ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ «ԽՆԱՅՈՒՄ» ԵՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցի ընթացքում (հոկտեմբերի 20-ից 21-ը) միայն ինքնաթիռի համար պետական բյուջեից ծախսվել է 18 միլիոն 795 հազար դրամ` ավելի քան 45 հազար դոլար: Նշել ենք նաեւ, որ գումարը վճարվել է «Այր Արմենիա» ընկերությանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ չարտերային չվերթն իրականացվել է նախագահական «Էյերբաս A319» ինքնաթիռով:

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի սկզբին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այսօրվա ոչ իշխանական ուժերը անարգանքի սյունին էին գամել, քանի որ պարզվել էր՝ նրա արտասահմանյան այցերի չարտերային չվերթների վրա միլիոնավոր դրամներ են ծախսվում: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը հայտարարել էր, թե. «Հայաստանի աղքատիկ բյուջեի պայմաններում նման շռայլություններ թույլ տալը պարզապես բարոյական չէ»:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է զրուցել ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե ինչու նրանք չեն արձագանքում Հ. Աբրահամյանի կողմից պետբյուջեի հաշվին թույլ տրվող այն նույն «շռայլություններին», որոնց համար մեկ տարի առաջ դատափետում էին նախկին վարչապետին:

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
-Տիկի՛ն Սարգսյան, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները սովորություն են դարձրել արտասահման մեկնել միմիայն բիզնես դասով, ինչի ահռելի գումարները վճարվում է պետական բյուջեից: Վերջերս էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնեց Իրան` միայն չարտերային չվերթի վրա ծախսելով ավելի քան 45 հազար դոլար: Որքանո՞վ եք ճիշտ համարում նման շռայլությունը, երբ ՀՀ-ում առկա է 32 տոկոս աղքատություն:
-Ինձ համար էական չէ` այդ գումարները վատնում են ՀՀ վարչապետը, նախարարները թե երկրի նախագահը: Իհարկե, մենք, որպես պետություն, ամեն տեղ պետք է արժանապատիվ ներկայանանք, բայց եթե այդ արժանապատվությունը պահվում է նաեւ երկրի ներսում, ու ժողովուրդն էլ երկրի ներսում արժանապատիվ կյանքով է ապրում: Այդ դեպքում արդարացված է, բայց նման անիմաստ ծախսեր իրականացնելն ինչ-որ այցերի վրա, կարծում եմ՝ արդարացված չէ: Ավելին՝ ես կարծում եմ, որ արժանապատիվ ներկայանալու եւ արժանապատիվ պատվիրակության տպավորություն թողնելու համար պարտադիր չէ նման ծախսերի հետեւից ընկնել, պետք է ընդամենը քո սեփական երկիրն ու ժողովրդին հարգող ղեկավար լինել: Ինքնաթիռը իմիջ չի ստեղծում, հակառակը՝ ավելի շատ հարվածում է այդ իմիջին: Բայց մեր երկրում անիմաստ ծախսերը կշարունակեն լինել, քանի դեռ իշխանությունն այս բնույթի է:
-ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին նման «ճոխություններ» թույլ տալու համար ԱԺ ոչ իշխանական ուժերը մշտապես քննադատում էին, ինչո՞ւ նույն սկզբունքայնությամբ չի քննադատվում նաեւ ՀՀ ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը, կարծես թե, իր նախորդից այդ առումով չի տարբերվում:
-Ուրեմն ինչ վերաբերում է նախկին վարչապետին, որի նկատմամբ ունեմ շատ-շատ վատ կարծիք, հատկապես այն դերակատարության մասով, ինչ տեղի ունեցավ մեր կուսակցության դեպքում… ու մարդկային տեսակն էլ ինձ համար անընդունելի էր, երբ չափից դուրս շռալ էր բյուջեն օգտագործում իր սեփական նպատակների համար: Դա տեսանելի էր բոլորին, ու նաեւ շատ աղմկահարույց գործերի մեջ էր ներքաշված, հետեւաբար ես այստեղ չեմ ուզում համեմատություններ անել, որովհետեւ ամեն դեպքում Հովիկ Աբրահամյանը օֆշորի հերոսը չէ: Իսկ ինչ վերաբերում է նոր կառավարությանը, ապա, բնականաբար, քննադատությունները կան, կշարունակվեն ու կմեծանան, եթե տեսնենք, որ նույն ոճի մեջ են գործում:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարո՛ն Հակոբյան, ինչպե՞ս է «Ժառանգություն»-ը վերաբերվում ՀՀ պաշտոնյաների` պետբյուջեի հաշվին բացառապես բիզնես դասով ուղեւորությունների մեկնելու թուլությանը: Նաեւ ինչպես եք գնահատում այն, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցի ընթացքում միայն ինքնաթիռի համար պետական բյուջեից ծախսվել է 18 միլիոն 795 հազար դրամ:
-Թվերին տեղյակ չեմ, բայց ես այն կարծիքին եմ, որ պետությունն այնպիսի վիճակում է, որ ցանկացած ուղեւորություն անելիս, նաեւ՝ պաշտոնական, պետք է հաշվի առնվի պետության վիճակը, ու հնարավորինս տնտեսվի:
-Իսկ ինչո՞ւ ընդդիմությունը դրա մասին չի բարձրաձայնում, ինչպես դա արվում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում:
-Ես կրկնում եմ՝ պետության վիճակին համապատասխան քայլեր պետք է ձեռնարկվեն, այդ թվում նաեւ՝ ուղեւորությունների ժամանակ: Պետությունը, պետական բյուջեն բավականին ծանր վիճակում են գտնվում, ու կարծում եմ՝ նման դեպքերում այդ իրավիճակը պետք է հաշվի առնեն:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
-Պարո՛ն Մելքումյան, ԲՀԿ-ում ինչպե՞ս են վերաբերվում իրենց ուղեւորությունների վրա պետական բյուջեից հսկայական գումարներ վատնող պաշտոնյաների գործելաոճին:
-Դրանք պետք է կանոնակարգված լինեն օրենքներով, եթե ինչ-որ բաներ կանոնակարգված են օրենքներով, իրավական ակտերով, ուրեմն պետք է նայել:
-Օրինակ` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Իրան կատարած այցը 18 միլիոն 795 հազար դրամ է արժեցել, ըստ Ձեզ՝ դա կանոնակարգվա՞ծ է…
-Միգուցե կարգավորված է, միգուցե՝ ոչ, պետք է նայել (արագ քայլելով՝ հեռանում է Ս. Գ.):

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼԻՆԵԼԸ ՃԱԿԱՏԻՆ ԳՐՎԱԾ ՉԷ

Հարյուր տոկոսով համամասնական ընտրակարգի անցնելու հարցում հայրենի խորհրդարանում տարակարծությունները վաղուց են: Այս ընտրակարգի կողմնակիցների հիմնական փաստարկն այն է, որ, ինչպես ցույց է տալիս փորձը, մեծամասնական ընտրակարգով հիմնականում խորհրդարան են անցնում օրենսդիր աշխատանքի համար միանգամայն ոչ պիտանի գործիչները` հայտնի «ավանդական» մեթոդներով գործի դնելով ֆինանսական միջոցները: Ուստի դրանից խուսափելու եւ ավելի պրոֆեսիոնալ խորհրդարան ունենալու համար անհրաժեշտ է համամասնական ընտրակարգի անցնել:

Մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը, սակայն, համակարծիք չէ վերն ասվածին եւ նաեւ որեւէ մտավախություն չունի ընտրակարգի փոփոխության հետ կապված:
-Պարո՛ն Մուրադյան, եթե առաջիկայում ընտրական օրենսգրքում կատարվեն համապատասխան փոփոխություններ եւ անցում կատարվի հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի, Ձեր դիրքորոշումը ինչպիսի՞ն կլինի:
-Ինչի իմ ճակատին գրվա՞ծ է, որ ես միշտ պետք է պատգամավոր լինեմ: Դե, եթե այդպես լինի, եւ անցում լինի հարյուր տոկոս համամասնականին, ես դրա դեմ որեւէ բան չեմ ասի ու չեմ անի: Նախ՝ թող տեսնենք՝ ինչ է լինելու, մնացած անելիքներն էլ թող մնան հետոյին:
Մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Մնացական Մնացականյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը համակարծիք կլինի կուսակցության ներսում կայացված որոշմանը:
-Պարո՛ն Մնացականյան, եթե ԱԺ-ն հաստատի լիարժեք համամասնական ընտրակարգին անցումը, Դուք ինչպե՞ս կվարվեք:
-Դա քննարկման խնդիր է, ընդամենն առաջարկ է ներկայացվել, 12 կետերում էլ ներառված է այդ պահանջը: Հանրապետական կուսակցության խորհուրդն էլ իր հերթին կուսակցության ներսում կքննարկի այդ հարցը: Ես կարող եմ իմ կարծիքն ու դիրքորոշումն ասել մեծամասնական ընտրակարգի վերաբերյալ: Կարծում եմ, որ այս ընտրակարգն այնքանով է արդյունավետ, որ ամեն մեկն իր տարածքից է ընտրվում եւ ներկայացնում է կոնկրետ տարածք: Այնպես չէ, որ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելը ենթադրում է բոլոր ենթադրյալ եւ եղած խնդիրների միանշանակ լուծում:
-Եթե օրինագիծը բերվի խորհրդարան եւ դրվի քվեարկության, պատրա՞ստ եք ինքներդ Ձեր դեմ քվեարկել:
-Ես կուսակցության, ֆրակցիայի անդամ են: Ինչպիսի որոշում էլ կայացվի կուսակցության ներսում, ես էլ քվեարկության շրջանակներում կարտահայտեմ իմ կարծիքը, ավելի կոնկրետ՝ իմ համակարծիք լինելը: Եթե կուսակցությունը կողմ քվեարկի, ես էլ այդպես կվարվեմ: Ավելի լավ է առաջնահերթությունը տալ ընդհանուրի, քան անձնական շահերին:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ ՏԱՊԱԼԵՑ, ԹԵ՞ ՏԱՊԱԼՎԵՑ
Երեկ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներին չհաջողվեց «անցկացնել» իրենց իսկ Կառավարության ուղարկած երկու նախագիծ, ինչը ոչ իշխանական ուժերը ծափերով ողջունեցին: Առաջինն աղմկահարույց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն էր, որի քվեարկության արդյունքներն այսպիսինն էին՝ 61 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ: Քվորման բացակայության պատճառով օրենքի նախագիծը չընդունվեց, ընդհանուր քվեարկողների թիվը 66-ից պակաս չէր կարող լինել:
Իսկ մյուս օրինագիծը «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն էր վերաբերում: Այս նախագծի քվեարկությունն էլ այսպիսին եղավ՝ 57 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ: Նիստից հետո ՀՀԿ-ականներից շատերը դժգոհում էին, որ իրենց քվեարկության կոճակները չեն աշխատել, եւ իրենք փորձել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին տեղեկացնել դրա մասին, «ձեռք» են բարձրացրել, սակայն Սահակյանն ուշադրություն չի դարձրել: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այս նախագծերը ՀՀԿ-ականների սրտով չէին, ինչի արդյունքում էլ դրանց քվեարկությունը տապալվեց ԱԺ նախագահի ձեռամբ:

 

ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ Է ՍՊԱՆՎԵԼ
Երեկ Նոր Մոսկվայում՝ Խովանի գերեզմանատանը, հայտնաբերել են գործարար Սերգեյ Դադայանի դիակը: Այս մասին հայտնում է Life News-ը: Կայքը տեղեկացնում է, որ նա զոհվել է կրծքին ստացած հրազենային վնասվածքից:
Ռուսական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ 54-ամյա Դադայանի դին հայտնաբերվել է երեկ՝ ցերեկը, գերեզմանատան մուտքի մոտ կայանված մեքենայում: Ոստիկանությունը ճշտում է դեպքի մանրամասները, որոնվում են հանցագործության հեղինակները:
Նշենք, որ ՌԴ-ում նման սպանություններ հաճախ են լինում, սակայն բացահայտման դեպքերը մատերի վրա կարելի է հաշվել: Նույնիսկ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի վրա կատարված զինված հարձարկման առիթով հարուցված քրեական գործը մնաց չբացահայտված:

 

ԹԱՆԿ ՊՈՊՈՔ ՈՒ ՊՆԴՈՒԿ
Հայաստանի ներքին շուկայում որոշ սննդատեսակներ օր օրի շարունակում են թանկանալ, այն դեպքում, երբ Ամանորի տոների գնումներին դեռեւս մեկ ամսից ավել ժամանակ կա: «Ժողովուրդ»-ը շրջայց կատարեց երեւանյան որոշ սուպերմարկետներում, խանութներում եւ արձանագրեց, որ ներքին շուկայում վերջին մի քանի օրերին կտրուկ թանկացել է ընդեղենը: Օրինակ՝ 1 կգ ընկույզը վաճառվում է 10 հազար դրամով: Ըստ փորձագետների՝ այս տարի ընկույզի բերքը սովորականից շատ ցածր է եղել: Արդյունքում՝ ներքին շուկայում թեկուզ ոչ այդքան շատ սպառվող, բայց անհրաժեշտ սննդատեսակի դեֆիցիտ է առաջացել: Կարելի է կանխատեսել, որ Ամանորի նախաշեմին ընկույզի գինն է՛լ ավելի կբարձրանա:

 




Լրահոս