ՀԱՐՑ. Վերջին տարիներին խնձորն ու տանձն ուտելիս ինձ թվում է, թե արհեստական միրգ եմ ուտում: Այդ պատճառով գնել եմ հողատարածք՝ պտղատու այգի դարձնելու համար: Հողի նախկին տերը գարնանը բավականաչափ մրգատու ծառեր արդեն տնկել է, ես էլ պատրաստվում եմ հետո ավելացնել, բայց ուզում եմ իմանալ, թե որ դեպքում է, որ խաղողի եւ պտղատու այգիների համար հողի հարկ չի վճարվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հողի հարկից ազատվում են նոր հիմնված եւ երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները մինչեւ տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում)՝ դրանց տարածքը 0.1 հեկտար եւ ավելի լինելու դեպքում:
կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր մոտեցում է. հողը ենթակա է հարկման, իսկ գյուղամթերքը՝ ոչ: Ամեն դեպքում, գյուղամթերքների արտադրության շատ բարձր շրջանառություն է անհրաժեշտ, որպեսզի մթերքը նույնպես հարկվի: Հայտնի է, որ մի քանի տասնյակ միլիոն դրամի շեմը գրեթե անհնար է գերազանցել, ու նման շեմ սահմանելով՝ գործադիրը պարզապես հարկ չհավաքելու եղանակով է նախատեսել աջակցել գյուղատնտեսության զարգացմանը: Մարդիկ, սակայն, դժվարությամբ եւ դժկամությամբ են վճարում հողի հարկը, ուստի անհրաժեշտ է նույն եղանակով վերանայել նաեւ հողահարկի վճարաչափերը: