Այս օրերին ներքաղաքական ամենաքննարկվող թեման ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունն է, որի դրսեւորումներն ավելի շատ հիշեցնում են ոչ թե կայացած քաղաքական ուժերի, այլ ազդեցիկ կլանների պայքար: Անցած մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ սրվելով, ապա հանդարտվելով` այդ հակամարտությունը հասավ իր կուլմինացիային, երբ ԲՀԿ առաջնորդը հիշեցրեց ՀՀԿ- Ռոբերտ Քոչարյան հարաբերությունների ոչ վաղ անցյալը: Եվ, դատելով Հանրապետական կուսակցության ջղաձիգ արձագանքից, դիպավ ճիշտ նշանակետին: Իրականում բոլորի, եւ հենց նույն Հանրապետականների համար էլ ակնհայտ էր, որ Ծառուկյանի ասածներում որեւէ սխալ բան չկար: Եվ, առավելեւս, դա ուղղված չէր անձամբ Սերժ Սարգսյանի դեմ, քանի որ նա այդ ժամանակ դեռեւս անկուսակցական էր: Պարզապես դա շատ հարմար առիթ էր Սերժ Սարգսյանին ցույց տալու համար, որ Հանրապետականը նրա ամենահուսալի ու անփոխարինելի քաղաքական հենարանն է` հընթացս փակելով այն խոսակցությունները, թե Սերժ Սարգսյանը Հանրապետականին զուգահեռ, իբրեւ քաղաքական հենարան է տեսնում նոր` երիտասարդ կադրերով համալրված ՄԻԱԿ-ը: Հասկանալով, որ Հանրապետականներին հաջողվեց ԲՀԿ-ՀՀԿ հակասությունը տեղափոխել Գագիկ Ծառուկյան- Սերժ Սարգսյան տիրույթ, ԲՀԿ կնքահայր Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցով փորձեց հարվածները վերցնել իր վրա` այդպիսով ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությունը վերածելով Քոչարյան -Սարգսյան քաղաքական լարվածության: Եվ այս իրավիճակում, եթե ԲՀԿ-ն վաղվա համագումարում հայտարարի կոալիցիայից դուրս գալու մասին, երկրում կձեւավորվի միանգամայն նոր ներքաղաքական իրադրություն` հղի անկանխատեսելի զարգացումներով` ինչպես Քոչարյանի, այնպես էլ Սարգսյանի համար: Իսկ, քանի որ դա առայժմ պետք չէ ոչ մեկին, ոչ էլ մյուսին, առավել հավանական է այն, որ առաջիկա համագումարում ԲՀԿ-ն չի հայտարարի ո՛չ կոալիցիան լքելու, ո՛չ էլ առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:Ի վերջո, քանի որ իր էությամբ այս հակասությունն ավելի շատ միջկլանային պայքար է, քան քաղաքական մրցակցություն, առավել հավանական է, որ այն հանգուցալուծվի հենց կլանային մտածողության կանոններով. այսինքն` կլանների ղեկավարները` ի դեմս Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, հերթական անգամ կպայմանավորվեն, թե ինչպես են իրար մեջ կիսում երկրի տնտեսական ու վարչական ռեսուրսները, եւ դրանով հարցը կփակվի: Առժամանակ: Այնպես որ, ինչ որոշում էլ որ կայացնի ԲՀԿ-ն, լինելու է կոմպրոմիսային լուծում:
ԿԼԱՆԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ