«Հայկական կամուրջներ» ցուցահանդեսը հետաքրքիր բացահայտումներ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» ոլորտի առաջատարներից մեկը լինելով հանդերձ՝ միայն ակտիվ եւ արդյունավետ տնտեսական գործունեություն ծավալելով չի սահմանափակվում: Բանկը պարբերաբար հանդես է գալիս ոչ միայն ամենատարբեր բարեգործական ծրագրերով, այլեւ բազմազան մշակութային նախաձեռնություններ է հովանավորում: Դրանցից հերթականը տեղի ունեցավ երեկ Հովհ. Թումանյանի անվան թանգարանի մեծ դահլիճում, որտեղ ճարտարապետ եւ հնագետ Սամվել Կարապետյանը ներկայացրեց տարիների ընթացքում իր կողմից լուսանկարված հայկական լեռնաշխարհում գտնվող ամենատարբեր կամուրջների ցուցադրությունը:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Պետրոսյանն այս խիստ ուշագրավ ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ նշեց, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել ու սիրել մեր երկիրը, մեր ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգությունը: Բանախոսի գնահատմամբ՝ ցուցահանդեսը հայոց պատմության՝ համեմատաբար քիչ լուսաբանված էջերը հանրամատչելի դարձնելու, ինչպես նաեւ դաստիարակչական ու ճանաչողական առաքելություն ունի: Արսեն Պետրոսյանը հիշեցրեց, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» նման ձեռնարկներ էլի է հովանավորել, ու խոստացավ, որ մեր հասարակությունն առաջիկայում նույնպես ցուցահանդեսների եւ մշակութային միջոցառումների մասնակիցը դառնալու հնարավորություն հաճախ է ունենալու:

Սամվել Կարապետյանի ցուցադրությունում թեեւ մի քանի տասնյակ լուսանկար է ներկայացված, բայց ինչպես նշեց նա՝ դրանք ամբողջացնում են հանրահայտ մի քանի կետերի երկայնքի տարբեր հատվածներում տարբեր ժամանակներում կառուցված շինությունները: Մինչեւ հիմա պահպանված կամուրջ կա, որը 2800 տարվա հնություն ունի: Պահպանված կամուրջների շարքում, սակայն, առավել շատ են մի քանի հարյուր տարվա հնություն ունեցողները: Այնպես է ստացվել, որ հայկական լեռնաշխարհում դրանք խմբավորված են, ու մի մասն Արաքս գետի կամ Արածանիի երկայնքով են կառուցվել, մյուսներն Արցախում են կամ Տավուշում: Ս. Կարապետյանն ուսումնասիրությունների ընթացքում պարզել է, որ որոշ շինություններ ժամանակին ոչ միայն գյուղեր են իրար միացրել, այլեւ նույնիսկ խոշոր գավառներ:

Հայկական հուշարձանների հիմնադրամի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ» աջակցության եւ հովանավորության համար, նշեց՝ սա առաջին առիթն է, երբ ցուցահանդես է հովանավորվում: Կազմակերպիչները նաեւ իրենց գոհունակությունը հայտնեցին թանգարանի տնօրինությանը, ում հյուրընկալ հարկի տակ ներկայացվեց հայկական կամուրջների եւ կամրջաշինության մասին պատմող լուսանկարների շարքը:

ACBA-CREDIT AGRICOLE BANK 2

ACBA-CREDIT AGRICOLE BANK 4




Լրահոս