Թռչկան քաղաքացիական նախաձեռնության կոչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Թռչկան” քաղաքացիական նախաձեռնությունը և Թեղուտի պաշտպանության խումբը հանդես են եկել հայտարարությամբ, որում տեղեկացնում են մայիսի 29-ի Սյունիքի մարզի Ծավ գյուղի Բարձրադիրի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ կազմակերպվելիք հանրային լսումների մասին և բնակչության կոչ անում համարձակորեն դեմ կանգնել ոսկու բաց հանքի ծրագրին:
Հայտարարության հեղինակները տեղեկացնում են, որ Սյունիքի մարզի Ծավ գյուղում Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքի վերաբերյալ մայիսի 29-ին կազմակերպվող հանրային լսումների մասին իրենք տեղեկացել են լրատվամիջոցներից և ՀՀ Բնապահպանության նախարարության ինտերնետային կայքից:
 
“Ցավում ենք, որ հանքարդյունաբերական նման ծրագրերի հապճեպ կազմումը, հանրային լսումների ոչ պատշաճ ու ֆիկտիվ կազմակերպումը և Հայաստանի ընդերքի, բնության, ինչպես նաև բնակչության առողջության վրա անդառնալի բացասական հետևանքներ ունեցող ոլորտը առաջ մղելու քաղաքականությունն ակտիվորեն շարունակվում է՝ առանց գիտակցելու դրա կործանարար հետևանքները”,– ասվում է հայտարարությունում:
“Ցավում ենք նաև, որ տնտեսության այլընտրանքային զարգացման ուղղությունները չեն դառնում պետական քաղաքականության մաս, և հանրությանը պարտադրվում են ոչ-կայուն, հեռահար հաշվարկներ չունեցող, ներկա և ապագա սերունդների կենսական միջավայրը ապականող, ինչպես նաև նրանց առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը հաշվի չառնող տնտեսական ծրագրեր”:
 
Թեղուտցիները գրում են, որ Հայաստանի ամենախոցելի և ազգային ու համաշխարհային նշանակության էկոհամակարգ ունեցող տարածաշրջանում, բաց հանք շահագործելու այս մտադրությունն ուղղակի զարմանք է առաջացնում:
 
Ապա հույս հայտնում, որ “տարածաշրջանի բնակչությունը կկարողանա դրսևորել ճիշտ դիրքորոշում և կընտրի զարգացման կայուն ուղի, որի լավագույն հնարավորությունն այսօր այն ունի”:
 
“Ցանկանում ենք հիշեցնել, որ ՀՀ կառավարության խնդրանքով և անմիջական մասնակցությամբ հաստատվել է “Հարավային Հայաստանում կենսոլորտային տարածքի ստեղծում” դրամաշնորհային խոշոր ծրագիրը՝ Գերմանական զարգացման բանկի 8,25 մլն եվրո արժողությամբ ներդրումով (ՀՀ բնապահպանության նախարարի 2012թ. հունվարի 30-ի ասուլիս)”,– ասվում է հայտարարությունում:
 
Ըստ ատկիվիստների՝ այս ծրագրի իրականացմամբ տարածաշրջանի 12՝ այդ թվում Ծավ համայնքում, խթանվելու են կայուն սոցիալ-տնտեսական ծրագրեր, ստեղծվելու են գյուղատնտեսական արտադրության նոր հնարավորություններ և վերջապես՝ ներդրումներ են կատարվելու պահպանվող տարածքների կառավարման հզորացման ուղղությամբ:
 
“Այս ծրագիրն իր նշանակությամբ բացառիկ է, քանի որ նպատակաուղղված է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատվող Կենսոլորտային պահպանավայր ստեղծելուն: Այս ծրագիրը ու հանքի անմիջական հարևանությամբ գտնվող պահպանվող տարածքները (Շիկահող արգելոցը, Արևիկ ազգային պարկը, Խուստուփի նախատեսվող արգելավայրը) և ոսկու ներկայացվող բացահանքը պարզապես անհամատեղելի են: Անընդունելի է նաև Կենսոլորտային տարածքի ստեղծման ծրագիրը բացահանքով վտանգի ենթարկելու այս փորձը”:
Հայտարության մեջ նաև նշվում է, որ ,բացի վերը նշված հանգամանքներից, անհայտ ծագման և հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունեցող “Օփուլենդ թրեյդինգ սոլյուշնս” ՓԲԸ-ի ներկայացրած՝ Բարձրադիրի ոսկու բացահանքի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ-ի) վերաբերյալ ցանկանում ենք արձանագրել, որ այն գրված է բազմաթիվ թերություններով և հատկապես շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության սխալ հաշվարկներովե:
 
“Այս կապակցությամբ մենք շուտով կներկայացնենք հանգամանալից գնահատական: Կոչ ենք անում հանրային լսումներին մասնակցող տեղի բնակիչներին, ինչպես նաև այլ մասնակիցներին համարձակորեն դեմ կանգնել ոսկու բաց հանքի ծրագրին: Բնապահպանական մեր նախաձեռնությունները զորավիգ են սեփական երկիրը կործանարար տնտեսական ծրագրերից պաշտպանող բնակիչներին”,– նշում են ակտիվիստները։
 
“Հատկապես Շիկահողի և Արևիկ ազգային պարկի նկատառումներով, հանրային լսումները պետք է իրենց մեջ ներառեն շատ ավելի լայն շրջանակներ ու խնդիրներ, քան բուն Ծավ համայնքի հիմնախնդիրները: Իմացեք, որ Երևանում և այլուր մենք սատարելու ենք Բարձրադիրի ոսկու բաց հանքը մերժող նախաձեռնությունները և առաջ ենք մղելու այլընտրանքային տնտեսական զարգացման հնարավորությունները”,– ասված է հաղորդագրությունում:




Լրահոս