«Հայկական ուղղաթիռի անձնակազմի անդամների ճակատագիրն անհայտ է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդարանի անդամ, ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը քննադատել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի խոցման միջադեպը: Նա կոչ է արել ԵՄ-ին հատուկ հանձնաժողով ստեղծել միջադեպի հետաքննման համար, հաղորդում է «Արցախպրեսս»-ը:

«Այս հայտարարությամբ ես քննադատում եմ 2014-ի նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկված սադրիչ գործողություններն անմեղ մարդկանց նկատմամբ, որոնք, հավանաբար, զոհվել են»,- նկատել է Էլենի Թեոխարուսը:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ԶՈւ-ն փաստացիորեն խոցել է ԼՂՀ բանակի ուղղաթիռը, որը զինված չէր, երբ վերջինս ուսումնավարժական թռիչք էր իրականացնում:

«Անձնակազմի անդամների ճակատագիրն անհայտ է մնում Ադրբեջանի կողմից շարունակական կրակի պատճառով, ինչը բարդացնում է փրկարարական գործողության անցկացումը: Այս միջադեպն ամենալուրջն է 1994-ից ի վեր, երբ հաստատվեց հրադադարի ռեժիմ Ադրբեջանի, ԼՂՀ-ի ու Հայաստանի միջև»,-ասել է ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը:

Նա նաև նշել է, որ նամակ է ուղարկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին և այլ եվրակոմիսարներին՝ ներկայացնելով միջադեպին վերաբերող փաստեր: «ԵՄ-ն պետք է քննադատի այս գործողությունները և աջակցի հակամարտության՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված լուծմանն ուղղված ջանքերին»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռ, որն ուսումնավարժական թռիչք էր կատարում: Ուղղաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամներն էլ զոհվել են:




Լրահոս