ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՔԵՐԹԻ ՓՈԽԱՐԵՆ ՊԱՀԱՆՋԵՔ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՉԶԻՆԵԼ

2015թ. մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի առթիվ Երեւանում շքերթ կանցկացնեն ռուսական զորքերը: Այդ մասին պաշտոնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջեւ: Ըստ ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների` Երեւանում շքերթին մասնակցելու են ՌԴ 102-րդ ռազմակայանի անձնակազմը եւ զինտեխնիկան:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանից պարզել, թե ինչպես է նա վերաբերում այն հանգամանքին, որ Հայաստանի՝ դեռեւս (համենայն դեպս` դե յուրե) ինքնիշխան համարվող անկախ հանրապետության հրապարակում հաղթանակի օրը ռուսական զորքերը պետք է շքերթ անցկացնեն: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ ինքը նման տեղեկության ծանոթ չէ ու չի կարող որեւէ բան ասել. «Ես կծանոթանամ, եթե նման հայտարարություն է եղել, կպատասխանեմ»: Ուշագրավ է, որ բացի ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահից, Ս. Օհանյանի այս որոշման մասին տեղյակ չէին նաեւ ՀՀԿ խմբակցության մնացած պատգամավորներից շատերը, որոնք ամեն կերպ խուսափում էին այս մասին մեր հարցերին պատասխանելուց:
Փոխարենը խնդրից քաջատեղյակ էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե այդ որոշմամբ ՀՀ իշխանություններն ապացուցում են, որ իրենք այլեւս որոշումներ կայացնող չեն: Նրանց փոխարեն դա այլեւս անում են ռուսները:
-Պարո՛ն Քոքոբելյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համաձայնել է, որ 2015թ. մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի առթիվ Երեւանում շքերթ անցկացնեն ռուսական զորքերը: Ինչպե՞ս է այդ հարցին վերաբերում խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովը, Դուք տեղյա՞կ եք ՀՀ պաշտպանության նախարարի այդ որոշումից, եւ արդյոք այն քննարկվել է Ձեր հանձնաժողովում:
-Դա մեր անկախության, մեր ինքնիշխանության դեմ ուղղված քայլ է, որովհետեւ, անկախ այն բանից, թե այդ զորավարժությունը նվիրված կլինի հաղթանակին, Մեծ հայրենական պատերազմին, թե դա նվիրված կլինի այլ միջոցառման, իմ համոզմամբ եւ պնդմամբ՝ այն պետք է լինի բացառապես հայկական զորքերի գլխավորությամբ, այլ ոչ թե համատեղ՝ հայկական, ռուսական կամ ղազախական: Ես վստահաբար կարող եմ պնդել, որ դա արվում է նրա համար, որ ռուսական իշխանությունները, ինչպես միշտ, եւս մեկ անգամ ցույց տան իրենց ազդեցության չափաբաժինը Հայաստանի նկատմամբ:
-Որոշ մարդիկ այդ շքերթը դրական «լույսի» ներքո են ներկայացնում՝ նշելով, որ այս կերպ Հայաստանը բոլորին կապացուցի, որ իր ռազմավարական գործընկերը իր «կողքին» է: Որքանո՞վ եք հիմնավորված համարում նման մոտեցումը:
-Բոլորն էլ գիտեն, որ ռուսական զորքերը տեղակայված են Հայաստանում, ու որեւիցե մեկը չկա, որ դրա մասին տեղեկություն չունի: Դրանով մենք որեւիցե բան ցույց չենք տալու, ցույց ենք տալու միայն մեր ինքնիշխանության անկման փաստը: Եթե որեւէ մեկը մտածում է, որ ռուսական զորքերի շքերթով կարող ենք Ադրբեջանին ինչ-որ բան ցույց տալ, ապա դա թույլ ըմբռնում եմ համարում, քանզի նույն հաջողությամբ Հայաստանում ռուսական զորքերը շքերթ են իրականացնում, իսկ Ադրբեջանին մեծածավալ հարձակողական սպառազինություն վաճառում: Ու ավելին, քան այդ փաստը, այլ փաստ գոյություն չունի: Նման տիպի գործողություններով մենք աշխարհին հնարավորություն ենք տալիս մտածելու, որ մենք չենք որոշողը, որը ես պարկեշտ չեմ համարում:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են իշխանությունները որոշել, որ ռուսական զորքը շքերթ անցկացնի Երեւանում, ո՞րն է դրա նպատակը: Կարծում եք, որ այդ որոշումը ՌԴ իշխանությունների ճնշման ներքո՞ է կայացվել, թե՞ ՀՀ իշխանությունները ուղղակի եւս մեկ անգամ ՌԴ-ին հաճոյանալու համար են նման քայլի գնում:
-Ընդհանրապես կարելի է իշխանություններին հարց ուղղել, թե ինչու են համաձայնել, բայց իմ կարծիքով իշխանությունները սխալ են անում, որ համաձայնում են, ուղղակի անթույլատրելի է, որ դա անեն այստեղ: Լավ կլինի, որ այդ շքերթի փոխարն մեր իշխանությունները ռազմավարական գործընկեր Ռուսաստանից պահանջեն դադարեցնել զենքի-զինամթերքի, սպառազինության վաճառքը մեր հակառակորդին: Պետք է ուղղակիորեն օր առաջ դրա մասին հայտարարել, այլ ոչ թե համատեղ շքերթներ կազմակերպել: Շքերթ, որը որեւէ բան չի տալու Հայաստանին: Իսկ ամբողջ աշխարհն այդ շքերթին կնայի այլ աչքերով: Որեւիցե մեկը չի ասում, որ ռազմական գործընկերներն իրավունք չունեն միասին որոշակի գործողություններ անելու, այդ թվում նաեւ՝ շքերթ, բայց ես կրկնում եմ՝ դա ոչինչ չտվող բան է: Ես էլ պնդում եմ, որ իշխանությունները պետք է հասնեն նրան, որ Ադրբեջանը պակաս զինամթերք ձեռք բերի Ռուսաստանից:
Հ.Գ. Հայաստանի ՊՆ խոսնակը «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, որ մայիսի 9-ին փոքր զորահանդես կանցկացվի Գյումրիում, իսկ Երեւանում, ըստ նրա, մեծ զորահանդես անելու մասին պայմանավորվածություն չկա։ Նա, սակայն, չի պարզաբանել, թե այդ դեպքում ինչու է ՌԴ ՊՆ-ն շքերթի մասին հայտարարություն տարածել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐ ՊՈՐՏՖԵԼԻՑ

Մինչ ընդդիմադիր պատգամավորներն ու հեղինակավոր տնտեսագետները հայտարարում են, թե 2015թ. պետբյուջեն ձախողակ բյուջե է, որի եկամտային մասը չափազանց փոքր է զարգացման հնարավորություններ ընձեռելու համար, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր գոհունակությունն է հայտնում հաջորդ տարվա բյուջեից: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին նախարարը նշեց, որ այս բյուջեն մեկ քայլ առաջ է նախորդից. «Մեր բյուջեն գնալով զարգանում է հատկապես ֆինանսական հոսքերի առումով»: ՀՀԿ-ական նախարարը, ինչպես եւ կարելի էր սպասել, դրական գնահատեց նաեւ Կառավարության կազմում փոփոխություններ կատարելու որոշումը:

-Տիկի՛ն Հակոբյան, 2015 թվականի բյուջեի նախագծից դժգոհություններ չունե՞ք:
-Կարող եմ ասել, որ մեր բյուջեն ֆինանսական հոսքերի առումով գնալով զարգանում է: Մեր ծրագրերն էլ են ընդլայնվում, ծրագրերի աշխարհագրությունն է մեծանում, մասնակիցների թիվն է ավելանում: Կարեւորում եմ հատկապես ամառային դպրոցի ծրագիրը, որտեղ ուսուցիչներ, լրագրողներ, երիտասարդ լիդերներ ենք վերապատրաստում: Մայրենի լեզվի ուսուցման ծրագրերին շատ ու շատ դիմողներ կան, մենք նույնիսկ ի վիճակի չենք բոլորի ցանկությունները բավարարել, եւ շատ կարեւոր է, որ արդեն մյուս տարվա բյուջեում կրկնապատկվել են դրա վերաբերյալ հատկացումները: Կարեւոր եմ համարում նաեւ այն հանգամանքը, որ հայոց լեզվի ուսուցման եղած հնարավորությունները ոչ թե քչանում են, այլ շատանում:
-Կառավարության կազմում սպասվում են փոփոխություններ` արտակարգ իրավիճակների նախարարությունը միացվելու է տարածքային կառավարման նախարարությանը: Ձեր կարծիքով այդ նախարարությունների միավորման անհրաժեշտությունը կա՞:
-Կարծում եմ, որ այդ նախարարությունների միավորումը եւ նոր` միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության ստեղծումը դրական ազդեցություն կունենա այդ նախարարությունների գործունեության վրա: Ցանկացած փոփոխություն, որը պետական կառավարման համակարգը կարող է ճկուն դարձնել, չի կարող բացասական ազդեցություն ունենալ: Եթե մենք տնտեսական նոր տարածք ենք մտնում, այս նոր նախարարության ստեղծումն էլ կարող է իր լուրջ դերակատարությունն ունենալ:
-Եթե ՀՀ Կառավարությունը որոշում կայացնի սփյուռքի նախարարությունը եւս միացնել մեկ այլ նախարարության, ինչպե՞ս կարձագանքեք այդ փոփոխությանը:
-Երբ լինի նման քաղաքական որոշում, ուրեմն թող լինի, խնդիր չէ, բայց ես այն կարծիքին եմ, որ սփյուռքի նախարարության գոյությունը նաեւ սփյուռքի ցանկությունն է: Նրանց կամքը հաշվի առնելով է ստեղծվել այս նախարարությունը: Մեր նախարարությունն իր գոյության տարիների ընթացքում ապացուցեց, որ սփյուռքահային պետք է մի տեղ, որտեղ ինքը գա, իր խնդիրները բարձրաձայնի:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ
«Ժողովուրդ»-ը ԱԺ-ում հետաքրքիր փաստ է արձանագրել` կապված ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ: Նա խորհրդարանի դահլիճ մտնելիս նախ «ձեռքով» բարեւում է ՕԵԿ պատգամավորներին, հետո նոր գնում եւ տեղ է զբաղեցնում ՀՀ Կառավարության անդամների կողքին: Սերգո Կարապետյանը ԱԺ պատգամավորների հետ, մեղմ ասած, այդքան էլ շփումներ չունի, սակայն ՕԵԿ-ականների հետ նա, այնուամենայնիվ, շփվում է: Նախկին կուսակիցները երբեմն այնքան են իրար նկատմամբ ջերմանում, որ թվում է, թե մոռանում են, որ իրարից բաժանվել են:

 

ԱՐՏԱՀԵՐԹ ԿԱՐԳՈՎ
Այսօր ԱԺ քառօրյայի վերջին օրն է: Նախատեսված է, որ 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումն այսօր կավարտվի: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների պնդմամբ՝ եկող երկուշաբթի արտահերթ նստաշրջան է լինելու: ՀՀԿ-ականները չեն բացառում, որ ողջ շաբաթ ԱԺ նիստեր լինեն, քանի որ Կառավարությունը բազմաթիվ նախագծեր է ուղարկել եւ դեռ ուղարկելու է խորհրդարան, որոնք պետք է քննարկվեն մինչեւ աշնանային նստաշրջանի ավարտը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները համաձայնել են քննարկել նաեւ ընդդիմության առաջարկած կառավարման ճգնաժամի վերաբերյալ նախագիծը, եւ մինչ ԵՏՄ պայմանագրի քննարկմանն անցնելը հնարավոր է՝ ընդդիմության նախագիծը քննարկեն:

 

ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԷ
ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում հարցում է տեղադրված հետեւյալ թեմայով «Ինչպես կգնահատեք Հայաստանում սեփականության իրավունքի, այդ թվում նաեւ՝ ֆինանսական միջոցների պաշտպանվածությունը»: Երեկվա դրությամբ հարցման մասնակիցների 73 տոկոսը կարծում էր, որ սեփականության իրավունքը Հայաստանում պաշտպանված չէ: Ընդամենը 7 տոկոսն էր կարծում, որ Հայաստանում սեփականության իրավունքն ամբողջությամբ պաշտպանված է: 20 տոկոսի կարծիքով էլ այդ իրավունքը մեզ մոտ «ընդհանուր առմամբ պաշտպանված է, բացի առանձին տեսակների գույքից»:

 

ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՁՈՒ
«Ժողովուրդ»-ը ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանից տեղեկացավ, որ դեռեւս հուլիսից մի շարք տնտեսվարողներ, ովքեր զբաղվում են մանրածախ առեւտրով, ձու արտադրող ընկերություններին խոշոր գումար են պարտք: Արդյունքում թռչնաբուծականները հայտնվել են անելանելի դրության մեջ: Ձու արտադրող ընկերությունները չեն կարող գումարները բռնագանձելու պահանջով դիմել դատարան, քանի որ առեւտրականների հետ կնքված պայմանագրեր չկան, եւ ընդունման-հանձնման ակտեր չեն կազմվել: Ի դեպ, հենց այս երեւույթով է պայմանավորված այն հանգամանքը, որ վերջին շրջանում հաճախակի են լուրեր տարածվում ձվի դեֆիցիտի մասին: Իրականում թռչնաբուծականները հրաժարվում են ձու մատակարարել այն խանութներին, որոնց հետ պայմանագիր չունեն:

 




Լրահոս