Երեւան քաղաքի բնակիչ 50-ամյա Արմեն Հովհաննիսյանը զանգել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ իր անհանգստությունն էր հայտնում հանքային ջրերի, մասնավորապես «Ջերմուկ»-ի եւ «Բջնի»-ի թանկացման կապակցությամբ:
«Ես ճնշման խնդիր ունեմ, ամեն օր պարտադիր հանքային ջրեր են գնում: Երեկ խանութում տեղեկացա, որ «Ջերմուկ» եւ «Բջնի» հանքային ջրերի գինը 20 դրամով ավելացել է: Վաճառողն ինձ ասաց, որ չգիտի թանկացման պատճառը: Բայց ես հո լա՞վ գիտեմ՝ ինչն է: Էդ ջրերի տերերը պատգամավոր ընտրվեցին, բա էդ մանդատների գինը պիտի հանե՞ն, թե՞ ոչ»: «Ժողովուրդ»-ը քաղաքի մի քանի խանութներում շրջայց կատարեց եւ պարզեց, որ քաղաքացու ահազանգը տեղին էր: Մեր հարցին, թե առաքիչներն ինչով են բացատրում «Ջերմուկ», «Նոյ» եւ «Բջնի» հանքային ջրերի գնի բարձրացումը, վաճառողները պատասխանեցին, որ նրանք դա կապում են բենզինի թանկացման հետ:
Հանքային ջրերի թանկացման պատճառները փորձեցինք ճշտել նշված հանքային ջրերի գործարանների սեփականատերերից: «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ «ինքը բիզնեսով չի զբաղվում», բայց խոստացավ պատասխանատու մարդկանց փոխանցել մեր հեռախոսահամարը, որպեսզի նրանք խնդրի առթիվ բացատրություն տան: Սակայն պատգամավորի խոստումն այդպես էլ մնաց օդում կախված:
Մենք ինքներս դիմեցինք, եւ երկար բանակցություններից հետո «Ջերմուկ գրուպ»-ի տնօրինությունից տեղեկացրին, որ 2001 թվականից մինչ երեկ «Ջերմուկ»-ը շուկայում պահպանել է իր «200-դրամանոց» գինը: Բայց նաեւ նշեցին. «Տարայի բաղադրության հումքի 70%-ը ներկրվում է, միջազգային շուկայում այն 2-3 անգամ թանկացել է: Քանի որ ընկերությունը հումքը ձեռք է բերում թանկ գնով, ապա ապրանքանիշի ինքնարժեքն էլ բարձրացրել ենք 5%-ով: Հայկական շուկայում վաճառվող տեղական արտադրության բոլոր ջրերն էլ թանկացել են նույն պատճառով»: Հարցին, թե կապված ամառային սեզոնի հետ՝ արդյոք նախատեսվում է նոր գնաճ, ընկերությունից պատասխանեցին, որ եթե միջազգային շուկայում նավթի գինը աճի, կթանկանա նաեւ իրենց ապրանքանիշը, որովհետեւ «պլաստիկի հիմնական հումքը նավթն է»:
ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի լրատվության բաժնի պետ Գայանե Սարգսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ օրեր առաջ տեղական շուկայում գերիշխող դիրք ունեցող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, որոնցով հիմնավորում է իր ապրանքանիշի թանկացման պատճառները, բերում հիմքեր, որոնցով արդարացվում է շշալցված ջերմուկի գնագոյացումը:
«Ընկերության հիմնավորումները բավարար հիմք չեն վերլուծության համար, նոր ուսումնասիրությունների անհրաժեշտություն կլինի: Այսինքն՝ մենք պիտի հասկանանք՝ ինչ է նշանակում հումքը թանկացել է: Պետք է ստուգենք՝ արդյոք ներկրվում է հումքը, եթե այո՛, ապա ո՞ր երկրից, ի՞նչ գնով, հիմա ի՞նչ է փոխվել, ներկայացվեն դրանք հաստատող համապատասխան փաստաթղթեր: Սա շատ մանրամասն ուսումնասիրություն է: Ելնելով դրա արդյունքներից՝ մեր հանձնաժողովն առաջիկայում հստակ պատասխան կտա` արդարացված է արդյոք գնաճը, թե ոչ»,-ասաց Գ. Սարգսյանը:
Հարցին, թե այլ հանքային ջուր արտադրող տնտեսվարողների կողմից ՏՄՊՊՀ դիմողներ եղել են, լրատվական բաժնի պետը պատասխանեց. «Այս պահի դրությամբ նմանատիպ դիմումներ չունենք: Չնայած այսօր թեժ գծով բազմաթիվ սպառողներ ահազանգել են, որ թանկացրել են «Բջնի» ընկերության ապրանքատեսականին: Մեր կողմից կիրականացվի մոնիթորիգ, եւ իրականությանը համապատասխանության պարագայում կկատարվեն ուսումնասիրություններ նաեւ այդ ընկերության մասով»:
Մինչ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունների փուլում է, որոշում է՝ արդարացնի, թե մերժի տնտեսվարողի կողմից գնաճի հիմնավորումները, մեծածախ ու մանրածախ իրացման կետերում հանքային ջուրը վաճառվում է թանկ գնով: Իսկ սոցիալական ծանր վիճակում հայտնված սպառողները, մանավանդ թոշակառուներն ու հիվանդները, ստիպված են իրենց ինքնաբուժման ծախսերը մեծացնել օրական 20 դրամով:
ՄԱՆԴԱՏՆԵՐԻ ԴԻՄԱՑ 20 ՏՈԿՈՍ ԳՆԱՃ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ