Ամերիկյան դիվանագիտական արխիվի՝ «Վիկիլիքսի» կողմից բացահայտված փաստաթղթերից հերթականը պատմում է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել 2008թ. օգոստոսի 27-ին: Այդ մասին պատմող համապատասխան զեկուցագիրը հեղինակել է Ջ. Փենինգտոնը: Դիվանագիտական հանդիպման գլխավոր թեմաներն են եղել ռուս-վրացական պատերազմն ու Վրաստանից անջատված երկրամասերի կարգավիճակի հարցը: Ուշագրավ է, որ Փենինգտոնը չի էլ թաքցնում ամերիկյան կողմի նպատակները` ընդգծելով, որ Հայաստանը չի կարող ենթարկվել ռուսական ճնշմանը եւ ճանաչել անջատված միավորների անկախությունը:
Զեկուցագրի նախաբանում Փենինգտոնը հայտնում է, որ հանդիպել է Նալբանդյանին ամերիկյան կողմի մտահոգությունները փոխանցելու նպատակով: Այդ առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը վստահեցրել է, որ Հայաստանը մտադիր չէ ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը «այս անգամ»: Ուշագրավ է, որ Նալբանդյանը կիրառել է «այս անգամ» ձեւակերպումը՝ ամերիկացիներին անուղղակիորեն հասկացնելով, որ ուրիշ դեպքում կամ այլ իրավիճակում արդեն Հայաստանը կարո՛ղ է ճանաչել երկրամասերի անկախությունը: Ապա նախարարը հավելել է, որ այսօրինակ քայլով հնարավոր կլինի մեղմել հասարակական այն հատվածի մոտեցումը, որը կտրուկ դեմ է ռուսական որոշմանը: Նալբանդյանը նկատել է, որ Հայաստանը «բոլոր երկրներից ամենաբարդ կացության մեջ է»: Նրա պնդմամբ՝ Հայաստանը տեսնում է Ռուսաստանի ու Վրաստանի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը՝ Նալբանդյանն ասել է, որ տվյալ պայմաններում Հայաստանն առավելագույնը կարող է չեզոքություն պահպանել: Ըստ նրա՝ ճգնաժամի ամենասկզբնական շրջանից սկսած՝ Հայաստանն աջակցել է Վրաստանին՝ ընդունելով փախստականներին եւ վերածվելով հումանիտար օգնության միջանցքի: Այս ամենով հանդերձ՝ Նալբանդյանն արձանագրել է Ռուսաստանի հետ «ստրատեգիական հարաբերությունները» պաշտպանելու անհրաժեշտությունը: Հետաքրքրական է, որ Փենինգտոնը, չակերտներ կիրառելով, կա՛մ փորձել է ցույց տալ հայ-ռուսական հարաբերությունների ոչ-ստրատեգիական բնույթը, կա՛մ պարզապես բառացի մեջբերել է Նալբանդյանին՝ կրկին անուղղակիորեն արտահայտելով իր անհամաձայնությունը: Ընդհանուր առմամբ՝ Փենինգտոնը ցանկացել է ցույց տալ, որ հայ-ռուսական հարաբերությունները, առնվազն իր պատկերացմամբ, ստրատեգիական չեն: Ինչեւէ, Նալբանդյանը նաեւ տեղեկացրել է, որ անձամբ է մեկնելու Վրաստան՝ չնայած Հայաստանի անհանգստությունն առաջացրած այն հանգամանքին, որ Վրաստանի ղեկավարությունը չի համագործակցում Հայաստանում առաջացած վառելիքի ու սննդի պակասի դժվարությունները հաղթահարելու հարցում:
Պարզապես զարմանալի է, որ Նալբանդյանը կարող էր կարծել, թե վրացիները, պատերազմի մեջ լինելով հանդերձ, պետք է մտածեին Հայաստանում առաջացած դժվարությունների մասին: Ի վերջո, Հայաստանի խնդիրների լուծման համար ժողովուրդը «ընտրել» է իշխանություններ, որոնք էլ պետք է զբաղվեին այդ խնդիրներով, այլ ոչ թե պատերազմի օրերին ընթացող Պեկինի օլիմպիական խաղերով տարված՝ զլանային վերադառնալ Հայաստան ու ձեռնամուխ լինել իրենց պարտականությունների կատարմանը: Նալբանդյանը հավելել է, որ իրենք, բարձր գնահատելով վրացիների հետ «հարեւանական հարաբերությունները», թույլ չեն տվել Հայաստանում որեւիցե քննադատություն Վրաստանի հասցեին՝բեռնափոխադրումների կապակցությամբ հարուցած խոչընդոտների համար: Այստեղ էլ Նալբանդյանը փաստացիորեն խոստովանել է, որ Հայաստանում իշխանությունները սահմանափակել են խոսքի ազատությունը եւ թույլ չեն տվել արտահայտել հրապարակային բողոքն ու դժգոհությունը:
Քննելով ռուսական կողմի վարքը՝ Նալբանդյանը հայտնել է, որ Հայաստանը գտնվում է նրանց կողմից լուրջ ճնշման տակ: Նրա համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները հասկանում են, որ Վրաստանից անջատված երկրամասերի անկախությունը ճանաչելն ու դա ԼՂ հակամարտության լուծման համար ուղի դարձնելը սխալ կլինի, ուստի պետք է հավատարիմ մնալ Մինսկի խմբի նախաձեռնած գործընթացին: Նա ավելացրել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային խնդիրները կարգավորելուն ուղղված երեք սկզբունքներին՝ ուժի բացառում, ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն: ՀՀ ԱԳ նախարարը խոստացել է հետեւել այս սկզբունքներին հրապարակային ու պաշտոնական հայտարարություններում: Ամերիկյան դիվանագետը, սակայն, այս կեցվածքը հակադրել է Սերժ Սարգսյանի ու ԱԳՆ խոսնակի հայտարարություններին, որտեղ որեւիցե հիշատակություն չի եղել տարածքային ամբողջականության սկզբունքի շուրջ: Նալբանդյանն արտահայտել է նաեւ ՀՀ ղեկավարության հավատարմությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությանը եւ հավելել, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ դրա վրա:
Զեկուցագիրն ամփոփելով՝ Փենինգտոնը նկատում է, որ ՀՀ Կառավարությունը ոչ մի ուղղակի քննադատություն չի հնչեցրել Ռուսաստանի հասցեին, բայց նաեւ չի էլ ճանաչել վերը հիշատակված տարածքների անկախությունը: Դրանով հանդերձ՝ ամերիկացին անհրաժեշտ է համարում ՀՀ իշխանություններին հասկացնել այն գինը, որը Հայաստանը կվճարի Ռուսաստանի առաջնորդությունը ընտրելու պարագայում: Հատկանշական է, որ ԵՏՄ-ին անդամակցելն արդեն իսկ ցույց տվեց, որ Հայաստանն ընտրել է ռուսական առաջնորդությունը, ինչին ԱՄՆ-ն ոչ մի կերպ չարձագանքեց: Կարելի է արդյո՞ք ենթադրել, որ ԱՄՆ-ն ԵՏՄ-ն համարում է ի սկզբանե ձախողված, թե՞, այնուամենայնիվ, առաջիկայում ՀՀ իշխանություններին կմատուցվի հաշիվը՝ վերոնշյալ գինը վճարելու համար:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ