«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն քիչ առաջ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հայտնում ենք, որ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն ներքին ստուգումների արդյունքում հայտնաբերելով շուրջ 751 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ նյութական արժեքների կորուստ` հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն` Ընկերությունից յուրացման փաստի կապակցությամբ:
Միաժամանակ հայտնում ենք, որ, հիմք ընդունելով նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի, ընկերությունը ձեռնպահ է մնում որևէ լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն հրապարակելու հարցում»:
Armlur.am-ն ավելի վաղ տեղեկացել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ստացված նյութերի հիման վրա, 2014թ. նոյեմբերի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ «Ղ. Տելեկոմ» ՓԲ ընկերության վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանի կողմից շուրջ 751 մլն դրամի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: