Հունիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է “Արի տուն”-2012 ծրագրի առաջին փուլի բացումը, որին ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ, Երևանի վարչական շրջանների, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, “Արի տուն”-2012թ. ծրագրի առաջին փուլի մասնակիցները:
Ողջունելով ներկաներին և ազդարարելով “Արի տուն”-2012թ. ծրագրի մեկնարկը` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի մասնակից երեխաներին և նրանց ծնողներին` Հայրենիք գալու և Հայրենիքը ճանաչելու մեծ ցանկության համար: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանը ներկայացրել է 1-ին փուլի ծրագիրը, ըստ որի մասնակիցները կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր և ուսումնական հաստատություններ, կլինեն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում և այլն, այնուհետև 4 օր կանցկացնեն Աղավնաձորի ճամբարում: “Արի տուն” ծրագրի նպատակն է` սփյուռքահայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրանց մեջ արմատավորել ազգային արժեքային համակարգ, ծանոթացնել հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը: “Արի տուն” ծրագրի առաջին փուլին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և ԱՄՆ-ից 25 երիտասարդ: