Դեռեւս նոյեմբերի 19-ին ԱԺ ոչ իշխանական երեք ուժերը` «Բարգավաճ Հայաստան»-ը, «Հայ ազգային կոնգրես»-ն ու «Ժառանգություն»-ը, իրենց հերթական նիստից հետո հայտարարեցին, որ դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք-երթ է լինելու: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ այն նվիրվելու է Մարդու իրավունքների պաշտպանության օրվան:
Երթի անցկացմանը մնացել է 5 օր, սակայն եռյակում դեռ որոշված չէ, թե ովքեր են մասնակցելու դրան, արդյո՞ք ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» առաջնորդները ներկա կլինեն: «Ժողովուրդ»-ը զրուցեց եռյակի ներկայացուցիչների հետ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
-Պարո՛ն Մարգարյան, եռյակը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին հանրահավաք-երթ է լինելու, սակայն մինչեւ այսօր անհայտ է, թե ովքեր են մասնակցելու հանրահավաքին, ի՞նչ է ընդգրկված օրակարգում: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկա լինելո՞ւ է հանրահավաքին:
-Թե ով կմասնակցի հանրահավաքին… մենք անձերի հետ կապված դեռեւս չունենք պատկեր, նույնիսկ ելույթների հարցով չունենք որոշում:
-Այսինքն՝ եռյակում տարաձայնությունները «խորացել» են, ու համագործակցությունն այլեւս գոյություն չունի՞: Ինչո՞ւ է նման բարձիթողի վիճակ:
-Ուրեմն եռյակում գրեթե չի կատարվում մի բան, որը մենք նախկինում չենք ունեցել, մշտապես էլ եռյակում տարբեր հարցերի հետ կապված լինում են տարակարծություններ, տարաձայնություններ, տարբեր մոտեցումներ, այսօր էլ կա նման բան: Ու ես ասում եմ՝ նման դեպքերում աշխատում է մեր ներքին կանոնակարգը՝ եռյակն անում է այն, ինչին բոլորն են համաձայն, ու եթե որեւէ մեկը ինչ-որ բան է ուզում անել առանց մյուսների, մենք ունենք պայմանավորվածություն, որ մյուսները դրանից պրոբլեմ չեն սարքի: Ամեն մեկն ազատ է: Սա մենք ունենք, ունեցել ենք, ու ես հիմա եղած պատկերը չեմ հարմարեցնում… Ինչ-որ կա, դրա մասին եմ հայտնում: Մենք այս պատկերն ունեցել ենք նաեւ քառյակի ժամանակ, դա գործում է հիմա: Այնպես որ, եթե «Ժառանգություն»-ը գտնում է, որ պետք է ինչ-որ միջոցառում անի, ապա այդտեղ որեւէ խնդիր չկա:
-Բայց նախկինում քառյակի ժամանակ տարաձայնություններն այդքան շատ չէին, իսկ քառյակի առաջնորդներն էլ տարբեր տեսակետներ չէին հայտնում ու գործողություններ չէին անում, իսկ այժմ ամեն մեկն իր տեսակետն է հայտնում, հանրահավաքի հրավիրում, դա նորմա՞լ է:
-Նախկինում ավելի շատ խորհրդարանի ներսում էր գործունեությունը՝ օրինագծերի շուրջ, քվեարկությունների հետ կապված, ու, ի վերջո, դրանից էլ սկսվեց խորհրդարանական համագործակցությունը, եւ մեծ մասամբ դա դուրս չէր գալիս: Հիմա շարժումը դարձել է ավելի հանրային, արդեն շարժումը փողոց է դուրս եկել, եւ, բնականաբար, մոտեցումների տարբերություններն արդեն ավելի երեւացող են դառնում: Բայց ես ասում եմ, որ մենք դրանք հաղթահարել ենք ու կշարունակենք հաղթահարել:
-Կարծես թե եռյակն արդեն պատրաստվում է արձակուրդի «գնալ», երթից հետո եռյակը կամփոփի՞ տարին, եւ վե՞րջ:
-Քննարկելու հարցեր միշտ էլ կան, մենք այս երկու օրը պետք է նիստ անեինք, բայց երեւի կտեղափոխենք մյուս շաբաթվա մեջ, որոշ տեխնիկական խնդիրներ կան: Մենք շտաբներ ենք բացում, որի գործընթացին բոլորը մասնակցում են, այստեղ որեւէ խնդիր չկա: Այդ շտաբներով շարժումն է ուժեղացվում: Մենք դեռեւս չենք որոշել, թե այս պահի դրությամբ մեր հետագա քայլերը որոնք են լինելու: Քննարկել հարցերը, չի նշանակում ունենալ բոլոր ժամանակների բոլոր պատասխանները, մենք աշխատում ենք, դրանք կերեւա ընթացքում:
-1948 թվականի դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի ընդհանուր Ժողովն ընդունեց Մարդու իրավուքների համընդհանուր հռչակագիրը, որին միացան աշխարհի տարբեր երկրներ: Դուք քվեարկեցինք Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի օգտին. մի տեսակ հակասող երեւույթներ են:
-Ցանկացած մարդ իրավունք ունի Մարդու իրավունքների պաշտպանության օրը հիշել, ինչի մենք իրավազո՞ւրկ ենք դառնում՝ ԵՏՄ-ին անդամակցելով, դա մեր իրավունքն է:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ
-Պարո՛ն Զուրաբյան, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցելո՞ւ է դեկտեմբերի 10-ի հանրահավաք-երթին:
-Ես չեմ կարող նման տեղեկություն տալ, քանի որ նման տեղեկատվության ես չեմ տիրապետում, իսկ անձամբ ես ոտքիս հետ կապված պրոբլեմ ունեմ, եթե կարողացա, կմասնակցեմ:
-Կարելի՞ է ասել, որ եռյակն այդ հանրահավաքից հետո արձակուրդ է «մեկնելու», այսքանով ոչ իշխանական ուժերն իրենց առջեւ դրված խնդիրները համարում են ավարտվա՞ծ:
-Ամեն ինչի մասին կիմանաք ճիշտ ժամանակին:
-Ե՞րբ է ճիշտ ժամանակը:
-Արդեն պատասխանեցի: Վե՛րջ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարո՛ն Հակոբյան, «Ժառանգություն»-ում ի՞նչ որոշում է կայացվել հանրահավաք-երթի հետ կապված: Մասնակցելու ե՞ք, ելույթներ լինելո՞ւ են, ինչո՞ւ մինչեւ այսօր եռյակը չի քննարկել հանրահավքին վերաբերող հարցերը:
-Կազմակերպական հարցերը՝ դեկտեմբերի 10-ի հետ կապված, դեռեւս քննարկման փուլում են: Այսքանը, որեւէ բան չեմ կարող ասել:
ԶՐՈՒՑԵՑ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ՀԻՄԱ ԷԼ ՁՄԵՌ ՊԱՊ
Երեւանի քաղաքապետարանը չի դադարում հանրութանը զարմացնել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորութամբ, քաղաքային բյուջեի հաշվին Ամանորի քեֆերին պատրաստվելուց բացի, քաղաքապետարանում նաեւ որոշել են «Ձմեռ պապի» ամանորյա պարկ պատրաստել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը դեկտեմբերի 1-ին պայմանագիր է կնքել «Էնի Ռոուզ» ծաղկի եւ հարսանյաց սրահի հետ եւ ձեռք է բերել ամանորյա զարդարված տուփ, կողով՝ իրենց պարունակությամբ եւ հուշանվերներով: Ըստ պայմանագրի՝ զարդարված տուփի մեջ պետք է լինեն շոկոլադ, չիր, թեյ, գինի, կոնյակ, նույնը նաեւ՝ կողովի մեջ: Այս ամենի համար Երեւանի համայնքային բյուջեից վճարվել է 3 մլն 300 հազար դրամից մի փոքր պակաս գումար:
ԱՅՍՕՐ-ՎԱՂԸ
ՀՀ Արագածոտնի մարզի 12 համայնքների բնակիչների գազամատակարարման հարցը դեռ շարունակում է օդից կախված մնալ, թեեւ պատկան մարմինները խոստացել էին, որ այն երկու օրվա ընթացքում լուծում կստանա: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Հայաստանի Արագածոտնի մարզի թվով 12 համայնքներում դեռեւս երկու տարի առաջ իրականացվել են գազաֆիկացման աշխատանքներ, սակայն գյուղերի բնակիչները մինչ օրս դեռեւս գազ չունեն: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրուցում եւս մեկ անգամ խոստացավ, որ մոտ օրերս նշված գյուղերի բնակիչները գազ կունենան: «Նախորդ շաբաթ Կառավարությունը որոշում է կայացրել, եւ կարճ ժամանակահատվածում հանձնման-ընդունման գործընթացը կլինի, որից հետո մարդիկ գազ կունենան»,- խոստացավ Արագածոտնի մարզպետը:
ԲՈՂՈՔԻ ՀՈՒՅՍԸ
Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշել է կարճել ՀՀ քննչական կոմիտեի քննիչների պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ով Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հակոբ Մանուկյանի շահերի պաշտպանն է, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը եւ իր պաշտպանյալը քրգործը կարճելու մասին տեղյակ չեն: «Քննիչներին պատասխանատվության ենթարկելն անհիմն է, նրանք գործել են իրենց լիազորությունների շրջանակներում: Իմ բողոքը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին հենց այն հույսով է եղել, որ նա կկարճի քննիչների նկատմամբ քրեական գործը»:
ԽՆՋՈՒՅՔԸ ՈՒ ԾԵԾԸ
Օրերս Վաղարշապատի Կիրովի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած խնջույքն ավարտվել է կռվով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հյուրերից մեկը, որը հրավիրված է եղել Արմավիրի մարզի Շահումյան գյուղից, ծեծել է հոբելյարի մորը եւ հեռացել: ՀՀ ոստիկանությունից հաստատեցին լուրը` հավելելով, որ քննություն է ընթանում: