24 հազար,

– հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքների տրամադրում, հաշվետվությունների հաստատում, հաշվառման վերաբերյալ տեղեկանքների հաստատում և տրամադրում հարկ վճարողին, հարկ վճարողների անձնագրային տվյալների փոփոխում, անհատական հաշվի քաղվածքների տրամադրում՝ 20 հազար,

– հարկ վճարողի կամ հարկային գործակալի կողմից Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկների՝ էլեկտրոնային եղանակով ներկայացումն ապահովելու նպատակով էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագրերի կնքում, առցանց լիազորների գրանցում և այլն՝ 19 հազար,

– սպասարկման և հաշվառման այլ ծառայությունների մատուցում՝ 27 հազար:

Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի կողմից կայացված որոշումների շուրջ 48 տոկոսը կայացվել է հօգուտ հարկ վճարողների

2021թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում քննության է առնվել և կայացվել է որոշում 1009 դիմում-բողոքների մասով: 2021 թվականին կայացված որոշումներով բավարարվել է 456-ը կամ 45․2%-ը, մասնակի բավարարվել է 31-ը կամ 3.1%-ը, կարճվել 110 դիմում-բողոք, ինչը կազմում է ընդհանուրի 10․9%-ը, մերժվել է 410 դիմում-բողոք կամ 40.6%-ը, իսկ 2 դեպքով վարչական վարույթը կասեցվել է:

Ըստ էության, հանձնաժողովի կողմից կայացված որոշումների շուրջ 48 տոկոսը կայացվել է հօգուտ հարկ վճարողների:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքներն ու ՊԵԿ-ի իրականացրած չեզոքացման միջոցառումները

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ՀՀ կառավարության որոշմամբ դեռևս 2020թ. հաստատվել էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը: Ընդ որում՝ որոշմամբ միջոցառման շրջանակում շահառու հանդիսանալու ժամանակահատվածը ներառում էր 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի մարտ ամիսը:

2021 թվականի հունիսի 24-ի թիվ 1051-Լ որոշմամբ կատարվեց փոփոխություն այդ որոշման մեջ, որով կացության կազմակերպման և զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեության, տեղերի ամրագրման և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայությունների գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար միջոցառման շահառու հանդիսանալու ժամանակահատվածը երկարաձգվեց մինչև այս տարվա հունիս ամիսը ներառյալ:

Արդյունքում, հարկային մարմնի կողմից 2021թ. 1-ին կիսամյակում քսաներեքերորդ միջոցառման շրջանակում 1216 տնտեսավարող սուբյեկտի վճարվել է շուրջ 3.2 մլրդ. դրամ աջակցության գումար:

Այս տարվա 1-ին կիսամյակի արդյունքներով աշխատատեղերի գծով հայտարարագրված միջին ամսական եկամուտը գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը

2021թ. 1-ին կիսամյակի արդյունքներով եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը կազմել է շուրջ 621 հազար, ինչը 2020թ. համադրելի ժամանակաշրջանի նույն ցուցանիշից ավել է 22.6 հազարով, 2019թ. հունվար-հունիս ամիսներին արձանագրված ցուցանիշից 34.6 հազարով և 2018թ-ի 1-ին կիսամյակի համադրելի ցուցանիշից 83.2 հազարով:

2021թ. 1-ին կիսամյակի արդյունքներով աշխատատեղերի գծով հայտարարագրված միջին ամսական եկամուտը (հարկման բազան) կազմել է 131 մլրդ. դրամ, ինչը գերազանցում է 2020թ. 1-ին կիսամյակի նույն ցուցանիշին՝ 10.5%-ով, 2019թ. 1-ին կիսամյակի նույն ցուցանիշին՝ 21.4%-ով և 2018թ. 1-ին կիսամյակի նույն ցուցանիշին՝ 40%-ով:

2021թ. 1-ին կիսամյակում ավելացել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը՝ կազմելով շուրջ 210 հազար դրամ: 2020թ. 1-ին կիսամյակի նույն ցուցանիշը կազմել է շուրջ 198 հազար դրամ, 2019թ-ինը՝ 184 հազար դրամ, 2018թ-ինը՝ 174 հազար դրամ:




Լրահոս