«ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԼԱՎ ԱՊՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում դերասան ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասել էր, որ չի ցանկանում նկարահանվել սերիալներում, քանի որ Հայաստանում որակյալ սերիալ չեն նկարահանում, ինքն էլ չի ուզում կոպեկներով աշխատել: Բայց օրեր առաջ նա հայտնվեց «Անծանոթը» սերիալում, այն էլ գլխավոր հերոսի կերպարում:
-Ի՞նչն է Ձեզ գրավել այս սերիալի մեջ, որ համաձայնել եք:
-Բավականին երկար լռություն էր մոտս, շատ ու շատ առաջարկներ եղան տարբեր հեռուստաընկերություններից: Հիմա եթե Դուք նայեք այս սերիալը, ինքներդ էլ կհամաձայնեք, որ այսօրվա դրությամբ դա թիվ մեկ սերիալն է: Էստեղ աշխատում են Մոսկվայից հրավիրված մարդիկ: Այս սերիալը սերիալի նման չէ, ավելի շատ ֆիլմ է հիշեցնում:
-Մեր նախորդ հարցազրույցում Դուք ասացիք, որ հարգում եք Ձեր մասնագիտությունը եւ ուզում եք նորմալ վճարվել, ենթադրում եմ՝ եթե համաձայնել եք, ուրեմն նաեւ հոնորարն է Ձեր սրտով:
-Իհարկե, նորմալ համաձայնության ենք եկել, խնդիր չեմ տեսնում, բայց իմ թիվ մեկ պահանջը եղել է որակյալ ֆիլմում խաղալը, երբ տեսա՝ ինչ ներուժ է դրված, համաձայնեցի: Ինքը «Մոնտե Քրիստո»-ի ոճի սերիալ է, այսինքն՝ մի կլաս բարձր է: Ամեն մի մանրուք հաշվի է առնված, նույնիսկ դերասանների հագուստը: Ոչ մի բանի վրա գումար չեն խնայում: Բնականաբար, երազանքս է ֆիլմում նկարահանվել, բայց չկա, Հայաստանում ֆիլմարտադրություն չկա:
-Հիշեցի նաեւ, որ դժգոհում էիք «չդերասանների» առկայությունից եւ ասում, որ դա վիրավորական է տարիներ շարունակ կրթություն ստացածի համար: Հիմա այն բոլոր մարդիկ, որոնք Ձեզ հետ խաղում են, դերասաննե՞ր են:
-Գլխավոր հերոսները գրեթե այո՛: Իմ խաղընկերները դերասաններ են:
-Մեր վերջին զրույցից ակնհայտ էր, որ սերիալներին նեգատիվ եք տրամադրված:
-Նեգատիվ տրամադրված էի, քանի որ իմ ուզած սերիալը չկար: Խնդիրն այն էր, որ երբ նախորդ սերիալում էի նկարահանվում, սկզբում գիտեի՝ ինչ եմ խաղալու, բայց հետո սցենարը փոխվեց, ու կերպարս դարձավ ուրիշ բան, ինչը ես էլ չցանկացա մարմնավորել: Բայց դե այսօր նորից նկարահանվում եմ, քանի որ, ցավոք, այլընտրանք չկա: Նույնիսկ գնացի Դրամատիկական թատրոն, ինձ չվերցրին:
-Ինչո՞ւ:
-Երեւի նրանց մոտ ավելի տաղանդավոր են՝ չնայած այդ տաղանդավորները շատ չեն էլ երեւում: Մոտավորապես պարզ էր՝ ինչ պատճառներով չկանչեցին: Դե բնական է, իրենց դպրոցը չեմ անցել, կարող է շատ մարդկանց խանգարեմ: Հասկացա, որ պետք է այլ բան փնտրել: Նարեկ Դուրյանի «Օպերացիա Նեմեսիս» ներկայացման մեջ Թալեաթ էի խաղում:
-Միայն դերասան աշխատելով, ծառայելով բեմին՝ հնարավո՞ր է տուն, ընտանիք պահել:
-Իհարկե ո՛չ: Եթե իմանաք՝ օրը քանի ժամ եմ աշխատում, նույնիսկ օրը չի բավականացնում: Առավոտյան տանից դուրս եմ գալիս, գիշերը 2-ին վերադառնում: Ե՛ւ տարբեր տեսակի միջոցառումներ վարելով, ե՛ւ սերիալներում խաղալով, ե՛ւ թատրոնում խաղալով, ե՛ւ սցենարներ գրելով, ե՛ւ զբաղվելով միջոցառումների կազմակերպմամբ՝ կարողանում եմ ընտանիքիս նորմալ ապրուստ ապահովել: Մի քիչ լավ ապրելու համար ահավոր շատ գործ պետք է անես: Պետք է լինես բազմակողմանի զարգացած վունդերքինդ, հայերն ամբողջ աշխարհում ճանաչված են իրենց հենց այդ ունակությամբ:
-Գիտեմ, որ միջոցառումների կազմակերպման կենտրոն ունեք, ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպում:
-Տարբեր` սկսած համերգներից, վերջացրած կնունքներ, ծնունդներ, հարսանիքներ… Դա իմ բիզնեսն է, կողքից օգնում է, որ ես ապրեմ, որ կողքից նայողը չասի. «Էս տղեն ինչի՞ ա սենց վատ հագնված»: Ես շատ եմ ամաչում, որ մեր դերասաններից ոմանք լավ ապրելու գումար չունեն:
-Ինչպես Դուք նշեցիք, թատրոնի աշխատավարձով դժվար է լավ ապրել:
-Առանց կողմնակի գումարի, այլ աշխատանքի՝ թատրոնի աշխատավարձով ապրել չես կարող: Իսկ ճանաչված մարդու շրջապատն էլ այլ է, նրան արդեն տարբեր տեղեր են հրավիրում, նա էլ պետք է պատշաճ կերպով ներկայանա, ինչի համար պետք է գումար ունենա, որ գնա:
-Ի՞նչ է, ամեն տեղ գումա՞րն է խոսում:
-Աշխարհում ամեն ինչի մեջ է խոսում գումարը, նույնիսկ սիրո մեջ, լուրջ եմ ասում: Ո՞վ ասաց, որ գումար պետք չէ: Լավ, սիրեց քեզ 2-3 ամիս, բայց դրանից հետո կռիվներ են լինելու: Ինչքան լավ ես պահում քո ընտանիքը, այնքան քեզ հարգում, սիրում են: Որսորդությունը տղամարդը պետք է լավ անի: Միայն այդ դեպքում քեզ կհարգեն, կսիրեն, դու էլ կլինես տան ղեկավարը:
-Ձեր ընտանիքը չորսհոգանոց է, ամսական կտրվածքով որքա՞ն գումար է անհրաժեշտ տունը պահելու համար:
-Ուզում եք իմանալ՝ ես որքան եմ ծախսում, թե որքան կցանկանայի ծախսել:
-Ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը:
-Երեխաներին հագցնելով, տնտեսական հարցերով 2-2.5 հազար դոլար գնում է: Ես կուզենայի, որ ամսական գոնե 7-10.000 դոլար աշխատեի, որ տարվա մեջ 2 անգամ գնայինք հանգստանալու, կարողանայինք լավ բաներից հաճախ օգտվել: Սա նորմալ մարդու կյանք է, ոչ թե հարուստ: Ես ուզում եմ լավ ապրել:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս