26 նոյեմբերի, 2014թ., Երևան. Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) պաշտոնապես ամփոփեցին «Աջակցություն Արմավիրի մարզի Շենիկ համայնքի մանկապարտեզին» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին Շենիկ համայնքի մանկապարտեզում, մասնավորապես կահավորվեցին և անկողնային պարագաներով համալրվեցին հանգստի սենյակները, ինչպես նաև բացվեց նոր խաղահրապարակ մանկապատեզ հաճախող երեխաների համար։
«Հանդիսանալով հեռահաղորդակցության առաջատար օպերատոր՝ Beeline–ը ոչ միայն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իր կողմից մատուցված ծառայությունները դառնան հասանելի և մատչելի յուրաքանչյուրի համար, այլ տարբեր մարզերում իրականացնում է բարեգործական ծրագրեր՝ իր անմիջական մասնակցությունն ունենալով տվյալ շրջանում առկա սոցիալական, կրթական և բնապահպանական խնդիրների լուծման գործում։ Այս ծրագիրը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ երեխաները մեր ուշադրության կենտրոնում են, իսկ այսօր մեզ հաջողվեց Շենիկ համայնքի երեխաների կյանքը դարձնել ավելի լավը և պարգևել նրանց անհոգ ու գունեղ մանկություն»,– նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը, ծրագրի հաջող իրականացման առնչությամբ նշել է. «Հայաստանի մանուկներ հիմնադրամի համագործակցությունը Beeline-ի հետ արդեն լավ ավանդույթ է դարձել և թույլ տվել աջակցության ձեռք մեկնել հարյուրավոր մանուկների: Շենիկի մանկապարտեզի պայմանների բարելավումը և´ ուղղակիորեն, և´ անուղղակիորեն նպաստում է համայնքային զարգացման մեր գաղափարախոսությանը. երեխաների համար բարեկեցիկ ապագայի ստեղծմանը, սոցիալ-տնտեսական միջավայրի ակտիվացմանը, զարգացման նոր հնարավորությունների ընձեռնմանը: Լիահույս ենք, որ բարելավված մանկապարտեզ կհաճախեն ավելի մեծ թվով երեխաներ, ինչը կնպաստի նաև, որ իրենց մայրիկները՝ գյուղաբնակ շատ կանայք, աշխատելու հնարավորություն ունենան և իրենց լուման ներդնեն համայնքի ու երկրի զարգացմանը»:
Նշենք, որ Շենիկ համայնքի մանկապարտեզը հիմնադրվել է ավելի քան 30 տարի առաջ։ Բավարար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, մանկապարտեզի գույքն ամբողջությամբ մաշվել էր, իսկ ննջասենյակներում մահճակալների և անկողնային պարագաների բացակայության պատճառով, երեխաների համար անհնարին էր դարձել ցերեկային հանգստի կազմակերպումը: Ավելին, մանկապարտեզի ոչ լիարժեք կահավորումը խոչընդոտ էր հանդիսանում նաև նախակրթարանի՝ իր հնարավորություններից ավելի թերբեռնված աշխատելու համար: Խաղահրապարակի բացակայության պատճառով երեխաները զրկված էին բակային խաղեր կազմակերպելու և ապահով վայրում ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելու հնարավորությունից:
Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը վերջին մի քանի տարիների ընթացքում արդեն իսկ իրականացրել են կրթական և սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր՝ ուղղված համայնքների հավասարաչափ զարգացմանը։