ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԱԿԱՆԻ ԵՎ ՑԱՆԿԱԼԻԻ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակելով քննարկել իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի ուշագրավ պնդումները՝ այսօր կառանձնացնենք հետեւյալ երկու ձեւակերպումները: Առաջին՝ նախաբանում արձանագրված է, որ սահմանադրական փոփոխություններին նպաստող հանգամանք է այն, որ 2005թ. կատարված վերափոխումները թերի են եղել: Հատկանշական է, որ այս պնդումը չի հիմնավորվում հեղինակների կողմից, ովքեր ակնհայտորեն խուսափում են այդ փոփոխություններին հստակ գնահատական տալուց: Երկրորդ՝ շեշտվում են իշխանության «պոզիտիվ» դերակատարության ու հանրային-իրավական պատասխանատվության հիմնահարցերը: Հայեցակարգն այս դեպքում եւս դժբախտաբար տուրք է տալիս մերկապարանոց հռչակումներին՝ նախընտրելով հեռու մնալ այսօրվա իրականությունից:

«Հայեցակարգում» ամրագրված է, որ «իշխանակենտրոն» սահմանադրակարգից դեպի «մարդակենտրոնի» անցումը չհաջողվեց լիարժեք իրականացնել 2005թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Անշուշտ չմանրամասնելով իշխանակենտրոնության ու մարդակենտրոնության անիմաստ հակադրությունը՝ սույն փաստաթղթի հեղինակները չեն ջանում նաեւ անդրադառնալ 2005թ. սահմանադրական փոփոխությունների առանձնահատկություններին: «Հայեցակարգում» ոչ մի հստակեցում չկա, թե ինչ պատճառներով 2005թ. կատարված փոփոխությունները չկարողացան լուծել վերոնշյալ հիմնախնդիրը: Հատկանշական է, որ առանց նախորդ փոփոխությունների վրիպումներին ու բացթողումներին անդրադառնալու՝ անիրական կլինի դրանցից ճշգրտորեն խուսափելը: Ավելին՝ նոր փոփոխությունների ձեռնարկումը պետք է հաջորդի նախորդի վերանայմանն ու քննարկմանը: Հեղինակները, «Հայեցակարգում» նման պնդում կատարելով, առաջին հերթին պիտի քննեին նախորդ փոփոխությունների ամբողջ գործընթացը՝ սկսած հասարակական վստահության մակարդակից մինչեւ քաղաքական բեւեռների մոտեցումներ: Ի վերջո, 2005թ. հանրաքվեն հանրային մակարդակում ընկալվում է որպես հերթական կեղծված եւ իշխանության համապատասխան մարմինների ու կոնկրետ մարդկանց անձնական շահերին ծառայած փոփոխություն, որը ոչ մի առնչություն չի ունեցել հասարակության հետ: Արդ, եթե սահմանադրական նոր փոփոխությունները պետք է գնան նախորդի ուղով, ապա «Հայեցակարգի» մատնանշած փոփոխություններն անտարակույս ի չիք կլինեն՝ կրկին բացառելով հասարակության մասնակցությունն ու գործընթացը ծառայեցնելով մի խումբ մարդկանց հետաքրքրություններին:
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորելով՝ «Հայեցակարգի» հեղինակները նկատում են, որ դրա արդյունքը պետք է լինի համակարգային ամբողջականության մեջ հիմնական իրավունքների անմիջական գործողության երաշխավորումը, դրանց ապահովման ու պաշտպանության սահմանադրական հիմքերի ամրապնդումը, այս հարցում հանրային իշխանության պոզիտիվ պարտականության եւ հանրային-իրավական պատասխանատվության հստակեցումը: Նման ձեւակերպումից տպավորություն է ստեղծվում, որ գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս հիմնական իրավունքների երաշխավորման իրականացումը: Մի՞թե գործող Սահմանադրությունն է պատճառը, որ քաղաքացին անպաշտպան է իրավապահ մարմինների առաջ եւ պարզապես չի կարողանում օգտվել իր հիմնարար իրավունքներից նրանց հետ հարաբերություններում: Նման պնդումներ կատարողները կարող են մասնակցել ցանկացած պիկետի ու ակցիայի եւ ականատես լինել ոստիկանության անհամաչափ գործողություններին:
«Հայեցակարգը» շեշտում է նաեւ այս հարցում իշխանութան դրական դերակատարության եւ հանրային իրավական պատասխանատվության հստակեցման հանգամանքները: Ըստ էության, այսօրինակ փաստաթուղթը կարելի էր կառուցել համեմատաբար իրատեսական մոտեցումների վրա՝ զերծ մնալով նման ամպագոռգոռ արտահայտություններից: Այդուամենայնիվ, վերոնշյալ օրինակով արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ իշխանությունը պոզիտիվ դերակատարությամբ փայլելու փոխարեն նախընտրում է իր համար ավելի ապահով՝ բռնության եղանակը, որը ուղղակի հակասության մեջ է հասարակական հիմնարար իրավունքների երաշխավորության հետ: Ավելին՝ ի՞նչ տարբերություն, թե հանրային-իրավական պատասխանատվության հարցում սահմանադրական ինչպիսի հստակեցումներ են արված թղթի վրա, եթե գործնականում դրանք կիրառություն չեն գտնում:
Վերջապես՝ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ դա ժողովրդավարական երկրներում բավականին պատասխանատու հռչակում է: Սակայն մեզ մոտ դա ծիծաղ է առաջացնում, ինչը վկայում է սահմանադրական դրույթի անտեսման մասին, որի գլխավոր պատասխանատուն բացառապես իշխանությունն է: Վերջինիս պոզիտիվ դերակատարության ու պատասխանատվության անիրական հստակեցման մասին ճամարտակությունների փոխարեն՝ «Հայեցակարգը» կարող էր դառնալ հիմնարար եւ վստահելի փաստաթուղթ անհրաժեշտ ռեֆորմների իրականացման հարցում: Սակայն ներկայիս հասարակական-քաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ հեղինակների մտքում գործնական եւ իրական մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը գտնվում է երկրորդ հորիզոնականում: Սահմանադրական փոփոխությունների միջոցով երկրում հաստատված կարգը վերանայելու եւ զարգացման ուղի վերադարձնելու համար նախ եւ առաջ հարկավոր է հստակ գնահատական տալ առկա դրությանը եւ միայն դրանով պայմանավորված նախանշել հաջորդական գործընթացը: Մինչդեռ այսօրինակ «բարի» ցանկությունների շարան հիշեցնող փաստաթղթով հազիվ թե ստացվի նման խնդիրներ լուծել:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 
120 ՄԻԼԻՈՆԻ ՀԱՏՈՒՄՆԵՐ
«Ժողովուրդի» հավաստի տեղեկություններով՝ Դիլիջանի ազգային պարկի տարածքում բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից 2014թ. հուլիս-օգոստոսին կատարված ստուգումների արդյունքների հիման վրա Տավուշի մարզի դատախազի տեղակալ Արթուր Զարգարյանի ցուցումով Տավուշի մարզային քննչական վարչության կողմից քրեական գործ է հարուցվել: Ստուգումները վերաբերել են 2011թվականից մինչեւ 2014թ. հուլիսը կատարված անտառահատումներին:
Մեր տեղեկություններով` այդ ստուգումներով պարզվել է, որ նշված ժամանակաշրջանում ազգային պարկի տարածքում ապօրինի հատվել է 770 ծառ, որի հետեւանքով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 120 միլիոն դրամ: Բնապահպանական պետական տեսչության կատարած ստուգումներից հետո՝ սեպտեմբերին, աշխատանքից ազատվեց (թեեւ իր դիմումի համաձայն) «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Աշոտ Դավթյանը, ով մոտ 10 տարի տնօրինում էր ազգային պարկը:
Աշոտ Դավթյանը դրանից հետո մեկնեց Բելառուս եւ ներկայումս գտնվում է այդ հանրապետությունում: Դիլիջանի ազգային պարկի տարածքում կատարված ապօրինի անտառահատումների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով («Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաեւ՝ անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը, կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողություններն առաջացրել են առանձնապես խոշոր վնաս») եւ 308 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբակային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»):
Նշենք, որ Դիլիջանի ազգային պարկը հիմնվել է 1958թ., բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման, հարստացման եւ տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հոկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Դիլիջանի ազգային պարկի տարածքում կատարված հատումների մասին «Ժողովուրդի» հարցին, շեշտեց բնությունն անխաթար պահելու անհրաժեշտությունը: Մարզպետը նկատեց, որ երբ որոշվում էր միջազգային դպրոցը Դիլիջանում կառուցելու նպատակահարմարության հարցը, հաշվի առնվեցին մի քանի գործոն՝ Դիլիջանի գեղեցիկ բնությունը, հարուստ անտառները, նաեւ Վրաստանին մոտ գտնվելը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԳՆԱՃՈՎ
Մսի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն Հայաստանի ներքին շուկայում հանգեցրեց կտրուկ գնաճի: Սա այն էր, ինչ կանխատեսում էին մասնագետները՝ երբ ներքին շուկայում պահանջարկը նորմալ չի բավարարվում, բայց արտահանման պատճառով թանկացում է արձանագրվում: «Ժողովուրդ»-ը շրջայց կատարեց երեւանյան սուպերմարկետներում ու խանութներում եւ արձանագրեց, որ խոզի մսի 1 կգ-ն տատանվում է 4.000-4.200 դրամի, իսկ տավարի միսը՝ 2.400-ից 2.800-ի սահմաններում: Ի դեպ, Ամանորին ընդառաջ՝ մեր հայրենակիցները պետք է պատրաստ լինեն, որովհետեւ մսի շուկայում դարձյալ գնաճ կարձանագրվի: Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013 թվականին արտադրվել է 30 մլն 835 հազար 700 տոննա միս, իսկ ահա այս տարի այն կազմել է 34 մլն 930 հազար 800 տոննա: Ստացվում է, որ այս տարի 2013-ի համեմատ մսի արտադրության ծավալները 13.3 տոկոսով ավելացել են: Երշիկեղենի արտադրության ծավալները նույնպես նախորդ տարվա համեմատ ավելացել են՝ 18.9 տոկոսով: Օրինակ՝ 2013 թվականին արտադրվել է 3 մլն 253 հազար տոննա երշիկեղեն, իսկ 2014-ին՝ 3 մլն 866 հազար 800 տոննա:

 

ՉԵՆ ՏԱԼԻՍ, ՈՒ ՎԵՐՋ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները, ովքեր սեպտեմբերին կարկուտից մեծ վնասներ էին կրել, արդեն չգիտեն, թե որ կառույցին դիմեն՝ իրենց հասանելիք շիֆրերը ստանալու համար: Հիշեցնենք, որ տեղացած կարկուտի հետեւանքով տուժած 819 անհատական տների եւ 13 բազմաբնակարան շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունը Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրեց 69 մլն դրամ: «Ժողովուրդ»-ին ահազանգած ճամբարակցիների խոսքով՝ իրենք նոյեմբերի սկզբից մինչ օրս շիֆրեր չեն ստացել, իսկ Ճամբարակում օր օրի եղանակային պայմաններն ավելի են վատթարանում: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանից հետաքրքրվեց, թե երբ են շիֆրերը բաժանվելու մարդկանց. «Եթե նույնիսկ հիմա էլ բաժանվեն, ապա միեւնույն է՝ օգուտ չի լինի, մարդիկ չեն կարողանալու այս պայմաններին տանիք նորոգել»,- պատասխանեց քաղաքապետը:

 

«ՀՐԱՇԱԼԻ Է»
Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ՀՀ մարզպետները: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի եւ դիզելային վառելիքի պետական ծրագրին: Մարզպետներն ընդգծել են ծրագրի արդյունավետությունը եւ նշել, որ այն էապես նպաստել է գյուղատնտեսության զարգացմանը, արձանագրվել են տարբեր գյուղմթերքների արտադրության ծավալների աճ: Թե ինչու են մարզպետներն իրենց մարզերում տիրող իրավիճակը հրաշալի ներկայացնում, առնվազն ծիծաղելի է: Մինչդեռ գյուղերում մարդիկ մի կերպ են ծայրը ծայրին հասցնում, ապրում են սոցիալապես ծանր պայմաններում, իսկ արտագաղթն էլ ավելի է աճում:

 




Լրահոս