Չինացի գրաքննիչներն ազգային ինտերնետ ռեսուրսներից հեռացրել են այն տեսագրությունը, որում պատկերված է, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծածկոց գցում Չինաստանի նախագահ Սի Ձինպինի տիկնոջ՝ Պեն Լիյուանի ուսերին:
Չինաստանում ընթացող Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի առցանց տեսագրության այդ հատվածը ակտիվ քննարկում է առաջացրել համացանցում:
Գագաթաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահը Չինաստանի առաջին տիկնոջ այն հայտարարությանն ի պատասխան, թե շենքում բավականին սառն է, նրան ծածկոց է տվել: Քաղաքավարության այդ արտահայտումը համաշխարհային լրատվամիջոցները ներկայացրել են իբրև Ռուսաստանի ղեկավարի կողմից Չինաստանի նախագահի կնոջը սիրահետելու փորձ: