Հողագործությամբ զբաղվելը գյուղացու համար եկամտաբեր չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առկա է  27 հազար հեկտար ոռոգելի հող, որը չի մշակվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերը նշված չօգտագործվող հողերն արտագաղթի պատճառով «անտեր» մնացած տարածքներն են: Քիչ չեն նաեւ այն գյուղացիները, ովքեր իրենց սեփական հողակտորը թողնում են անմշակ եւ այլ աշխատանքի են անցնում, քանի որ հողագործությամբ զբաղվելը գյուղացու համար այլեւս եկամտաբեր չէ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարվա հոկտեմբերի 23-ին աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում էր ստորագրել՝ «ՀՀ շուրջ 27 հազար հեկտար ոռոգելի հողատարածքները գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկելու համար առաջարկություններ նախապատրաստելու նպատակով»: Խմբի ղեկավարին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման եւ մելիորացիայի վարչության պետ Արթուր Բաղդասարյանին, վարչապետի կողմից հանձնարարվել է պարզել՝ «Հողատարածքների չօգտագործման պատճառները եւ մինչեւ 2015 թվականի մարտի 2-ը ներկայացնել առաջարկություններ՝ դրանք գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկելու համար»: Իսկ թե ինչ առաջարկներ կլինեն այս խնդիրը լուծելու ուղղությամբ, ցույց կտա ժամանակը:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, Ձեր կողմից ղեկավարած մարզում որքա՞ն են կազմում ոռոգելի հողատարածքները, որոնք չեն մշակվում:

-Հիմնականում Արագածի տարածաշրջանում կան հողատարածքներ, որոնք չեն մշակվում, բայց դրանք անջրդի են: Ունենք նաեւ անմշակ հողատարածքներ ե՛ւ Թալինի. ե՛ւ Ապարանի տարածաշրջաններում: Մեզ մոտ հիմնականում ջուր չունենալու պատճառով դրանք չեն մշակվում: Պատճառն էլ պոմպակայաններն են:

-Իսկ կա՞ն ոռոգելի հողեր, որոնք մարդկանց կողմից չեն մշակվում:

-Մատների վրա կարելի հաշվել գյուղեր, որտեղ գյուղտեխնիկա չկա, դրա պատճառով էլ չեն կարողանում ցանքս կատարել: Կամ էլ մեկնել են երկրից:

-Այս խնդիրը լուծելու համար ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում:

-Այնպես չէ, որ մենք չենք մտահոգվում: Դա մեր ամեն օրվա հարցն է: Մենք փորձում ենք՝ հնարավորինս ոռոգելի դարձնենք հողերը: Իհարկե, դրա համար մեծ գումարներ են պետք՝ նոր ջրագծեր անցկացնելու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս