102 ԴՊՐՈՑԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՑՆՑԵԼ ԵՆ ԲՈԼՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ օրերս համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ երկու դպրոցահասակ աղջիկներ տղաների ներկայությամբ, լկտի հայհոյանքների ուղեկցությամբ իրար են ծեծում (դրանից հետո էլի նմանատիպ տեսանյութեր տարածվեցին): Սակայն երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ բացահայտվել է դեռահաս աղջիկների ծեծի գործը, ինչի առիթով ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Երեկ աղջիկներն իրենց ծնողների եւ դասղեկի հետ հրավիրվել են ոստիկանություն:
«Սա խայտառակ բան է: Տագնապի մեջ եմ ընկել այդ ամեն ինչը տեսնելուց եւ լսելուց հետո: Ուզում ենք հասկանալ, թե դպրոցում որ մասում ենք բացթողում ունեցել»,-երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացավ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ տեղեկացնելով, որ այս թեման մեկ ժամ 45 րոպե քննարկվել է դպրոցների տնօրենների հետ. «Միշտ վերջին զանգից առաջ խորհրդակցություն է լինում բոլոր դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Այդ երեւույթն էլ զուգադիպեց, եւ մեկ ժամ 45 րոպե վերլուծեցինք ու քննարկեցինք»:
Վաղը տիկին Սողոմոնյանը հանդիպում է ունենալու թիվ 102 դպրոցի նախկին եւ նոր տնօրենների, ուսուցչական կազմի, այդ աղջիկների եւ նրանց ծնողների հետ: «Ես ուզում եմ նրանց հետ որպես կին խոսել, որպես մայր, հետո նոր վարչության պետ: Առաջին հերթին ուզում եմ հասկանալ, թե ինչ միջավայրում են իրենք դաստիարակվում, ովքեր են իրենց ծնողները»,-մանրամասնեց վարչության պետը՝ հավելելով, որ դպրոցի այժմյան տնօրենն այդ պաշտոնը ստանձնել է 2011-ի փետրվարին: Մինչդեռ դեպքը տեղի է ունեցել 2010-ի ապրիլին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տեսանյութում ծեծվող աղջիկն անցյալ տարի դուրս է եկել դպրոցից, որովհետեւ ամիսներով բացակայել է դասերից: Անգամ բացակաների պատճառով մնացել է նույն դասարանում: Իսկ երբ 16 տարին լրացել է, մայրը դիմում է գրել եւ դպրոցից վերցրել գործերը: Իսկ ծեծող աղջիկը դեռ սովորում է դպրոցում:
Խնդրի առնչությամբ զրուցեցինք նաեւ թիվ 102 դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանի հետ, որը, բնականաբար, բացասական գնահատական տվեց տեղի ունեցած երեւույթին ու զարմանքով ավելացրեց. «Տեսանյութում այդ ծեծող աղջիկը դեռ սովորում է դպրոցում. դասերին նորմալ հաճախում է, աշխույժ, ակտիվ երեխա է, բայց թույլ սովորող աշակերտուհի է: Իսկ մյուսի (ծեծվողի) հետ բազմաթիվ անգամ զրուցել եմ: Հետ եմ կանչել, եկել է, խոսել ենք, լաց է եղել եւ համոզվել է, որ պետք է սկսի հաճախել դասերին: Մի անգամ էլ` հերթական զրույցների ժամանակ, ասաց, որ աշխատում է: Այդ ընթացքում անչափահասների տեսուչներն էլ են զբաղվել այդ երեխայով, բայց նա այդպես էլ դպրոց չեկավ»: Տնօրենը եւս ապշած է եւ ասաց, որ չի կարողանում հավատալ իր տեսածին ու լսածին: Հարցին, թե ինչպես է պատժելու լկտի հայհոյանքներով իր հասակակցին ծեծող դպրոցահասակ աղջկան, տնօրենը պատասխանեց. «Մենք իրավունք չունենք դպրոցից աշակերտ հեռացնել, հակառակը` աշխատելու ենք, որ շտկենք այս ամենը»:
Ըստ մեր տեղեկությունների՝ ծեծվող աղջիկը, որը դպրոցից դուրս է եկել, դայակ է աշխատում: Իսկ դպրոցում այժմ սովորող աշակերտուհու մայրը նույնիսկ տեղյակ էլ չէ, թե ինչու է իր դուստրը կանչվել ոստիկանություն. «Մի տարի առաջ ինչ-որ կռիվ է եղել: Դրա համար տարել են, որ բացատրություն տա: Տատիկի հետ գնացել է»:
Մենք զրուցեցինք նաեւ թիվ 102 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Ադամյանի հետ, որի պաշտոնավարման ժամանակ է տեղի ունեցել այդ դեպքը: Նա ասաց, որ հեռուստատեսությունից է իմացել տեսանյութի մասին. «Ես մեկ տարուց ավել է, ինչ թոշակի եմ անցել եւ ոչ մի տեղ չեմ աշխատում: Ոչ մի անգամ ես վատ բան չեմ նկատել նրանց մոտ: Ցնցվեցի, երբ իմացա: Ինչպես կարող էին նրանք իրենց նման բան թույլ տալ»: Տիկին Ադամյանը հիշում է, որ ծեծող աղջկանով տատիկն է միշտ հետաքրքրվել, իսկ մյուսը հայր չի ունեցել, այդ պատճառով մայրն էր միշտ ժողովներին ներկա լինում. «Մայրը նորմալ կին է (նկատի ունի ծեծվողի մորը): Միշտ ժողովներին եմ տեսել նրան: Արտառոց բան չեմ նկատել»:
Հարցին, թե իրեն կանչել են ոստիկանություն կամ Երեւանի քաղաքապետարան, պատասխանեց. «Չգիտեմ: Իմ հեռախոսն այսօր ամբողջ օրն անջատված է եղել: Նոր միացրել եմ, զանգեր կլինեն՝ կպատասխանեմ»:
Ավելացնենք, որ ըստ շրջանառցող լուրերի աղջիկները իրար ծեծել են ինչ-որ տղայի պատճառով: Թեեւ լուրեր կային, որ վիճաբանությունը ծագել է աղջիկներից մեկի մորը վիրավորելու համար:
Ինչեւէ, երեկ ոստիկանություն են հրավիրվել այդ խայտառակ միջադեպի մասնակից-ականատես տղաները, որոնք զղջացել են, որ տեսանյութը հայտվել է համացանցում, եւ որ ընդհանրապես այդպիսի բան է տեղի ունեցել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս