Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն, Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար ահռելի գումարներ են անհրաժեշտ: Ըստ լուրերի, այդ գումարներով պետք է իրականացվի մաքսային կանոնակարգերի և ծրագրային ապահովվածության համապատասխանեցումը ԵՏՄ պահանջներին:
Ըստ մամուլում հրապարակված որոշ գնահատականների՝ համապատասխանեցման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է մինչև 70 մլն դոլար, որից 40-ը, ըստ որոշ տեղեկությունների, պետք է տրամադրեր հիմնականում Ռուսաստանը:
Armlur.am-ը կապ հաստատեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ` պարզելու համար, թե ՀՀԿ-ական պատգամավորն ինչ տեղեկություններ ունի նշված գումարների մասին:
Ի պատասխան Գ. Մինասյանը ընդգծեց, թե բնական է, որ ԵՏՄ-ի պահանջներին համապատասխանեցնելու համար որոշակի գումարներ են անհրաժեշտ, սակայն կոնկրետ գումարի չափ պատգամավորը դժվարացավ նշել: Գ. Մինասյանը նաև տեղյակ չէր, թե ով պետք է տրամադրեր այդ գումարները:
Հիշեցնենք, որ Հայաստանը ԵՏՄ-ին պետք է նաև անդամավճար տրամադրի: