ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՖԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԱՀԻՃ

Հայկական շոու-բիզնեսի փոփ երգերի զգալի մասի «կնքահայր», տարիներ առաջ սերիալներում փայլատակող «պոչիկով տղան», նույն ինքը՝ երգահան, երգիչ Ռիչարդ Մադլենյանը, շուտով կրկին կհայտնվի էկրաններին, այս անգամ արդեն՝ գեղարվեստական ֆիլմերի շրջանակներում: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է նաեւ, որ որակյալ երաժշտությունը ռեալիզացնելը մնում է գերխնդիր. չէ՞ որ անգամ կառավարության անդամներն են անորակ երաժշտության ներքո պարում:

-Ռիչա՛րդ, սերիալներից հրաժարվելու հիմնական պատճառը ո՞րն էր:
-Արդեն 4 տարի է՝ եթերում չկամ. հոգնեցի անիմաստ սերիալներում տարիներով նկարահանվելուց, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ աշխատավարձերը հասել են մինիմումի, ծիծաղելի թվեր են շրջանառվում, այդ պատճառով էլ հրաժարվեցի նկարահանվելուց: Այսօր հեռուստադաշտում մոնոպոլիա է տիրում, բոլոր հեռուստաընկերությունները համարյա մեկին են պատկանում, մրցակցությունը վերացել է, ուստի դերասաններն էլ աշխատավարձերից դժգոհ լինելու դեպքում չեն կարողանում փոխել հեռուստաընկերությունը:
-Այսինքն՝ Ձեզ էկրաններին էլ չե՞նք տեսնի:
-Կտեսնեք, բայց արդեն գեղարվեստական ֆիլմերում: «LA Casting Studio»-ի հետ համագործակցելով՝ նկարահանվել եմ մի կոմեդիայում, որտեղ կերտել եմ մաֆիայի ղեկավարի կերպարը: Հանդես եմ եկել նաեւ Արա Երնջակյանի «Ժաննա դ՝Արկ» տրագիկոմեդիկ ֆիլմում, որտեղ կերտել եմ դահիճի կերպար. շատ ծիծաղելի է ստացվել: Գեղարվեստական ֆիլմերի ոլորտն արդեն ինձ համար ուրիշ նշանակություն ունի. այն ավելի լուրջ մոտեցում է պահանջում:
-«Տուրանդոտ» օպերայով նշանավորվեց Ձեր վերադարձը ոլորտ. գործունեությունը շարունակակա՞ն է:
-Այո՛, այդ օպերայում հանդես գալը լուրջ քայլ էր, հիմա էլ ակտիվորեն աշխատում ենք Լեւոն Ջավադյանի հետ, շուտով Բելառուսում կմասնակցենք մեծամասշտաբ միջազգային մրցույթի:
-Վարձատրությունից գո՞հ եք:
-Ես գոհ եմ իմ հոնորարից, հատկապես, երբ այն համեմատում եմ սերիալներից ստացված հոնորարի հետ՝ չհաշված հոգեւոր բավարարվածությունը:
-Այսինքն՝ սերիալային դաշտում հոնորարներն այդ աստիճան իջե՞լ են:
-Դե, եթե նախկինում ամենալավ դերասանն ամսական մի միլոն էր ստանում, հիմա այդ սահմանը հասել է 500 հազար դրամի: Էլ չեմ խոսում փողոցից «բռնած» անորակ դերասանների մասին, ովքեր 50-100 հազար դրամով են նկարահանվում:
-Ռիչա՛րդ, մարդիկ շատ են քննադատում Ձեր ստեղծած երաժշտության որակը, բայց գաղտնիք չէ, որ անգամ «վերին խավերը» դրա ներքո են պարում:
-Իհարկե, իսկ երբ, օրինակ, կառավարության անդամներն են անորակ երաժշտության ներքո պարում, «ներքեւի» ժողովուրդն էլ ո՞նց կարող է լուրջ բան լսել…
-Այսինքն՝ որակյալ երաժշտությունը ռեալիզացնելու խնդիրը մնում է արդիական…
-Ոչինչ չի փոխվել: Մեզ հոգեհարազատ երաժշտությունը շատ քիչ զանգված կսպառի:
-Փոփից բացի՝ այլ ոճի ստեղծագործություններ էլ ունե՞ք:
-Այո՛, կան նման գործեր, որոնք, սակայն, քիչ են պրոպագանդվում, մնում են դարակներում: Դրանք ունեն խորություն, հանրամատչելի չեն եւ հիմնականում դեռ չեն գտել իրենց տերերին, քանի որ եկամտաբեր չեն…
-Որոշակի տարիքից հետո մարդկանց մոտ ազդանշանի պես հնչում է ամուսնանալու միտքը. Ձեզ մոտ այդ պահն արդեն վրա հասե՞լ է:
-Ցավոտ հարց էր… Ինձ համար ընտանիք կազմելը երբեք գերխնդիր չի եղել: Փոխարենը նպատակ եմ ունեցել կյանքում որեւէ արժեք ստեղծել: Ընտանիք կազմելն ավտոմատ պրոցես է, որը պետք է տեղի ունենա բոլորի կյանքում, ես այդ մտքի վրա հատուկ չեմ կենտրոնանում: Իմ պատկերացմամբ՝ ընտանիքը պետք է ամուր լինի, եվրոպական արժեքներին զուգահեռ չկտրվի ազգային հիմքերից, այդ առումով ավանդական մոտեցումները գնահատում եմ: Այնուամենայնիվ, քի՞չ մարդիկ կան, որ ընտանիք չունեն, բայց պիտանի անձիք են:
-Իսկ մինչեւ հիմա ի՞նչ արժեք եք թողել:
-Որ ասեմ՝ իմ գործունեության արդյունքում ինչ-որ արժեք եմ թողել՝ սուտ կլինի. փոփը մեռնող երաժշտություն է, թեեւ չեմ բացառում, որ կարող են որոշ բաներ մնալ… Երեւի դեռ պետք է կյանք ապրել՝ որեւէ բան թողնելու համար, հուսով եմ՝ կհաջողվի:

 

 

 

ՀԱՍՄԻԿԸ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԴԱՌՆԱԼ

Երկու օր առաջ ողջ համացանցը ողողվեց շոկային մի լուրով, որին շատերը նախընտրում էին չհավատալ: Սիրված դերասանուհու՝ Հասմիկ Ղարիբյանի՝ Կարգին Հասոյի մահվան բոթը չափազանց անսպասելի էր բոլորի համար, անգամ նրանց, ովքեր տեղյակ էին, որ Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասանուհին քաղցկեղ ուներ…

Դերասան Ռաֆայել Երանոսյանը, ով Հասմիկի հետ աշխատել է մի շարք նախագծերի շրջանակներում, «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ ինքը դերասանուհու հիվանդության մասին իմացել էր դեռեւս մեկ տարի առաջ՝ ԱՄՆ-ում. «Նրա ամուսինն էր ասել ինձ այդ մասին, բայց ես անգամ ինքս ինձ դա չէի խոստովանում: Մեկ ամիս առաջ ես եւ Անդրանիկ Հարությունյանը փորձեցինք հանդիպել Հասմիկին, բայց մեզ ասացին, որ նա հոգնած է, չի կարող տեսնվել…Երեւի բարին հենց դա էր. նա մեր հիշողություններում մնաց որպես պայծառ ու կենսուրախ մարդ»,-նշեց Ռաֆայելը:
Երգիչ Արամ MP3-ն էլ սիրով է հիշում Հասմիկին բնորոշ արարքները, նա փաստում է, որ դերասանուհու՝ որեւէ միջավայրում հայտնվելուց հետո մթնոլորտն ամբողջովին փոխվում էր, նա այն մարդն էր, ով կարողանում էր դիմացինին ուրախացնել ոչ միայն էկրաններից, այլեւ իրական կյանքում. «Նաեւ շատ անմիջական էր, կարող էր մտնել սենյակ, ասել. «Իյա՜, էսօր էս ինչ անճաշակ զգեստ ես հագել»: Բայց ոչ ոք նրանից չէր նեղանում…»,-հիշեց երգիչը:
«Երկու աստղ» հեռուստանախագծի շրջանակներում նրա հետ զույգ կազմած երգիչ Միստր Իքսը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ Հասմիկը հրաշալի կերպարանափոխվել գիտեր. ««Երկու աստղ»-ի շրջանակներում միասին կատարեցինք Ալեխանդրո Սանսի եւ Շակիրայի զուգերգը, որը ֆուրոր էր. Հասմիկի կերտած Շակիրան ավելի ուժեղ էր…»,-պատմեց Միստր Իքսը՝ հավելելով, որ Հասմիկն իսկական բեմի մարդ էր:
Երգիչը պատմեց նաեւ դերասանուհու մեծ նպատակի մասին. «Մեծ երազանք ուներ. ուզում էր հոլիվուդյան դերասանուհի դառնալ, ես ասում էի՝ դժվար է, իսկ ինքը պատասխանում էր, որ կարող է…»,-հիշեց Միստր Իքսը:
Կա մի հատկություն, որի մասին փաստում են Հասմիկի բոլոր ընկերները. նա ուներ դրական էներգիայի հսկայական պաշար, որի շնորհիվ հաճախ ստանձնում էր հաշտարարի դեր, թույլ չէր տալիս, որ իր շրջապատում մարդիկ երբեւէ վիճեն…
«Ժողովուրդը» միանում է Հասմիկ Ղարիբյանի հարազատներին եւ ընկերներին ուղղված ցավակցություններին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՏՆԻ Է «X-Factor 3»-Ը

«Շանթ»-ի եթերում նոյեմբերի 2-ին հնչել է «X-Factor 3»-ի հաղթողի անունը: Նա Անդրեի թիմից է: Ի դեպ, նախագծի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ փուլում հայտնվել էին մարզիչներից միայն մեկի թիմի անդամները: Այսպիսով՝ «Իքս ֆակտոր» է դարձել Վահե Մարգարյանը: Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլում հայտնվել էին Նարեկ Վարդանյանը, Վահե Մարգարյանը եւ Հայկ Հունանյանը: Ի դեպ, Վահեի եւ Նարեկի օգտին քվերակության արդյունքների տարբերությունը չնչին է եղել, ուստի «Շանթ»-ը որոշել է երկուսին էլ պարգեւատրել հատուկ մրցանակով: Նրանք միասին կմեկնեն Լոնդոն, կհանդիպեն աշխարհահռչակ պրոդյուսեր Simon Cowell-ի հետ եւ կձայնագրվեն «Sony entertainment» ստուդիայում:

 

ՎԱՏ Է ԶԳԱՑԵԼ

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ նոյեմբերի 2-ին, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի, բազմաթիվ սերիալներից հանդիսատեսին քաջ հայտնի Լուիզա Ղամբարյանի ինքնազգացողությունը վատացել է: Esem.am-ի հետ զրույցում նա նշել է, որ արդեն իրեն լավ է զգում. «Ամեն ինչ լավ է, պարզապես ապրումների մեջ էի ընկել: Նկարահանման հրապարակում մասսայական տեսարան էր, զգացի, որ ինձ վատ եմ զգում, խնդրեցի դադարեցնել աշխատանքը: Տեղում շտապ օգնության աշխատակիցներ էլ կային, ճնշումս չափեցին, ամեն բան կարգին էր, ուղղակի շատ հուզված էի»,-պատմել է Լուիզան:

 

ՖՐԻՍԿԵՆ ԽՈՍԵԼ Է

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն Մոսկվա վերադառնալուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել: Նա հեռախոսով պատմել է, թե ինչպես էր պայքարում՝ իր կյանքը փրկելու համար:
«Դեռ վերջնականապես չեմ բուժվել, բայց ինձ ավելի լավ եմ զգում, շատ շնորհակալ եմ»,-ասել է երգչուհին: Նրա խոսքով՝ երբ ինքն ամբողջովին ապաքինվի, կվերադառնա եւ կսկսի աշխատել:
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ Ժաննա Ֆրիսկեն պայքարում է քաղցկեղի դեմ: Նախ՝ նա բուժումներ էր ստանում ԱՄՆ-ում, ապա՝ մեկնել էր Չինաստան, որտեղ բուժվում էր ոչ ավանդական մեթոդներով: Ըստ բժիշկների՝ իրենց հաջողվել է դրական արդյունք ստանալ:

 




Լրահոս