«ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ՍԱԴՈՄԱԶՈԽԻՍՏ ԼԻՆԵԼ»
DJ Վակցինան, նույն ինքը՝ Արուսիկ Մկրտչյանը, տեւական ժամանակ է՝ դիջեյությանը զուգահեռ զբաղվում է հասարակական ակտիվ գործունեությամբ: Այս ոչ ստանդարտ կնոջ կերպարը կարող էր հայտնվել քաղաքական դաշտում, անգամ ունեցել է նման ծրագրեր, սակայն հետագայում մտափոխվել է:
-Դիջեյների «մաֆիան», ոլորտի խոչընդոտները հաղթահարելուց հետո հասաք որոշակի բարձունքի եւ, կարծես, չեք ուզում զիջել Ձեր դիրքերը:
-Թեեւ ակումբային երաժշտության ոլորտը Երեւանում բավական պասիվացել է, ինձ հաճախ կարելի է տեսնել դիջեյական վահանակի առջեւ տարբեր փակ փարթիների, կոորպորատիվների, նաեւ մեր քաղաքին առնչվող միջոցառումների ժամանակ: Երեւանի դիջեյներից ամենաակտիվը երեւի թե դեռեւս ես եմ:
-Հակառաբիս քարոզելու Ձեր փորձերն այս տարիների ընթացքում հաջողությամբ պսակվեցի՞ն:
-Այո՛, շատ ռադիոկայաններ, օրինակ, անցան ակումբային երաժշտության, ռադիոյի հետ կապված իմ ծրագիրն էլ նպաստեց, որ ակումբային երաժշտության պահանջարկը Հայաստանում բարձրանա:
– Դուք բազմիցս ցուցաբերել եք հասարակական ակտիվություն, մասնակցել եք տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիային, մեկ այլ խնդրով դիմել եք ոստիկանապետին եւ այլն… Հիմա Հայաստանում կա՞ սոցիալական խնդիր, որը Ձեզ մտահոգում է:
-Այո՛, վերջերս միացել եմ հղի կանանց բողոքի ակցիային, նրանց, ովքեր կառավարությունից պահանջում են հետ կանչել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Եվ, չնայած ինքս խոցելի խմբում չեմ, այդ հարցն ինձ մտահոգում է: Զբաղվում եմ նաեւ դոնորությանն առնչվող ծրագրերով, մասնակցում եմ ծխախոտի ու թմրամիջոցների դեմ ակցիաներին, շարունակվում են նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումները:
-Առողջապահության նախարարությունը երբեւէ արձագանքել է Ձեր այդ նախաձեռնություններին:
-Ես՝ որպես դոնորությունը քաջալերող ակտիվ հասարակական գործիչ, զուտ մի շնորհակալագիր եմ ստացել նախարարությունից ու արյունաբանական կենտրոնից: Ինքս աշխատանքն անում եմ առանց արձագանքի ակնկալիքի:
-Հասարակական ակտիվ գործիչներից շատերը որոշ ժամանակ անց մտնում են նաեւ քաղաքական դաշտ: Դուք նման ծրագրեր չունե՞ք:
-Նման շանս ժամանակին ունեցել եմ, այնպես չէ, որ ինձ համար բարդ կլիներ ինչ-որ առումով մուտք գործել այդ ոլորտ, կարելի էր սկսել ցածր աստիճաններից եւ ժամանակի ընթացքում բարձրանալ: Ինչ-որ ժամանակ անգամ ունեի նմանատիպ ծրագրեր, բայց հետո, հայտնվելով ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող մարդկանց շրջապատում, ես հիասթափվեցի այդ ողջ կեղտից ու շողոքորթությունից, շատ զզվելի տեսարանների ականատես եղա. ինքս չեմ կարող այդ կերպ ապրել: Իսկ քաղաքական դաշտում գոյատեւելու համար պետք է այդ հատկանիշները կիրառես:
-Հիշեցի մի առիթով Ձեր հնչեցրած միտքը, ըստ որի՝ կրոնն ու կուսակցությունները մարդկության թշնամիներն են:
-Այո՛, որովհետեւ աշխատում են «Բաժանի՛ր եւ տիրի՛ր» սկզբունքով, որը, կարծում եմ՝ միշտ մարդկությանը ի վնաս է ծառայեցվում:
-Ձեզ պես ոչ ստանդարտ կին ընդունելու եւ Ձեր տեսակի հետ հարմարվելու գործընթացը ո՞ր փուլում է, ըստ Ձեզ՝ հանրության համար Դուք ընկալելի եւ ընդունելի կերպա՞ր եք:
-Ինձ համար շատ ցավալի իրադարձություններ են եղել, բայց ես պայքարել եմ դրանց դեմ: Իմ կերպարն, օրինակ, կարող է ինչ-որ տղամարդու դուր չգալ, բայց պետք է ասեմ, որ ինձ հաճույք են պատճառում իմ տեսակը մարսելու նրանց փորձերը, դա շատ ծիծաղելի է, ես կարող եմ սադոմազոխիստ լինել (ծիծաղում է):
-Տարիներ առաջ նշել էիք, որ 28-29 տարեկանում պլանավորում եք ամուսնանալ, հիմա արդեն 28 եք, չե՞ք պատրաստվում կյանքի կոչել Ձեր ծրագիրը:
-Այդպիսի բա՞ն եմ ասել (ծիծաղում է): Իմ պլաններում կա ամուսնությունը, բայց դա տեղի կունենա կյանքի մի շատ կարեւոր էտապ անցնելուց հետո՝ երկու տարուց ոչ շուտ: Հիմա առաջ գնացող ծրագրեր ունեմ, եւ անձնականի համար ժամանակ չկա: Կարծում եմ՝ 30-ից հետո կմտածեմ ամուսնության մասին:
-Բայց առանց տղամարդու դժվար չէ՞:
-Ինձ համար միշտ առանց տղամարդու ավելի հեշտ է եղել, իսկ նրա հետ ունեցել եմ խնդիրներ, անիմաստ կերպով ծախսել եմ էներգիաս: Չեմ էլ հիշում՝ վերջին անգամ երբ եմ լուրջ հարաբերություններ ունեցել. միշտ խուսափել եմ դրանցից, հատկապես՝ վերջին շրջանում: Ամեն դեպքում՝ ես ընտրելու եմ այնպիսի տղամարդու, ով չի խուսափի ուժեղ կին ունենալուց:
-Իսկ երկրորդ բալիկի մասին մտածու՞մ եք:
-Երբ անցնեմ իմ նշած կարեւոր էտապը, կմտածեմ այդ մասին: Շատ-շատ եմ երազում երկրորդ բալիկի մասին:
ՍԻՐՈՒՇՈՅԻ ՄԵԿ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ԳՈՒՄԱՐՈՎ՝ ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄ
«Վերջերս մի բարձրաստիճան մշակութային գործչի բացատրում էի, թե ինչպես պետք է ոլորտի քաղաքականություն վարել, եւ գիտե՞ք, թե նա ինձ ինչ պատասխանեց. ասաց՝ Էդգա՛ր, թո՛ղ, սա կորած ազգ է…»,-երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը՝ շեշտելով, թե այդպիսի անտարբեր վերաբերմունք ունեն պաշտոնյաները սեփական ժողովրդի նկատմամբ:
Նա արդեն երեք տարի է՝ ոչ մի ֆիլմ չի նկարահանել մասնավոր ներդրողների բացակայության պատճառով: «Ազգային կինոկենտրոնի հատկացրած գումարը ծախսերի կեսից քիչ մասն է կազմում: Այսօր Սիրուշոյի մի տեսահոլովակի գումարով մենք լիամետրաժ ֆիլմ ենք նկարահանում»,-նկատեց ռեժիսորը:
Էդգար Բաղդասարյանն ընդգծեց, որ հիմա մասնավոր ներդրողները գումարներ են շրջանառում հյուրանոցների, ռեստորանների, կազինոների գործունեության ոլորտում. «Օրենքը պետք է շահագրգռի ներդրողին, իր ներդրման չափի դիմաց նա պետք է ազատվի հարկերից»,-բացատրեց նա:
Կինոօպերատոր Լեւոն Աթոյանցն էլ մեզ հետ զրույցում հիշեց, որ ժամանակին, օրինակ, «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանը ցանկացել է գումարներ ներդնել կինոոլորտում, սակայն կրկնակի հարկվելու պատճառով ձեռնտու չի եղել այդ գործով զբաղվելը:
Փոխարենն այսօր մեր կինոոլորտում մեծ ներդրումներ են կատարվում այնպիսի անորակ կոմեդիաների համար, որոնք, ինչպես Էդգար Բաղդասարյանն է նկատում, Նոյեմբերյանից հեռու ամոթ է տանել.«Լուրջ սցենարով ֆիլմերիս ծանոթանալով՝ ինձ երբեմն ասում են՝ գրուզիտ մի արա. կոմեդիա են ուզում»,-ասաց ռեժիսորը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեւոն Աթոյանցն ափսոսանքով հիշեց «Հայֆիլմի» նախկին ավանդույթները: Նրա խոսքով, եթե ժամանակին ընդամենը մեկ միլիոն դոլար ներդնեին, այն հնարավոր կլիներ փրկել, իսկ այսօր արդեն կինոստուդիայից ոչինչ չի մնացել՝ ո՛չ ֆոտոարխիվը, ո՛չ մի շարք ֆիլմերի ժապավեններ, ո՛չ էլ անգամ հատակի տախտակները: Էդգար Բաղդասարյանն էլ իր հերթին մեզ հետ զրույցում նշեց, որ կինոստուդիայի վաճառքը քաղաքական ենթատեքստ ուներ. «Դեռ Քոչարյանն էր ասել, որ «Հայֆիլմը» պետք է տաք Գաֆեսճյանին, պրծավ»,-ասաց նա: Ռեժիսորի խոսքով՝ քանի որ կինոստուդիայի շենքը քաղաքից բավականաչափ հեռու է, լիովին բավարարում է խաղատան վերածվելու պայմաններին. «Բաղնիք, բորդել, կազինո. ինչ ուզեն՝ կարող են սարքել…»,-նկատեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ԵՎՍ ՄԵԿ ԱՐՏԱԳԱՂԹՈՂ
Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Գրիգորի Հակոբյանը, ով հայտնի է մի շարք մանրապատումներից, գովազդներից ու ֆիլմերից, տեղափոխվել է ԱՄՆ: «Քանի որ հարազատներս՝ քույրս ու հայրս, այստեղ են բնակվում, ես նույնպես եկա ԱՄՆ: Շատ եմ կարոտում թատրոնս ու ընկերներիս, բայց նաեւ գիտակցում եմ, որ Հայաստանում ամեն ինչ լճանում է: Մի օր հասկացա, որ ես նույնպես պետք է լքեմ Հայաստանը»,-Esem.am-ի հետ զրույցում նշել է դերասանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում նույնպես կան խնդիրներ, բայց այնտեղ կարողանում են լիարժեք ապրել, մարդկանց առջեւ բացվում են առաջ գնալու հնարավորություններ, ինչը, ցավոք, մեր երկրում բացակայում է: «Վստահ կարող եմ ասել, որ ոչ ոք լավ կյանքից չի լքում հայրենիքը եւ ապաստան գտնում օտար երկրում»,-ասել է արտագաղթած դերասանը:
«ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՇԻ»-Ն՝ ԿՐԵՄԼՈՒՄ
Մոսկվայի Կրեմլի դահլիճն օրերս վերածվել էր «երեւանյան բակի», որտեղ «գտնվող» «Աշոտի մոտ» ռեստորանում հյուրընկալվել էին ինչպես հայ, այնպես էլ՝ այլազգի հայտնի երգիչներ, դերասաններ, հումորիստներ եւ շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ: BRAVO.am-ի փոխանցմամբ՝ «Tashi-Show-2014»-ի շրջանակներում հանդիսատեսն ականատես է եղել մի ներկայացման, որի շրջանակներում Նունե Եսայանը, Միհրան Ծառուկյանը, Շուշաննա Թովմասյանը, Սոֆի Մխեյանը, Եվա Ռիվասը, Արմենչիկը, Լիլուն եւ այլք մասնակցել են հարսանիքի, նշանդրեքի, մկրտության, ծննդյան տարեդարձների եւ, իհարկե, Նոր տարվա տոնին: «Tashi-Show»-ն իրականացրել է «Euromusic Entertainment» ընկերությունը՝ «Արմենիա TV»-ի աջակցությամբ:
ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՀՂԻ՞ Է
Համացանցում լուրեր են պտտվում այն մասին, որ ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանն ու նրա ռեփեր ամուսինը՝ Քայնե Ուեսթը, կրկին ծնողներ են դառնալու: Բուռն քննարկումների պատճառ է դարձել Քիմի նոր հարցազրույցը, որի ժամանակ վերջինս հնչեցրել է հետեւյալ արտահայտությունը. «Դեռեւս չգիտեմ՝ այս անգամ էլ եմ մեկ չափս մեծ զգեստներ կրելու, թե ոչ»: Խոսակցությունների առիթ է տվել նաեւ այն հանգամանքը, որ մոդելը վերջերս կայացած տարեդարձի տոնին կտրականապես հրաժարվել է ոգելից խմիչքից:
Հայտնի է, որ Քիմն ու ամուսինը կրկին ծնողներ դառնալու ցանկություն ունեն: Հիշեցնենք, որ Քարդաշյանի եւ Ուեսթի առաջնեկը՝ Նորթը, լույս աշխարհ է եկել 2013-ի հունիսին: