Հրաշալի է, աննախադեպ և լիցքավորող, որ ժողովուրդն այսքան պայքարներից, ցավերից, հուսախաբումներից հետո էլի պահանջում է իր իրավունքը, ուզում է փրկել իր ընտանիքը, իր հայրենիքը և պատրաստ է գալ հրապարակ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Դուք գիտեք, որ ընտրություններից հետո մենք ասել ենք՝ միացյալ հրապարակ և միացյալ օրակարգ: Այդ միացյալ հրապարակը կայացել է և դա արժեք է, դա մեր ժողովուրդն է: Միաժամանակ, պետք է ասեմ, որ հրապարակի դիմաց կա հարթակ, որը տակավին միասնական չէ, ուստի և օրակարգը միասնական չէ:
Հոկտեմբեր ամսին եղել են հրապարակային երկու շատ լավ հավաքներ: Մենք պետք է ունենանք այդ շիտակությունը, այդ տղամարդկությունը, ասելու համար, որ որոշ հարցեր մնում են բաց՝ հրապարակային գործունեության շարունակության խնդիրը, շարժման սկզբունքների հրապարակայնացման հռչակման հարցը, որոշումների կայացման անհրաժեշտության հարցը: Մինչև հիմա չկա վերջնական համաձայնություն», – ընդգծել է նա:
Նրա խոսքով, քանի դեռ այս հարցերը բաց են, առկա խնդիրները և շարժման հետ կապված այլ հարցերը չեն կարող լուծվել:
«Մենք հավատում ենք շարժմանը, բայց արդեն պահը եկել է: Եվ ես կոչ եմ անում հրապարակային, ժողովրդին հաշվետու եղանակով մենք հասնենք սկզբունքների և հետագա գործողությունների վերաբերյալ», – հավելեց նա: