Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայաստանի քաղաքագետների միության” նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որով պատասխանում է իր ինքնաբացարկի հետ կապված հարցերին և իր վրդովմունքը հայտնում խորհրդարան՝ իր չանցնելու պատճառների և մոտեցումների կապակցությամբ։ Ներկայացնում ենք այն ստորև.
Սիրելի հայրենակիցներ՝
Ակտիվորեն մասնակցելով 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, կազմակերպելով հանրային վերահսկողության միասնական ընտրական շտաբի գործունեությունը, ես ձեր արդար քվեով ընտրվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Քաղաքակիրթ աշխարհում ընդունված ժողովրդավարական չափանիշներով պարտավոր էի տեղ զբաղեցնել հայոց խորհրդարանում: 
Սակայն մեր իրականության մեջ գործում են այլ՝ ռուսական “մալինային” բնորոշ չափանիշներ: Ընտրություններից հետո կատարվող հաշվարկները ցույց են տալիս, որ “ձայներ բերածները” ոչ թե հրապարակային քաղաքական գործիչներն են, այլ պարկերով փողեր բաժանած “ընտրյալները”:
Ձեր խոնարհ ծառան ոչ մի դրամական ներդրում չի արել ընտրությունների ընթացքում և “ճշտով” չէր լինի, եթե տեղ զբաղեցներ խորհրդարանում, որի անցյալի և ապագայի խոսնակը անկեղծորեն համարում է, թե քաղաքական գործիչ լինելը շատ ավելի հեշտ գործ է, քան բիզնեսով զբաղվելը:
Եթե ես այնքան ապաշնորհ եմ գտնվել, որ առ այսօր ոչ մի բիզնես չունեմ, ապա պարտավոր էի տեղս զիջել ընդունակներին և շնորհալիներին:
Ես գիտակցում եմ, որ գոնե իմ ընտրողները համաձայն չեն այս մոտեցուներին, սակայն մերօրյա Հայաստանում այդպիսին են խաղի չգրված, բայց անշեղորեն գործող կանոնները: ՈՒստի, գիտակցելով ձեր առջև պատասխանատվությունս, իմ մարդկային էությամբ խորթ լինելով դասալքությանը, այդուհանդերձ, ստիպված էի հրաժարվել պատգամավորական մանդատից և հայտարարել ինքնաբացարկ:
Ընդունեք իմ խորին շնորհակալությունը ձեր ծանրակշիռ վստահության համար:
Կփորձեմ այդ վստահությունը արդարացնել աշխատելով ձեզ հետ կողք կողքի, ուս ուսի տված:
Հմայակ Հովհաննիսյան
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ




Լրահոս