Ինչ է իրենից ներկայացնում ԵՏՄ դատարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ չնայած Հայաստանը դեռեւս պաշտոնապես չի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, սակայն Եվրասիական տնտեսական միության դատարանում Հայաստանի կողմից նշանակվելիք դատավորների թեկնածուների շուրջ քննարկումներն արդեն ամբողջ թափով ընթանում են:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանում այս օրերին քննարկվում է ԵՏՄ դատավորների թեկնածուների հարցը, եւ առավել հավանական թեկնածուներից մեկը համարվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանը, որն այս օրերի հանրապետությունում չէ:

Ի՞նչ պարտականություններ ունեն Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորները, եւ ի՞նչ սկզբունքով են ընտրվում նրանք:

Եվրասիական տնտեսական միության դատարանը պետք է կազմավորվի եւ գործի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի եւ դատարանի կանոնադրությանը համապատասխան: Դատարանի գործունեության նպատակը պետք է լինի ԵՏՄ պայմանագրերի, ինչպես նաեւ՝ դատարանի կանոնադրության համաձայն՝ ԵՏՄ մարմինների որոշումների միանման կիրառումն ապահովելը անդամ պետությունների եւ ԵՏՄ մարմինների կողմից: Ի դեպ, դատարանի կանոնադրությունում եւ մնացած փաստաթղթերում ԵՏՄ-ն կարճ նշվում է «Միություն»:

Դատավորների, պաշտոնատար անձանց եւ դատարանի աշխատակիցների աշխատանքային վճարների պայմանները պետք է սահմանվեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից, այլ կերպ ասած՝ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների համատեղ որոշմամբ:

Դատարանի կազմում ԵՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր նշանակում է երկուական դատավոր՝ ինը տարի պաշտոնավարման իրավունքով:

Ըստ դատարանի կանոնադրության՝ դատավորները պետք է ունենան բարձր բարոյական հատկանիշներ, լինեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ միջազգային եւ ներպետական իրավունքի ոլորտում, ինչպես նաեւ՝ պետք է համապատասխանեն անդամ պետությունների բարձրագույն դատական մարմինների դատավորների դեպքում կիրառվող պահանջներին:

Դատավորները պետք է նշանակվեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից՝ անդամ պետությունների ներկայացմամբ: Այսինքն՝ Հայաստանը կներկայացնի դատավորների իր թեկնածուներին, որից հետո Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները նրանց կնշանակեն ԵՏՄ դատավոր:

Ի դեպ, դատավորներն իրենց պաշտոնին անցնելուց առաջ պետք է երդվեն:

Դատավորի լիազորությունների դադարեցնելու որոշումները եւս կայացվում են ԵՏՄ բարձրագույն խորհրդի կողմից:

Դատարանը պետք է ունենա նախագահ եւ տեղակալ, որոնց պետք է ընտրեն դատարանի անդամները` իրենց կազմից: Ի դեպ, դատարանի նախագահը եւ նրա տեղակալը նույն անդամ պետության քաղաքացիներ չեն կարող լինել:

Դատավորներն իրավունք չեն ունենա ներկայացնելու պետական կամ միջպետական մարմինների կամ կազմակերպությունների, առեւտրական կառույցների, քաղաքական կուսակցությունների եւ շարժումների, ինչպես նաեւ՝ տարածքների, ազգերի, ժողովուրդների, սոցիալական կամ կրոնական խմբերի ու առանձին անհատների շահերը:

ԵՏՄ դատարանը քննարկելու է այն վեճերը, որոնք կծագեն ԵՏՄ պայմանագրի իրականացման հարցերի, ԵՏՄ շրջանակներում միջազգային պայմանագրերի եւ (կամ) մարմինների որոշումների վերաբերյալ:

Դատավորներին արգելվելու է նաեւ իրենց պաշտոնից, ինչպես նաեւ՝ գիտական, ստեղծագործական եւ մանկավարժական գործունեությունից բացի՝ որեւէ այլ վճարովի աշխատանք կատարել:

Դատավորներն իրավունք չեն ունենա մասնակցելու այն վեճերի քննությանը, որոնց նրանք նախկինում մասնակցել են որպես կողմ, կողմի ներկայացուցիչ, հավատարմատար կամ փաստաբան, ազգային կամ միջազգային դատարանի, քննչական հանձնաժողովի անդամ կամ որեւէ այլ կարգավիճակով:

Դատարանում դատավարությունները պետք է իրականացվեն վեճի կողմերի, նրանց ներկայացուցիչների, փորձագետների, այդ թվում՝ մասնագիտական խմբերի փորձագետների, մասնագետների, վկաների եւ թարգմանիչների մասնակցությամբ: Ի դեպ, ԵՏՄ դատարանը լիազորված չի լինի քննարկելու գործեր, որոնցով դիմողները կներկայացնեն փոխհատուցման կամ այլ գույքային բնույթի պահանջ:

Դատարանի որոշումը չկատարվելու դեպքում անդամ պետություններն իրավունք կունենան դիմել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդին՝ դրանց կատարման համար միջոցներ ձեռնարկելու համար:

Ի դեպ, ֆիզիկական անձինք ԵՏՄ դատարան դիմելու իրավունք չեն ունենա: Նման իրավունք կտրվի միայն իրավաբանական անձանց, այսինքն՝ ընկերություններին, ձեռնարկություններին, պետական մարմիններին ու հիմնարկներին, անհատ ձեռներեցներին եւ այսպես շարունակ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս