Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված “Նատալի ֆարմ” ընկերությունը տուգանվեց 50 մլն դրամով: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` հունիսի 11-ին հրապարակեց դեղերի պետական գնումների ոլորտում հարուցված վարչական վարությի արդյունքները:
Վարույթը հարուցվել է ԱԺ նախորդ գումարման պատգամավորներ Անահիտ Բաշխյանի ու Ստյոպա Սաֆարյանի (“Ժառանգություն”) դիմումի հիման վրա, ըստ որի` “Նատալի ֆարմը” շուկա մուտք գործելու խոչընդոտ է ստեղծում Վանաձորում գործող “Սզնի”ընկերությանը:
ՏՄՊՊՀ փորձագետ Մանուկ Միքայելյանը, ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, ասաց, որ դեղերի պետական գնումների համակարգում իրոք տեղ են գտել մի շարք իրավախախտումներ, որոնք ազդեցություն են թողել մրցակցային դաշտի վրա: “Նատալի ֆարմի” վարքագիծը հակամրցակցային է դիտվել 8 մրցույթներում: Մասնավորապես` մրցույթից առաջ կամ հետո “Նատալի ֆարմը” կատարել է “ցեֆտրիաքսոն” դեղատեսակի նվիրատվություն, կամ այն մրցույթներում, որտեղ հայտ է ներկայացրել “Սզնի” ընկերությունը, կատարվել է ինքնարժեքից ցածր գնով առաջարկ: Այսինքն` դեղ է ներմուծել 207 դրամով, սակայն մրցույթին ներկայացրել է շատ ցածր գին` “Սզնի” ընկերությանը դուրս մղելու համար:
Փոխարենը` “Նատալի ֆարմը” եկամուտ է ստացել այլ մրցույթներից, որտեղ կարողացել է պայմանավորվել մասնակից այլ ընկերությունների հետ: Օրինակ` “Քամելիա” ընկերության հետ պայմանավորվածությամբ մասնակցել է թիվ 19 եւ այլ պոլիկլինիկաների հայտարարած մրցույթներին, սակայն “Քամելիան” միտումնավոր տեխնիկական սխալներով հայտեր է ներկայացրել ու դուրս մնացել մրցույթից: Արդյունքում` “Նատալի ֆարմը” դեղերն իրացրել է ավելի թանկ գնով: Մի շարք դեպքերում բուժհաստատությունները մրցույթներ չեն անցկացրել, որին նպաստել են նաեւ օրենսդրական բացերն ու սողանցքները:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ “Նատալի ֆարմը” դեղերի ներկրման եւ իրացման ոլորտում ամենախոշոր ընկերությունն է` գրանցված է որպես գերիշխող դիրք գրավող: Ընկերությանը տուգանեցին 50 մլն դրամի չափով, այլեւս նման գործողություններ թույլ չտալու պայմանով: “Իրականում բուժհաստատություններն են ամենամեղավորը, չեն պահպանում գնումների ընթացակարգերն ու պետական գնումների օրենսդրությունը` բարենպաստ պայմաներ են ստեղծելով անբարեխիղճ մրցակցության համար”,- ասաց Ա. Շաբոյանը: Նրա խոսքով` ՏՄՊՊՀ-ն տեղեկություններ ունի, որ իրավիճակն արդեն զգալիորեն բարելավվել է` իրականացվում են պատշաճ մրցույթներ: