Հրավերը՝ Գագիկ Ծառուկյանից, հանդիպումը՝ վերակազմյալ ՍԴՀԿ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան (ՎՍԴՀԿ) կուսակցության ղեկավար, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն օրերս հանդիպում է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ այդ հանդիպումը եղել է Գ. Ծառուկյանի հրավերով, որի ժամանակ ընթացիկ քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր են քննարկվել:

-Տիկի՛ն Սարգսյան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումն ի՞նչ նպատակ է ունեցել: Հրավերը եղել է ԲՀԿ առաջնորդի կողմի՞ց, թե՞ նախաձեռնությունը Ձերն է եղել:

-Հրավեր է եղել, ու հանդիպել ենք, բայց ոչ թե ես անձնապես, այլ ՎՍԴՀԿ ղեկավար մարմինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի հետ:

-Այսինքն՝ հանդիպման հրավերը եղել է Գ. Ծառուկյանի կողմի՞ց:

-Հրավերը պարոն Ծառուկյանի կողմից դեռ մեկ ամիս առաջ էր հնչել, ուղղակի տեխնիկապես այդ հանդիպումը չէր ստացվում, իսկ արդեն մի քանի օր առաջ այդ հանդիպումը եղել է:

-Իսկ ինչո՞ւ էր ցանկանում Գ. Ծառուկյանը հանդիպել Ձեզ հետ, ի՞նչ եք քննարկել այդ հանդիպման ժամանակ:

-Սա նախ եւ առաջ պրոտոկոլային հանդիպում էր երկու կուսակցությունների միջեւ: Նախ` ճանաչողական հանդիպում էր, մենք անձնապես ծանոթ չէինք, ու ես դա դրական եմ գնահատում: Իսկ թե ինչ է քննարկվել, գաղտնիք չէ. քննարկվել են շարժման ընդհանուր ընթացքը, համագործակցությունը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ, կարծում եմ, որ այն, ինչ հայտարարվեց, նա փորձում է այսօր իրականություն դարձնել լայն համախմբման տեսքով: Հիմնականում նման կարգի հարցեր ենք քննարկել:

-Այսինքն՝ այսուհետ Դուք եւս լինելո՞ւ եք այն հարթակում, որտեղ եռյակն է:

-Ես ՀԱԿ խմբակցության անդամ եմ, ու այսօր այդ հանդիպումները խմբակցությունների միջեւ են, բայց եթե դա վերածվի կուսակցական ձեւաչափի, բնականաբար արդեն ՎՍԴՀԿ-ն առանձին մասնակից կլինի այդ գործընթացներին, իսկ առայժմ որպես ՀԱԿ խմբակցության անդամ կլինեմ հանրահավաքներին: Նշեմ, որ նույն ձեւաչափով մասնակցել եմ նախկին հանրահավաքներին:

-Եռյակի հանրահավաքների ժամանակ, երբ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ովքեր են միացել իրենց, Ձեր կուսակցության անունը չնշեց: Մինչդեռ ՎՍԴՀԿ-ն դեռ հոկտեմբերի10-ի հանրահավաքից առաջ էր այդ մասին հատուկ հայտարարությամբ հանդես եկել: Ձեզ համար վիրավորական չէ՞, որ ՎՍԴՀԿ-ի անունն այդպես էլ չհիշատակվեց:

-Բացարձակ որեւէ խնդիր չկա, ամենափայլուն հարաբերությունների մեջ եմ ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ անձամբ, ե՛ւ ՀԱԿ կուսակցության հետ: Ես միշտ շեշտել եմ, որ ՀԱԿ շարժումը, այժմ կուսակցությունը, ինձ համար ամենահարազատ կուսակցությունն է, ում հետ ես երկար ճանապարհ եմ անցել, ու որեւիցե խնդիր մեր միջեւ չի կարող լինել:

Քանի որ ֆորմատը խորհրդարանական խմբակցությունների ֆորմատ է, բնականաբար առանձնապես չի շեշտվել կուսակցության անունը: Իսկ եթե Դուք նկատի ունեք Ստեփան Դեմիրճյանի անունը հնչեցնելը, ապա կարող եմ ասել, որ Ս. Դեմիրճյանը տարբերվում է մեզանից նրանով, որ ընտրված նախագահ է եղել, ու բացարձակ որեւէ բան չեմ տեսնում, որ այնտեղ նրա անունը հնչեցվեց:

-Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Ս. Դեմիրճյանի կուսակցությունը միանալով եռյակին` կրկին քառյակ է ձեւավորում, բայց կարծես թե Ս. Դեմիրճյանը չի համագործակցում եռյակի հետ, նրանց հանդիպումներին չի մասնակցում: Գուցե Գ. Ծառուկյանի հետ քննարկե՞լ եք Ձեր կուսակցության միջոցով եռյակը քառյակ «դարձնելու» հարցը:

-Ո՛չ, ես կրկնում եմ, որ դեռեւս եռյակ է: Ստեփան Դեմիրճյանի անունը հնչեցվեց, բայց դա դեռեւս խորհրդարանական խմբակցությունների եռյակի ձեւաչափ է: Այնպես որ՝ այստեղ 4-րդի հարց չկա, իսկ երբ կլինի կուսակցական ձեւաչափ, կլինի նաեւ ՀԺԿ-ն, կլինի նաեւ ՎՍԴՀԿ-ն:

Կարծում եմ, որ այդ տենդենցը կշարունակվի, ու բազմաթիվ կուսակցություններ, որոնք կմիանան, կկիսեն մեր տեսակետը համաժողովրդական շարժման նպատակների եւ ճանապարհային քարտեզի մասով, բնականաբար բոլորն էլ կլինեն այդ շարժման մեջ: Կարծում եմ, որ այստեղ հանդուրժողականության մթնոլորտը շատ կարեւոր է, իսկ նպատակն արդարացնում է միջոցները:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս