ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԲՈՐՈԴԻՆՈ»-Ն ՊԱՐՏՔԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱՆ Է ՎԱՃԱՌՈՒՄ

Գործող իշխանությունները մշտապես խոսում են արտահանող տնտեսությունը զարգացնելու կարեւորության մասին: Մի կողմից վարչապետը ոգեւորում է գործարարներին, իսկ մյուս կողմից բանկերը նրանց խելամիտ տոկոսադրույքներով վարկեր չեն տրամադրում, որպեսզի ընդլայնեն ու զագացնեն իրենց բիզնեսը: Արդյունքում` բազմաթիվ տնտեսվարողներ չդիմանալով վարկային բեռին` դադարեցնում են իրենց գործունեությունը եւ փակում ձեռնարկությունները: Այս իրավիճակում է հայտնվել նաեւ «Բորոդինո» պահածոների գործարանը, որի տնօրինությունը տեւական ժամանակ է, ինչ խոշոր չափի գումար է պարտք ոչ միայն իր աշխատակիցներին, այլեւ բանկերից մեկին: Երեկ էլ կառավարության շենքի մոտ «Բորոդինոյի» աշխատակիցները բողոքի ակցիա անցկացրեցին աշխատավարձի վճարման պահանջով:

Անկախ գործարանի կուտակած պարտքերի նախապատմությունից եւ երեկ կառավարության շենքի առաջ բողոքող աշխատակիցների պահանջի արդարացիությունից` փաստ է, որ «Բորոդինոն» կայացած ձեռնարկություն է, որն արդեն հասցրել էր իր ուրույն տեղը գրավել հայաստանյան շուկայում: Եվ այդ ձեռնարկության նկատմամբ պետական օղակների դրսեւորած անտարբերությունը, մեղմ ասած, հակասում է ՀՀ Կառավարության հայտարարած քաղաքականությանը: Այս օրինակով մենք փաստացի տեսնում ենք, որ արտադրանք տվող կայացած ձեռնարկության գործունեության խթանման փոխարեն պետությունն ավելի է սեղմում գործարանը խեղդող պարտքերի օղակը:
Սա բավականին տարօրինակ մոտեցում է, հատկապես, երբ հաշվի ենք առնում ԵՏՄ-ին անդամակցելուց հետո սննդի շուկայում Հայաստանի առաջ բացվող հեռանկարների մասին խոստումները: Թեեւ չի բացառվում, որ խնդիրը հենց այդ հեռանկարի մեջ է, եւ որոշ պաշտոնյա օլիգարխներ, հասկանալով, որ առաջիկայում պահածոների արտադրության ոլորտում ավելի մեծ բիզնես-շահույթ ստանալու հնարավորություններ են բացվում, փորձում են դաշտն իրենցով անել` սահուն ձեւով աջակցելով այդ ոլորտում արդեն իսկ կայացած ձեռնարկությունների սննկացմանը: Իսկ պետությունն էլ նրանց այդ հարցում առնվազն չի խանգարում, եւ արդյունքում ոլորտը հետզհետե գնում է դեպի մոնոպոլացում: Ասվածը հիմնավորող օրինակներից է նույն «Արտֆուդ»-ը, որը շուկայում գերիշխող դիրք է զբաղեցնում: Այն, ինչպես հայտնի է, պատկանում է ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանին: Հատկանշական է, որ «Բորոդինոն» արդեն տեւական ժամանակ է` բարձրաձայնում է իր խնդիրների մասին, սակայն գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երբեւէ չի փորձել արձագանքել գործարարի բարձրացրած խնդիրներին:
«Ժողովուրդը» զրուցել է ՀՀ Արարատի մարզում գործող «Բորոդինո» պահածոների գործարանի տնօրեն Սիսակ Աղայանի հետ` պարզելու համար, թե ինչի արդյունքում է ընկերությունը հայտնվել նման ծանր վիճակում:
-Պարո՛ն Աղայան, երեկ «Բորոդինոյի» աշխատակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրեցին` պահանջելով իրենց աշխատավարձերը: Ինչո՞ւ չեք վճարում նրանց աշխատավարձերը:
-Ընկերությունը հիմա ֆինանսական դժվարություններ ունի: Մենք դիմել էինք հայաստանյան բանկերին՝ վարկ ստանալու նպատակով, սակայն այդպես էլ չստացվեց: Սեզոնային ձեռնարկություն է, առանց վարկի մեզ համար դժվար է գործել: Բայց վերջին ամսվա աշխատավարձն է, որ ուշացրել ենք: Եւ չնայած սրան՝ կարողացել ենք հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել: Չենք ցանկանում պետությանը պարտք մնալ: Այս պատճառով էլ գումարի խնդիր է առաջացել:
-Այս պահին ընկերությունն արտադրանք ունի՞: Կարողանո՞ւմ եք այն իրացնել:
-Մեր արտադրանքը կա, բայց դժվար է այն ներքին շուկայում իրացնել: Իսկ այս շրջանում այդքան մեծ քանակությամբ արտադրանք չեն արտահանում: Նշեմ, որ տարբեր երկրներից՝ Կանադայից, Ֆրանսիայից պատվերներ ստացել ենք, ուղարկել ենք, բայց մասնակի է վճարվել: Այդ միջոցներով էլ առաջիկայում կմարենք կուտակված պարտքերը:
-Պարո՛ն Աղայան, չե՞ք փորձել զրուցել Ձեր աշխատակիցների հետ, նրանց պարզաբանումներ ներկայացնել:
-Գուցե՞ իրենց ապակողմնորոշում են: Բայց մենք իրենց բացատրել ենք, որ առաջիկայում հնարավորություն կունենանք վճարելու ուշացրած աշխատավարձը: Ուղղակի հայաստանյան բանկերը վարկ չեն տալիս, քանի որ բանկերից մեկին մենք ունենք 750 հազար դոլար պարտք: Այս պատճառով էլ մեզանից պահանջում են, որ այդ գումարը մարենք, հետո նոր դիմենք: Մեզ սպասարկող բանկերն են, այս պատճառով էլ չենք ուզում փչացնել մեր հարաբերություններն իրենց հետ: Ուղղակի աշխատակիցները պետք է գոնե մի հնարավորություն տան մեզ, համբերեն: Չէ որ յուրաքանչյուր աշխատակից ընկերության հետ կնքած պայմանագիր ունի, ըստ որի՝ ողջ աշխատավարձի 50 տոկոսը պետք է վճարվի մինչեւ դեկտեմբերի 25-ը: Այնուամենայնիվ, երկու շաբաթվա ընթացքում կմարենք գոյացած պարտքը:
-Իսկ ի՞նչ միջոցներով եք մարելու այդ պարտքը:
-Ստիպված ենք լինելու վաճառել գործարանի տեխնիկան: Մեզ համար շատ կարեւոր տեխնիկա: Ստիպված ենք…
-Պարո՛ն Աղայան, իսկ չեք փորձել ընկերության առաջ ծառացած խնդիրների շուրջ հանդիպել վարչապետին:
-Առաջիկայում ընկերության տնօրենն այս խնդրի շուրջ կդիմի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Հույս ունենք, որ վարչապետը մեզ կօգնի: Իսկ մարզպետը տեղյակ է: Սահմանված ժամկետում մենք կմարենք այդ պարտքը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՍՅՈՒՆԻՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԵՐՔԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԷ՞

Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքի ղեկավարը հերքում է այն լուրերը, թե իրենց վարելահողերից ստացված բերքը վնասակար է մարդկանց առողջության համար: Միեւնույն ժամանակ նա հաստատում է, որ գյուղացիները բերքի իրացման հարցում խնդիրների առաջ են կանգնում:

Այն հարցին, թե ինչո՞ւ են քաղաքային շուկայում գնորդները խուսափում Սյունիք համայնքի բանջարեղենը կամ կանաչին գնել, գյուղապետ Սամվել Սարգսյանը պատասխանեց. «Որովհետեւ երկու հոգի՝ Հենրիկ Ավագյանը եւ Արշավիր Խալափյանը, հայտարարություն են արել, թե մեր բանջարեղենը ջրվում է կեղտաջրերով: Արդյունքում՝ եղել են դեպքեր, երբ բնակիչն իր բերքը հետ է բերել: Սյունիք համայնքը զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու եւ պատճառված վնասի համար գումարի բռնագանձման պահանջով դիմել է դատարան, եւ էս քանի օրն էդ հարցը լուծվելու է»,-պարզաբանեց Սյունիքի գյուղապետը:
Նա նաեւ հավաստիացրեց, որ գյուղացիները վարելահողերը ջրում են Ողջի գետի, իսկ մի մասն էլ՝ Գեղղի ջրով: «Մեր բանջարեղենը լիարժեք մաքուր է»,-վստահեցրեց համայնքի ղեկավարը` ընդգծելով, որ ինքը եւս զբաղվում է գյուղատնտեսությամբ: Սամվել Սարգսյանը հերքեց այն լուրերը, թե ստացված բերքում ծանր մետաղներ կան: Եվ որպես ապացույց հայտնեց, որ ինքը մայրաքաղաքից մասնագետներ է հրավիրել: «Հանձնաժողովը հազար քառակուսի մետրում բանջարեղեն է դրել, ապա ուսումնասիրել: Արդյունքները գոհացուցիչ էին: Սյունիք համայնքի հողում ծանր մետաղների քանակությունը շատ ցածր տոկոս է կազմում»,-հայտարարեց գյուղապետը` ընդգծելով, որ գրանցված ցուցանիշներով մարդու առողջությանը վտանգ չի սպառնում:
Գյուղապետը վստահ է, որ իրենք դատարանում հաղթելու են, եւ ասեկոսեների արդյունքում համայնքին հասցված վնասն էլ փոխհատուցվելու է: Ի դեպ, գյուղապետի հավաստմամբ` խորհրդային տարիներից ի վեր Կապանի տարածաշրջանի բերքի քառասուն տոկոսը Սյունիք համայնքից էր ստացվում:

ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան

 

 
ԼՈՒՐԵՐ

ՋՐԻ ԽՆԴԻՐ
Մարմաշենցիներն ահազանգում են՝ խմելու ջուր չունեն, իսկ եղնիկցիները խմելու ջրի պահանջով փակել են Երեւան-Գյումրի ավտոճանապարհը:
Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում գլխավոր ջրագծի վթարի պատճառով 20 օր է՝ խմելու ջուր չկա: Խողովակաշարը շատ հին է, տեղադրվել է 1960 թվականին եւ երբեք չի վերանորոգվել: Գյուղացիներն ասացին, որ վերջին տարիներին խողովակն արդեն 10 անգամ հասցրել է պայթել, եւ իրենք ստիպված են եղել այն վերանորոգել սեփական ուժերով: Իսկ ներկայումս գյուղացիները ստիպված են իջնել ձոր, որպեսզի թե՛ սեփական կարիքների, թե՛ անասունների համար ջուր բերեն: 80-90 տուն սպասարկող վնասված խողովակի ջուրը ողողել է գյուղի փողոցները, ջրի հոսքը դադարեցնել գյուղացիներին չի հաջողվում: Այն, որ արդեն 8-9.000 խմ ջուր է կորել, ջրմուղ-կոյուղուն, կարծես, ամենեւին չի անհանգստացնում, մարմաշենցիների խոսքով` ջրմուղում տեղյակ են վթարից, սակայն չեն շտապում արձագանքել: Մարմաշենի համայնքապետը խիստ անհանգստացած է, եթե այս վիճակով շարունակվեն ցրտահարությունները, ապա նոր խնդիրներն անխուսափելի են: Իսկ ահա «Շիրակ ջրմուղ-կոյուղուց» վստահեցնում են՝ խնդիրը շուտով կլուծվի, պարզապես հիմնովին վերանորոգում է անհրաժեշտ:
Եթե մարմաշենցիները սպասողական վիճակում են, ապա Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքի բնակիչների համբերության բաժակը լցվել է: Գյուղը տեւական ժամանակ է՝ զրկված է խմելու ջրից: Տեղեկացանք, որ եղնիկցիները նոյենբերի 6-ի վաղ առավոտից փակել են Երեւան-Գյումրի մայրուղու այն հատվածը, որը տանում է Արագածոտնի մարզ: Գյուղացիներին հանդիպել են Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչները, ինչը, սակայն, չի բավարարել նրանց: Բողոքող եղնիկցիները պահանջել են հանդիպում ԱԺ պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների հետ:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

«ՍԱՍ»-Ի ԱՐՏԱԿԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
«ՍԱՍ գրուպ» ՍՊԸ մաքսային ձեւակերպումների մասնագետ Արմինե Ղարագյոզյանը թույլ է տվել մաքսային կանոնների խախտում եւ ենթարկվել վարչական պատասխանատվության: Armlur.am-ը ՀՀ մաքսային ծառայությունից տեղեկացել է, որ մասնագետը հաշիվ ապրանքագրում ներկրված բեռի արժեքը նշելիս թույլ է տվել սխալ եւ 18216.96 ԱՄՆ դոլարի փոխարեն նշել է 18191.68 ԱՄՆ դոլար: Իսկ հաշիվ-ապրանքային արժեքը 88.77 դոլարի փոխարեն լրացվել է 63. 49 դոլար: Սակայն նշվում է, որ դա արվել է ոչ դիտավորության, այլ անզգուշության հետեւանքով: Այն 3.334 դրամ պակաս հաշվարկ է առաջացրել: Ընկերության մասնագետը տուգանվել է պակաս հաշվարկված մաքսատուրքի 50 %-ի չափով՝ 1667 դրամով:

 




Լրահոս