Երեկ ուժեղ հրդեհ է բռնկվել ՀՀԿ կենտրոնական գրասենյակում. այրվել է շենքի տանիքը: Կրակը բավական ուժեղ էր: Մինչ հրշեջները փորձում էին մարել շենքի կտուրի ճակատային հատվածի հրդեհը, կրակն անցել էր ՀՀԿ նախագահի աշխատասենյակի ու երկրորդ հարկում գտնվող դահլիճի կտուրի հատված:
ՀՀԿ գրասենյակի մոտ բավական լուրջ իրարանցում էր: Դեպքի վայրում պարբերաբար ավելանում էր հրշեջների թիվը. արդյունքում ՀՀԿ շենքի հրդեհը հանգցնելու համար եկել էր տասը մարտական հաշվարկ մեքենա: Ժամը 18:50-ին հրշեջ մեքենաները մարել էին հրդեհը եւ հեռացել: Դեռեւս հայտնի չէ՝ որն էր հրդեհի առաջացման պատճառը: Երեկ վարկած էր շրջանառվում, որ հրդեհն էլեկտրական լարերի կարճ միացման հետեւանք է: Ականատեսները պատմում էին, որ հրդեհից առաջ իրենք պայթյունի ձայն են լսել, որից հետո տանիքը սկսել է այրվել, սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տարածքի բնակիչներից մի քանիսը նշեցին. «Պայթյուն չենք լսել, ծխի հոտը խեղդեց, լույսերն անջատվեցին, ու դուրս եկանք տներից, աղջի՛կ ջան, հելանք դուրս ու տեսանք, թե ինչ է կատարվում»:
Բացառությամբ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ գրեթե ողջ վերնախավը երեկ հրդեհի վայրում էր. այնտեղ էին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը: Հրդեհի վայրում էին նաեւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Կենտրոնի ոստիկանապետ Արմեն Մարտիրոսյանը:
Երբ հրշեջները երկար ժամանակ չէին կարողանում հանգցնել կրակը, ծուխն էլ հասել էր մինչեւ Հանրապետության հրապարակ, ՀՀԿ գրասենյակի աշխատակիցները հրճվում էին, որ թեեւ տանիքն այրվել է, սակայն իրենց կուսակցության դրոշը չի սեւացել: Իսկ գրասենյակի առաջ հավաքված մի խումբ տղաներ, զարմացած ստեղծված իրավիճակից, հեգնանքով ասում էին. «Արա՛, էս ի՞նչ փարթի են ամեն օր սարքում սրանք»:
Բարեբախտաբար, հրդեհի հետեւանքով զոհեր ու վիրավորներ չեն եղել:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին կայացած ՀՀԿ հանրահավաք-համերգին էլ պայթել էին փուչիկները, ու հրդեհ էր բռնկվել. արդյունքում 144 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Դեռ ավելին, առ այսօր նրանցից մի քանիսը շարունակում են մնալ հիվանդանոցում, նրանց պլաստիկ վիրահատության են ենթարկել:
Ո՞Վ ԱՅՐԵՑ ՀՀԿ-Ի ՏԱՆԻՔԸ. ԼՌՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ