ՇՈԿԱՅԻՆ  ՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19:15-ի սահմաններում, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում՝ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում: Մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» հրդեհվել էր: Վթարի պահին «Գազելի» մեջ եղել էր 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել էր, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ.Վարդանյանը ձերբակալված է: Տեղեկացնենք, որ Մանվել Վարդանյանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից է: Նա Հրազդանի պատկերասրահի նախկին տնօրենն է, ամուսնացած է, ունի 3 երեխա: 44-ամյա Մանվել Վարդանյանի մտերիմներն ու ծանոթները ցնցված են դժբախտ պատահարից: Նրանց խոսքերով՝ Մանվելը հավասարակշռված, լուրջ եւ խելացի անձնավորություն է, եւ իրենք հրաժարվում են հավատալ, որ նա կարող էր միտումնավոր որեւէ մեկի մահվան պատճառ դառնալ:
Մանվել Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ներկա իրավիճակը: Փաստաբանը նշեց, որ ինքը բացարկ է հայտնել քննիչին եւ միջնորդություն ներկայացրել իր պաշտպանյալի տված նախկին ցուցմունքները չեղյալ ճանաչելու վերաբերյալ: Քանի որ փաստաբանի հավաստմամբ՝ նոյեմբերի 10-ին՝ դժբախտ պատահարի օրը, մինչեւ ժամը 24-ը Մ.Վարդանյանին հարցաքննել են՝ առանց բժշկական օգնություն ցուցաբերելու, մինչդեռ նա գտնվել է շոկային վիճակում, գլուխը՝ վնասված: Կամազի վարորդին օգնություն ցուցաբերել են միայն այն ժամանակ, երբ վիճակը կտրուկ վատացել է: Փաստաբանն ավելացնում է, որ արգելվել է անգամ հեռախոսազանգ կատարել հարազատներին:
Նշենք, որ փաստաբանի միջնորդությունը բավարարվել է, եւ երբ Մ. Վարդանյանն ապաքինվի եւ ի վիճակի լինի ցուցմունք տալու, այս անգամ արդեն փաստաբանի ներկայությամբ նոր հարցաքննություն կանցկացվի:
Ձերբակալված վարորդն այս պահին գտնվում է նաեւ հոգեկան ծանր վիճակում, ինչի կապակցությամբ փաստաբանը երկրորդ միջնորդությունն է ներկայացրել՝ պահանջելով տրամադրել հոգեբան: Նա նաեւ միջնորդել է իր պաշտպանյալին դատապարտյալների հիվանդանոց տեղափոխել, որի պատասխանը դեռեւս չի ստացել:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է 2.7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշի չորրորդ հորիզոնականում հայազգի եղբայրներ Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովներն են: Երկու եղբայրների կարողությունը գնահատվում է 2.7 մլրդ դոլար: Նրանք գործունեություն են ծավալում ապահովագրության ոլորտում: Սերգեյ Սարկիսովը հանդիսանում է «РЕСО-Гарантия» ընկերության նախագահը, իսկ Նիկոլայ Սարկիսովը` փոխնախագահը: Ս. Սարկիսովը զբաղվում է բիզնեսի մարտավարությամբ, իսկ մյուս եղբայրը` կորպորատիվ հաճախորդների ներգրավմամբ: Առանձին-առանձին նրանց կարողությունը գնահատվում է 1.35 մլրդ դոլար: Armlur.am-ը ներկայացրել է հայազգի հերթական միլիարդատերերի անցած ուղին:
Սերգեյ Սարկիսով` «РЕСО-Гарантия»-ի նախագահ
Տարիք՝ 53
Հարստության աղբյուր՝ ապահովագրություն եւ անշարժ գույք
Ծննդավայր եւ բնակության վայր` Մոսկվա, Ռուսաստան
Ամուսնական կարգավիճակ՝ ամուսնացած է, ունի հինգ երեխա (Forbes վարկանիշ Forbes միլիարդատերեր):
Նիկոլայ Սարկիսով՝ նույն ընկերության փոխնախագահ
Հարստության աղբյուր՝ ապահովագրություն եւ անշարժ գույք
Ծննդավայր եւ բնակության վայր` Մոսկվա, Երեւան
Տարիքը` 46
Ամուսնական կարգավիճակը` ամուսնացած է, ունի 6 երեխա:
Սերգեյ Սարկիսովը «РЕСО-Гарантия» ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է եւ կրտսեր եղբոր հետ կիսում է ընկերության բաժնետոմսերի 63%-ը: 2011 թ. նա գնել է Ռուսաստանի՝ թվով վեցերորդ ամենախոշոր ապահովագրական ընկերության՝ Insurance House VSK-ի բաժնետոմսերի 25%-ը, ապա հայտնել, որ պատրաստվում է ձեռք բերել նաեւ յոթերորդ, ամենամեծ ապահովագրական ընկերությունը՝ «Սոգլասիե»-ն, ու միավորել դրանք: Ապահովագրական մագնատն իր կարիերան սկսել է խորհրդային պետական «Ինգոստրախ» ապահովագրական ընկերությունում:
Սկզբնական շրջանում նրա գործունեությունն այնքան էլ հաջող չի եղել: Երկար ժամանակ չի կարողացել ներդրողներ գտնել իր բիզնեսի զարգացման համար: Այժմ «РЕСО»-ն Ռուսաստանի ապահովագրական ոլորտի հսկաներից մեկն է:

 




Լրահոս