Դոլարի փոխարժեքի աճն ավելի ցանկալի է, քան արժևորումը. Զոյա Թադևոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոլարի փոխարժեքի տատանումների, դրանց` մեր տնտեսության վրա ազդեցությունների և առաջիկայում ակնկալվող զարգացումների մասին Armlur.am-ը զրուցեց տնտեսագետ Զոյա Թադևոսյանի հետ, ով կարծում է, որ ամերիկյան արժույթի փոխարժեքի տատանումները երկար չեն շարունակվելու:

«Շատ եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների կիրառման արդյունք է դոլարի փոխարժեքի տատանումը: Այս իրավիճակում բնական է նման երևույթը: Նավթի գնի անկումն էլ իր ազդեցությունը ունի: Այս ամենը հանգեցրեց նաև ռուսական ռուբլու արժեզրկմանը, որի ազդեցությունը նկատելի էր ոչ միայն Ռուսաստանում, այլև եվրոպական մի շարք երկրներում»,- նշեց տնտեսագետը` հավելելով. «Փոխարժեքային տատանումները համընդհանուր բնույթ են կրում, և դա ակնհայտ է: Գլոբալացումն իրեն զգացնել է տալիս: Այս շղթայական գործընթացի մեջ շատ երկրներ են ներքաշվում: Նախկին ԽՍՀՄ երկրների վրա ազդեցությունն ակնհայտ է: Շատ ավելի թույլ տնտեսություն ունեցող երկրների վրա նման տատանումներն ավելի նկատելի են»:

Զոյա Թադևոսյանի կարծիքով` այս երևույթի մեջ որևէ արտառոց բան որոնել պետք չէ, քանի որ սա բնական տնտեսական գործընթաց է, որն, անշուշտ, իր հետևանքները կունենա, սակայն այս տատանումները երկար չեն շարունակվի:

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռևս հաղթահարված չէ:  Ըստ էության, արժեզրկման գործընթացը շատ ավելի ցանկալի է, քան արժևորումը:

Անհանգստանալու կարիք առանձնապես չկա: Այս ամենը կարող է սպառնալ միայն նրանց, ովքեր դոլարային մեծ գործարքների մեջ են»,- եզրափակեց տնտեսագետը:




Լրահոս