ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՃԸ
2013թ. դեկտեմվերի 4-ին Արաբկիր վարչական շրջանը դատի է տվել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արագած Ախոյանին՝ պահանջելով պատգամավորից հօգուտ վարչական շրջանի գանձել 436 հազար 476 դրամ:
Ինչ վեճ են ունեցել Երեւան համայնքն ու ԲՀԿ-ական պատգամավորը, որ գործն հասել է դատարան: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Երեւան համայնքի անունից Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Արագած Ախոյանի` խնդրելով պատգամավորից հօգուտ Երեւան համայնքի բյուջեի բռնագանձել 436 հազար դրամ, ինչպես նաեւ՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Նշենք, որ բացի այս պահանջից՝ Երեւան համայնքը վարչական դատարան է ներկայացրել ՀՀ ոստիկանության՝ 2013թ. սեպտեմբերի 29-ի գույքահարկի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը:
Իսկ ինչ պատճառաբանությամբ ու հիմնավորմամբ է վարչական շրջանը պատգամավորից գումար պահանջում:
Պարզվում է՝ Արագած Ախոյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «TOYOTA-LC 200 4.7» մակնիշի 02 NN 008 պետհամարանիշով ավտոմեքենայի համար ունի գույքահարկի չկատարված եւ ժամկետանց պարտավորություններ:
Ախոյանը 2010-ից 2012 թվականների համար համայնքի բյուջե պետք է վճարեր 282 հազար դրամ գույքահարկ, ինչպես նաեւ՝ 154 հազար դրամ տույժ:
Դատական նիստի մասին պատգամավորին ծանուցել են, սակայն նա նիստին չի ներկայացել: Ախոյանը գրավոր կարգով հայցի դեմ առարկություն կամ պատասխան չի ներկայացրել: Իսկ վարչական դատարանն էլ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասով, ըստ որի՝ դատական նիստի ժամանակ վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար, գործի քննությունն անցկացրել է առանց ԲՀԿ-ական պատգամավորի մասնակցության:
Շուրջ 6 ամիս տեւած քննության ընթացքում Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից տրված տեղեկանքով հիմնավորվել է, որ Արագած Ախոյանը չի կատարել «TOYOTA-LC 200 4.7» մակնիշի 02 NN 008 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի գծով պարտավորությունները եւ վերջինիս պարտավորությունները:
Արդյունքում՝ 2014թ. հունիսի 24-ին ՀՀ վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Արթուր Ծատուրյանի, որոշել է բավարարել Երեւան համայնքի պահանջը` Արագած Ախոյանից 436 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն ասաց, որ նշված մեքենան վաճառել է այլ մարդու, եւ տվյալ անձնավորությունը պետք է մեքենայի գույքահարկի գծով հարկային պարտավորություններն իրականացնի. «Մենք այդ մեքենան վաղուց վաճառել ենք մեկ այլ մարդու, եւ ըստ օրենքի՝ մեքենայի վերջին ձեռք բերողը պետք է մեքնայի գույքահարկի գծով հարկային պարտավորություններն իրականացնի»: Հարցին, թե ի վերջո դատարանը պարտավորեցրե՞լ է իրեն վճարել պարտքը, նա պատասխանեց. «Մեր տանը տղաս կամ աղջիկս են զբաղվել այդ հարցով, կարծում եմ, որ վճարել են, տեղյակ չեմ, կարող է նաեւ ունենան պայմանավորվածություն վճարման հետ կապված»:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 4-ին հենց Արաբկիր վարչական շրջանի Գայդարի 10-22 հասցեում էր Արագած Ախոյանի որդու դեմ ավազակային հարձակում իրականացվել: Հափշտակել էին նրա բջջային հեռախոսն ու տան բանալիները: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 175-րդ հոդվածի հատկանիշներով (ավազակություն), որն ավելի ուշ կասեցվել էր` հանցագործների անձը չպարզելու պատճառով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՎՃՌԱԲԵԿԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի պաշտպանից ՀՀ վճռաբեկ դատարանը հավելյալ փաստաթղթեր է պահանջել: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար մեղավոր է ճանաչել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝ Հարություն Սարգսյանին: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա խանդի հողի վրա է կատարել սպանությունը: Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռն` անարդարացի: Նրանք առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էին վերաքննիչ քրեական դատարան: Սակայն վերաքննիչը դատավճիռը թողեց անփոփոխ: Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը վերաքննիչի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լուսինե Սահակյանն ասաց, որ ՀՀ վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել իրենց ներկայացրած փաստաթղթերը` պահանջելով գործին կցել նախադեպային որոշումները. «Մենք փաստաթղթերին կցել ենք այդ որոշումները եւ կրկին ուղարկել դատարան»: Հարցին, թե միգուցե այս ամենը պատճառ դառնա, որ ՀՀ վճառեկ դատարանը գործը վարույթ ընդունի, Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Եթե դատարանը օրենքով առաջնորդվի, անպայման այս գործը վարույթ կընդունի»:
ՏԵԳՐԸ ԾԵԾԵԼ Է ԵՂԲՈՐ ԿՆՈՋԸ
Նոյեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում տեգրը ծեծի է ենթարկել եղբոր կնոջը: Հարեւանները միջամտել են, իսկ կինը, ազատվելով տեգրոջ ծեծից, շտապել է ոստիկանություն եւ պատմել կատարվածի մասին: Ըստ ականատեսների՝ կնոջ դեմքը լուրջ վնասված է եղել: Իսկ թե ինչն է եղել կատարվածի պատճառը, մեզ առայժմ չհաջողվեց պարզել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը` հավելելով, որ հետաքննություն է ընթանում:
ԴԵՍՊԱՆԻ ՈՐԴԻՆ ԿԳՆԱ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ»
Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդին՝ 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Դավիթ Վարդանյանը, պատիժը կրելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նշենք, որ նա այժմ գտնվում է «Գորիս» ՔԿՀ-ում: Հիշեցնենք, որ 30-ամյա Դավիթ Վարդանյանը մեղադրվում է այն բանում, որ 2013թ. հոկտեմբերին Իրանում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 106 գրամ կշռով, հաշիշ տեսակի թմրամիջոց, որից 70 գրամը փաթեթավորել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, մնացածը պահել ձեռքի պայուսակում եւ փորձել մաքսանենգ ճանապարհով Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել Հայաստան:
ԳՈՒՑԵ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՆ
«Յուքոմ» ընկերության բաժանորդները երեկ ողջ օրը դժգոհում էին ինտերնետային կապի կրկնվող ընդհատումներից, որոնք երբեմն մեկ կամ երկու ժամ էին տեւում: Ինտերնետի անջատման դեպքեր նախորդ օրերին էլ է արձանագրվել, սակայն նախկինում դրանք ողջ օրվա ընթացքում չէին կրկնվում: Ուշագրավ է այն փաստը, որ «Յուքոմը» երեկ այդպես էլ հանդես չեկավ որեւէ հայտարարությամբ, որով կպարզաբաներ, թե իր կապի հետ ինչ է կատարվում, եւ ինչու պետք է մարդիկ վճարեն, բայց խոստացված ծառայությունը չստանան: Հաշվի առնելով այն փաստը, որ նշված ընկերությունը պատկանում է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին, ամենեւին էլ պատահական չէ, որ նրանց չի հետաքրքրում, թե քաղաքացիներն ինչ կարծիք ունեն իրենց գործելաոճի մասին:
ԳԱՄԵԼ Է ՈՏՔԵՐԸ
Armlur.am-ի խմբագրություն է ահազանգել «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ Արթուր Սմբատյանի մայրը՝ Ռոզա Սարդարյանը, եւ հայտարարել, որ որդին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գամել է ոտքերը: Դատապարտյալի մոր հաղորդմամբ՝ ինքը, մյուս որդին եւ ամուսինն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ ցանկանալով տեսակցել իրենց հարազատի հետ: Ավելի քան 3 ժամ սպասելուց հետո ՔԿՀ աշխատակիցները հայտնել են, որ հանդիպում չի կարող լինել, քանի որ պետն արգելել է: «Քրեակատարողականի պետը մեզ ասել էր, որ երբ Արթուրի հայրը դուրս գրվի Էրեբունու վերակենդանացման բաժանմունքից, կարող ենք Արթուրին տեսակցել, սակայն գնացինք, ու մեզ արգելեցին հանդիպել: Տղաս էլ անմիջապես մեր հեռանալուց հետո մեխել է ոտքերը ու սպառնում է, որ չի հանի, մինչեւ նախարար Հովհաննես Մանուկյանն ու պետ Արամ Խաչատրյանը նրան տեսակցության չգնան»,-պատմել է դատապարտյալի մայրը: Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Armlur.am-ի հետ զրույցում հաստատել է լուրը՝ հավելելով, որ դատապարտյալի կողմից նման քայլի դիմելն արդեն մեկ տասնյակից անցնում է, եւ նա ինքնավնասման հակում ունի:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Armlur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացել է, որ հայտնաբերվել է Զորակ գյուղի բնակչուհի Ռ. Հարությունյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարած երրորդ մասնակիցը. նա հետախուզման մեջ էր գտնվում շուրջ 5 տարի: Արարատի մարզային վարչության Մասիսի քննչական բաժնում շարունակվում է Զորակ գյուղի բնակչուհի Ռ.Հարությունյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում հայտնաբերվել եւ որպես մեղադրյալ է ներգրավվել երրորդ մասնակիցը: Վերջինս հետախուզման մեջ էր գտնվում 2009 թվականից: Ռ. Հարությունյանի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքով ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2009 թվականին: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել էր, որ Էջմիածին քաղաքի բնակիչ Վ. Ունջուղուլյանը, իր մորեղբոր որդի Մ. Լեւոնյանից 2009թ. օգոստոսի 15-ին տեղեկանալով, որ իրենց ծանոթ Ա.Հայրապետյանն Արարատի մարզի Զորակ գյուղի բնակչուհի Ռ.Հարությունյանից տոկոսով գումար է վերցրել, իսկ վերջինս շատ գումար, ոսկյա զարդեր ունի, համաձայնության են եկել ավազակությամբ դրանք հափշտակել եւ բաժանել միմյանց միջեւ:
2009թ. օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած դիմակավորված անձինք պատուհանից մուտք են գործել Ռ.Հարությունյանի տուն եւ դանակով սպառնացել նրա կյանքին ու առողջությանը, ծեծել, կպչուն ժապավենով փակել բերանը, կապել ձեռքերն ու ոտքերը, ապա հափշտակելով զգալի չափի կանխիկ գումար եւ ոսկեղեն՝ դիմել փախուստի: Խմբի անդամներից երկուսի՝ Ա.Հայրապետյանի եւ Մ.Լեւոնյանի մասով նախաքննությունն ավարտվել եւ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2009 թվականին, իսկ Վ.Ունջուղուլյանի գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով նրա վերաբերյալ մասն անջատվել էր առանձին վարույթ եւ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: