ԲՀԿ-ԱԿԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ ՄԱՐԴ ԵՆ ԾԵԾԵԼ
Սեպտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: Բանն այնտեղ է հասել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քասախ համայնքի ավագանու անդամների «տերերը» գյուղի գերեզմանոցում ծեծի են ենթարկել «Ժողովրդական ուղի» կուսակցության անդամ Վիգեն Դավթյանին:
Եվ այսպես՝ ինչից են սկսվել ԺՈՒԿ անդամի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու անդամների միջեւ տարաձայնությունները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանը պատմեց, որ մեկ ամիս առաջ Քասախ համայնքում ավագանու ընտրություններ են տեղի ունեցել. «Այս ընտրություններից առաջ մեր ակտիվիստ Վիգեն Դավթյանը նորմալ հարաբերությունների մեջ էր ավագանու ԲՀԿ-ական անդամների հետ, նույնիսկ միասին էին պայքարում հանրապետականների դեմ, սակայն 2014թ. սեպտեմբերի 21-ին կայանալիք ավագանու ընտրություններին մեր ակտիվիստին դուր չէր եկել ԲՀԿ-ականների պահվածքը, ընտրակաշառք եւ այլն, եւ այլն, ու նա որոշեց իր թեկնածությունն առանձին ներկայացնել: Այս ամենից լարվածություն սկսվեց, մեր անդամին մեղադրում էին, թե դու հանրապետական կուսակցության սատարող ուժ ես դարձել»:
Ավագանու ընտրությունների թեժ պայքարի արդյունքում ԺՈՒԿ անդամ Վիգեն Դավթյանը պարտվեց, սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու անդամների եւ նրա միջեւ լարվածությունը չհանդարտվեց. «Քասախ համայնքում մի զավթված հող կա, որ հրապարակի հուշարձանի տարածքում էր: Վիգեն Դավթյանը դիմել էր գյուղապետ Արա Մկրտչյանին, որ անօրինական զավթումը կանխի, բայց համայնքի ղեկավարն էլ չէր կարողացել որեւէ բան անել, իսկ ԲՀԿ-ական ակտիվիստները Վիգենին փորձել էին վախեցնել, թե քո ինչ գործն է: Նա էլ ասել էր, թե այդ տարածքը գյուղի համար նշանակություն ունեցող տեղ է, ոնց կարող եք զավթել: Ես Վիգենի հետ խոսեցի, ասեցի, թե մի խառնվի, նրանց կողմնակիցները կրիմինալի հետ կապված, ազդեցիկ մարդիկ են, պետք չի»:
Արդյունքում, ինչպես պարզեցինք ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանից, ԲՀԿ ավագանու անդամների «կոկորդին» է մնացել ԺՈՒԿ ակտիվիստը, եւ ԲՀԿ-ականները հավատարիմ մնալով իրենց կարգախոսին՝ «Մեր խոսքը գործ է», անցել են գործի:
«Գիշերը՝ ժամը 1:00-ի սահմաններում, երկու տղամարդ գնացել են Վիգենի տուն: Մայրն ու եղբայրն ասել են, թե հետո եկեք, նրանք էլ ասել են, թե ոչ ու արթնացնելով Վիգենին՝ նստեցրել են մեքենան ու տարել գյուղի գերեզմանատուն ու ծեծի ենթարկել: Այժմ Վիգենը «Արմենիա» բժշկական կենտրոնում է, լուրջ վնասվածքներ է ստացել` քթի կոտրվածք եւ այլն, եւ այլն: Արյան մեջ շաղախված մի կերպ է կարողացել փախնել ու հասնել բարեկամի տուն, օգնություն խնդրել: Երկար ժամանակ է, ինչ գյուղն անտերության է մատնված: Ընտրություններից հետո էլ փորձում են ազդեցություն հաստատել այնտեղ: Բազմաթիվ նման միջադեպեր են եղել, սակայն ոստիկանությունը ոչինչ չի արել, ու հիմա բանը հասել է նրան, որ մարդկանց տանից հանում, տանում, ծեծի են ենթարկում»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վիգեն Դավթյանը դժվարությամբ, սակայն կարողացավ ասել, որ իրեն ծեծի են ենթարկել Քասախ համայնքի ավագանու նախկին անդամ Նորիկը եւ Վաղինակը. «Ինձ տարել էին այդտեղ սպանելու նպատակով ու ասում էին՝ ուզում էս մեր դեմ գրե՞ս: Ես ցանկացել եմ ուղղակի Գագիկ Ծառուկյանին հայտնել, թե ինչ գործերով են զբաղված իր կուսակցության անդամները»: Ասել է թե՝ ԲՀԿ նախագահին իր կուսակիցների մասին ինֆորմացիա հաղորդելը թանկ է նստել ԺՈՒԿ ներկայացուցչի վրա:
Իսկ, ահա, Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանն ասաց, թե հուշարձանի տարածքի կռիվ այլեւս չկա, ու ինքը, առհասարակ, տեղյակ չէ, որ համայնքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստների եւ ԺՈՒԿ անդամ Վիգեն Դավթյանի միջեւ միջադեպ է եղել:
Փորձեցինք զրուցել նաեւ Վիգեն Դավթյանին ծեծողների հետ, սակայն ապարդյուն:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 14-ից Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու նիստերը չէին կայանում: Պատճառն այն էր, որ ավագանու ԲՀԿ-ական անդամները բոյկոտում էին նիստերը: Արդյունքում ՏԻՄ մասին օրենքի համաձայն՝ համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվել էին, եւ այնտեղ նոր ընտրություններ էին նշանակվել: Ավագանու անդամներից հինգը ԲՀԿ-ական են եղել, իսկ մյուս հինգը՝ ՀՀԿ-ական, եւ ավելի քան մեկ տարի ավագանու ԲՀԿ-ական անդամների պատճառով կաթվածահար էր եղել համայնքապետարանի աշխատանքը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել «A4» ֆորմատի թղթի գնման գործընթացի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի՝ նոյեմբերի 13-ի համարում տեղ գտած հրապարակման կապակցությամբ:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն է հայտնում «Ժողովուրդ» թերթի խմբագրությանը` հնչեցրած ահազանգի համար: Տեղեկացնում ենք, որ Ա.Հովսեփյանը հանձնարարել է ուսումնասիրել «A4» ֆորմատի թղթի գնման գործընթացը, իսկ գումարի փոխանցումը կասեցվել է:
Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ նոյեմբերի 3-ին ստորագրված թիվ «ՀՀ ՔԿԴ-ԲԸԱՀ-ԱՊՁԲ-14/1-1» պայմանագրի գինն է 5.064.600 դրամ, որի դիմաց պետք է մատակարարվի ՀՀ Կառավարության 441-Ն որոշմամբ սահմանված տեխնիկական բնութագրին համապատասխան բարձր որակի «A4» ֆորմատի 2.300 տուփ թուղթ:
ՀՀ Կառավարության 441-Ն որոշմամբ` նույն թղթի ձեռք բերման համար որպես առավելագույն գին սահմանված է 2.500 դրամ:
Ավելին՝ սույն պայմանագրի հիմք հանդիսացող 2014 թվականի 1019-Ն որոշմամբ` ՀՀ քննչական կոմիտեին թույլատրված է թուղթը ձեռք բերել բանակցային ընթացակարգով՝ առանց հայտարարության (մեկ աղբյուրից), 2.500 դրամով, իսկ քննչական կոմիտեն բանակցությունների արդյունքում այն ձեռք է բերել 2.200 դրամով: Տնտեսված գումարը կազմում է 1մլն 150 հազար դրամ, ինչը մնացել է պետական բյուջեում:
Համանման որակի թուղթը, այո՛, հնարավոր է ձեռք բերել ավելի մատչելի գնով, սակայն կանխիկ գումարով: Մինչդեռ պետական հիմնարկները, այդ թվում՝ ՀՀ քննչական կոմիտեն, իրավունք չունի գնումներ կատարելու կանխիկ գումարով:
Երկրորդ՝ թուղթը ձեռք բերվելիս հատուկ ուշադրություն է դարձվել որակի չափանիշներին, քանի որ հայաստանյան շուկայում առկա են նույն տեխնիկական բնութագրերին համապատասխանող, սակայն որակով միմյանցից էականորեն տարբերվող թղթեր: Ձեռք բերված թղթերը նախատեսված են քննչական ստորաբաժանումների համար՝ քրեական գործին կցվող դատավարական փաստաթղթերը կազմելու նպատակով:
Աղվան Հովսեփյանն իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում մշտապես կարեւորել է պետական միջոցների արդյունավետ եւ նպատակային օգտագործումը, եւ նման պահանջ ներկայացվել է բոլոր աշխատակիցներին:
Մամուլի հրապարակման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին հայտարարվել է նկատողություն՝ թուղթն ավելի էժան գնով կամ, ընդհանրապես, անվճար ձեռք չբերելու համար (նկատի ունենալով Աղվան Հովսեփյանի եւ Վրեժ Մարկոսյանի ընկերական հարաբերությունները):
Շնորհակալ կլինենք, եթե «Ժողովուրդ» օրաթերթը շարունակի իր մշտադիտարկումը բոլոր բնագավառներում»:
ԼՈՒՐԵՐ
ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Armlur.am-ի փոխանցմամբ` երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ 37-ամյա կալանավոր Կարեն Սահակյանը «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է: Ըստ կայքի աղբյուրների՝ կալանավորն ավելի վաղ ինքնավնասում է կատարել՝ կտրելով երակները, բուժման նպատակով նրան տեղափոխել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Իսկ այն պահին, երբ իր ամորձիների տակից թուք է ներարկել, նրան շտապ տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նշենք, որ Կարեն Սահակյանն ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն էր, եւ երկու ամիս առաջ կալանավորվել էր թմրանյութի ապօրինի իրացման մեղադրանքով: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերից armlur.am-ին հայտնել են, որ կալանավորը մահացել է վերակենդանացման բաժանմունքում:
42 ՈՍՏԻԿԱՆ ԱԶԱՏՎԵԼ Է
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը, ներկայացնելով 2014 թվականի ինն ամիսներին վարչության կատարած աշխատանքները, երեկ նշել է, որ վարչության կողմից կատարվել են 414 ծառայողական քննություն եւ ուսումնասիրություն, որոնց արդյունքում 32 դեպքում ծառայողական քննության ընթացքը կասեցվել է, 7 գործ ուղարկվել է այլ ծառայություններ՝ հետագա ընթացքը լուծելու համար, 100-ը հիմնավորվել են, 34-ը ընթացքի մեջ են: Քննությունների եւ ուսումնասիրությունների արդյունքում ոստիկանության 145 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժի: Նրանցից 42-ը ազատվել են ոստիկանության համակարգից:
ՔԱՄԱՀՐԱԿԱՆ
2015թ. բյուջեի նախագծի քննարկումը երեկ ընթացել է գրեթե դատարկ դահլիճում. ԱԺ 131 պատգամավորներից ներկա է եղել ընդամենը 20-25 պատգամավոր: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ելույթը սկսելիս այս փաստն արձանագրելով` հեգնել է. «Հարգելի՛ մարդաշատ դահլիճ»: Ուշագրավ է, որ դահլիճում չեն եղել անգամ իշխող ՀՀԿ-ականները, նրանց 70 պատգամավորներից դահլիճում են եղել ընդամենը 12-15 հոգի: Զարմանալի է եղել նաեւ այն, որ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը հայտնել է ոչ թե խմբակցության ղեկավարը, այլ քարտուղար Գագիկ Մելիքյանը:
ԲԱՇԽԵԼ ԵՆ
ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ` 2014 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ տարբեր մարզերի 35 համայնքներում ՏԻՄ հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ՝ ՀՀԿ՝ 21-ական, ԲՀԿ` 15-ական, ՀԱԿ` 5-ական, ՀՅԴ` 2-ական, ՕԵԿ` 2-ական, «Ժառանգություն»` 2-ական:
ԱՌԱՋԻՆԸ ԲԱՑՎԵՑ
Երեկ Մասիսում բացվել է համաժողովրդական շարժման առաջին գրասենյակը: Բացումն արել են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի քաղխորհրդի՝ նոյեմբերի 6-ի որոշմամբ նախատեսված է բոլոր մարզերում բացել համաժողովրդական շարժման շտաբեր:
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ
Հայ ազգային կոնգրեսը երեկ շնորհավորել է Վանո Սիրադեղյանի ծննդյան օրը: «Հայրենիքի իրական, մանրամասն ու նաեւ պահանջկոտ սիրող Քաղաքացի, մտավորական, քաղաքական գործիչ ու քաղաքական վտարանդի Վանո Սիրադեղյանի հերթական ծննդյան օրն է, որ մենք նշում, նա դիմավորում է հայրենիքից հեռու։ Վանոյի վտարանդիությունը նրա հայրենիքը բռնազավթած ռեժիմի տարիքն ունի։ Վանոյի վտարանդիությունը ռեժիմի բնութագիրն է ու մնալու է նույն այդ ռեժիմի ճակատի խարանը»,- ասված է ՀԱԿ-ի շնորհավորական հայտարարության մեջ: