ԱՆՏԵՂՅԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ձեւավորված փաստացի անիշխանությունը շարունակվում է: Այս օրերին հայրենի կառավարության անդամների մեծ մասը ճամպրուկային տրամադրությունների մեջ է, եւ նրանց բոլորովին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում սեփական նախարարություններում: Մանավանդ որ նրանցից  առնվազն չորսն իրենց զգում են «գցվածի» կարգավիճակում, քանի որ սեփական կամքով հրաժարվելով ԱԺ մանդատներից, նրանք արդյունքում զրկվեցին նաեւ նախարարական պորտֆելներից,  եւ հիմա հայտնի չէ, թե նրանց ինչպիսի քաղաքական ճակատագիր է սպասվում:  Սակայն  պորտֆելազրկված նախարարները միայնակ չեն իրենց  անտեղյակության մեջ. իրականում համատարած  անտեղյակության մեջ է ամբողջ քաղաքական դաշտը` ԱԺ անցած անխտիր բոլոր կուսակցություններով հանդերձ: Ստեղծվել է մի զավեշտալի իրավիճակ, երբ  բացի ՀՀԿ-ից, մնացած որեւէ այլ ուժի քաղաքական կողմնորոշման մասին հստակ ոչինչ ասել հնարավոր չէ: Եվ ահա այս իրավիճակում, երբ բոլոր կուսակցությունների երկրորդ, երրորդ դեմքերից մինչեւ շարքային անդամները չգիտեն, թե վաղը «գաղափարական հիմունքներով» իրենք ինչ հայտարարություններ են ստիպված լինելու անել, նրանք ամեն կերպ փորձում են խուսափել լրագրողների հետ ցանկացած շփումից: Այս օրերին ԱԺ անցած  կուսակցությունների  ներկայացուցիչներին առաջիկա պլանների հետ կապված որեւէ  հարցով դիմելիս հնչում է հետեւյալ պատասխանը` առայժմ  մենք հարցազրույցներ եւ մեկնաբանություններ չենք տալիս: Այս տոտալ տեղեկատվական վակուումն իրականում ցույց է տալիս, որ մեզանում քաղաքական դաշտ` բառիս դասական իմաստով, գոյություն չունի, քանի որ այդ դաշտում որոշումները կայացվում են ոչ թե այս կամ այն ուժի ղեկավար մարմնում ծավալվող քննարկումների արդյունքում, այլ կուսակցության ղեկավարի եւ մաքսիմում` նրա մեկ-երկու ֆավորիտների միջեւ, իսկ մնացածները ասելիք չունենալով, ստիպված են դեմքի շատ լուրջ արտահայտությամբ լրագրողների տարբեր հարցադրումներին տարբեր «ցրողական» պատասխաններ տալ, որպեսզի վերջում, երբ ինչ-որ բան այնպես չլինի,  ասեն, թե էլի լրագրողներն են ամեն ինչ սխալ ներկայացրել: Եթե Հայաստանում ներքաղաքական գործընթացները ծավալվեին՝ իրենց հիմքում ունենալով իրապես քաղաքական  կողմնորոշիչներ, ապա նույն ԲՀԿ-ի` կոալիցիա կազմելու որոշումը նախ` այդքան ուշ եւ այդքան հանելուկային կերպով չէր կայացվի, ապա եւ` դրան հետեւած բոլոր կողմերի մեկնաբանություններն այդքան  հակասական չէին լինի: Տպավորությունն այնպիսին է, թե անգամ այսօրվա իշխող քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, բացառությամբ 3-4 հոգու, չեն հասկանում, թե ինչ է կատարվում երկրում, եւ  քամին որ ուղղությամբ  է փչում: Սակայն այս դեպքում կարեւոր է ոչ միայն քամու ուղղությունը, այլեւ դրա ուժգնությունը, որի դրսեւորումները, այսպես թե այնպես, առաջիկա ամիսներին արդեն տեսանելի կդառնան:




Լրահոս