Հայ ազգային կոնգրեսը արտախորհրդարանական ընդդիմությունից չի վերածվում միայն խորհրդարանական ընդդիմության, այսինքն՝ մանդատները վերցնելով նա չի դադարի պայքարել նաև փողոցում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: “Հայտարարում եմ, ոչ մենք շատ շուտով կառավարության ձևավորումից հետո կանցկացնենք մեր հերթական հանրահավաքը, որտեղ ունենք լուրջ ասելիքներ ժողովրդին: Մեր հանրահավաքային, փողոցային պայքարը շարունակվելու է ուղիղ այնքան ժամանակ, մինչև Հայաստանում տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ”,- ասաց նա: Լևոն Զուրաբյանը դեռևս չի կարող ասել, փողոցային պայքարում կշարունակեն արտահերթ ընտրություն պահանջել, թե ոչ:
Զուրաբյանը կրկին անգամ հաստատեց, որ մանդատները վերցնելու և ընտրությունները վիճարկելու միջև ոչ մի հակասության չկա, քանի որ ՀԱԿ-ի 7 մանդատներն “անվիճելի են և դրանք ստացել են ժողովրդի զուլալ ձայներից”, իսկ քանի որ ընտրակաշառքների և սպառնալիքների միջոցով իրենցից առնվազն 43 մանդատ գողացել են, ապա գնում են դրանք վերադարձնելու նպատակով: