Երեկ Գյումրիում էր տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Ընտրություններն անցան, Հանրապետականները հաղթեցին, եւ հիմա հարկերը հավաքելու ժամանակն է: Ահա թե ինչու փոխնախարարը գործուղվել էր մարզ եւ հանդիպում էր կազմակերպել 38 համայնքների ղեկավարների հետ: Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում կառավարությունը չեղյալ հայտարարեց որոշ հարկատեսակներ: Հետո դա դարձավ PR ակցիա Հանրապետական կուսակցության համար, եւ օրեր շարունակ գովերգում էին, թե ինչ բարեհոգի են իշխանությունները, որ գյուղացուց հարկեր չեն վերցնում եւ պարտքերը զրոյացնում են:
Սա, իհարկե, առաջացրեց համայնքապետերի դժգոհությունը, որոնք պնդում էին, որ այդ քայլն այնքան էլ ողջունելի չէ, որովհետեւ պետությունը, այսպես ասած, մտնում է համայնքային բյուջե, եւ առանց այն էլ սուղ միջոցները, որոնք օդ ու ջրի նման հարկավոր են հատկապես գյուղական բնակավայրերին, ավելի են նվազում: Բացի այդ, բազմաթիվ հարկատուներ էլ վրդովված ասում էին, որ պետությունն իրենց դրդում է լինել անպարտաճանաչ հարկատու, որովհետեւ զիջելով տասնյակ տարիներ հարկերը չվճարած քաղաքացու պարտքը՝ ոչ նախանձելի կարգավիճակի մեջ է դնում հարկերը պարտաճանաչ վճարած մարդուն:
Ինչեւէ, իշխանությունների վարած անհեռանկարային քաղաքականությունն իր «արդյունքը» տվել է: Շիրակի մարզում ավելացել է անպարտաճանաչների թիվը, եւ հարկերի հավքագրման առումով մարզային իշխանություններն արդեն լուրջ խնդրի առաջ են կանգնած: Վաչե Տերտերյանն էլ արձանագրեց, որ մարզի ցուցանիշը գոհացնող չէ: Ահա թե ինչու հատուկ խումբ է գործուղվել Գյումրի, որը պետք է աշխատի համայնքապետերի հետ, նրանց հրահանգի ավելի ինտենսիվորեն լծվել հարկահավաքության գործին, կիրառել նոր մեխանիզմներ, գյուղացուն դատարանի դուռը հասցնելուց բացի:
Շիրակի մարզն առաջին 5 ամիսների կտրվածքով ցուցաբերել է հարկերի հավաքագրման 53% արդյունք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն էականորեն նվազել է: 2011-ի առաջին 5 ամիսների ընթացքում հարկահավաքության ցուցանիշը կազմել է 79%: Տերտերյանը հայտարարեց, որ հարկահավաքության գործիքները հղկելու են, անգամ օրենսդրական նոր փաթեթ են մշակել, որի դրույթներն առայժմ չհստակեցվեցին: Պարզ ասած՝ ամեն ինչ արվելու է հնարավորինս շատ հարկ հավաքելու համար:
Փոխնախարարը հայտարարեց, որ այլեւս զիջումներ չեն լինելու, եւ գյուղացիները թող հույս չունենան, որ պետությունը հողի հարկ կզիջի: Նա չմոռացավ նաեւ համայնքապետերին զգուշացնել, որ առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ վերջիններս հանկարծ չփորձեն բարեհոգի երեւալ գյուղացիների աչքին եւ հարկահավաքությունը չմղեն հետին պլան: Համայնքապետերը հանդիպման ժամանակ արդարացան, որ ցածր ցուցանիշի պատճառն աղքատությունն է: Գյուղացին վճարում է այնքան, որքան կարող է: Շատերը հող չեն մշակում, եկամուտ չունեն, հետեւաբար չեն կարող պահանջված գումարը պարտաճանաչորեն վճարել: Այդուհանդերձ, հանդիպմանը ներկա համայնքապետերը խոստացան հնարավորինս արագ բարելավել մարզի ցուցանիշը:
Գյումրի