ԱԼԻԵՎԸ ՀԱՐԵՄԻ ՊԱՐՈՒՀԻ՞ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայոց արծիվներ” հայրենասիրական-հասարակական կազմակերպության ղեկավար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանից “Ժողովուրդ”-ը փորձեց պարզել, թե, ի վերջո, ինչ եղավ իր այն հայտարարության “ճակատագիրը”, երբ  վերջինս 5 օր ժամանակ տվեց մեզ “ֆաշիստներ” եւ “օկուպանտներ” անվանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովրդիցե ներողություն խնդրելու համար: 
-Պարո՛ն Ասրյան, վերջին օրերին ադրբեջանական կողմը գնդակոծում է ՀՀ տարածաշրջանը, հնարավո՞ր է՝ Ձեր վերջին հայտարարությունը` ուղղված Իլհամ Ալիեւին, իրագործվում է:
-Իհարկե ո՛չ, իմ հայտարարությունն ավելի վաղ էր արվել, եւ վերջին օրերին ՀՀ եւ ԼՂՀ սահմաններում լարվածությունը որեւէ կապ չունի իմ հայտարարության հետ: Իսկ ինչ վերաբերում է սահմանում տեղի ունեցող իրադարձություններին, ապա դա առաջին դեպքը չէ, եթե հիշում եք, նման իրավիճակներ էլի եղել են, որը շատ ցավալի ու դատապարտելի է:
 
-Այդ դեպքում ի՞նչ եղավ Ձեր հայտարարության հետ, փաստորեն, Իլհամ Ալիեւը արհամարհեց Ձեզ եւ լուրջ չվերաբերե՞ց այդ ամենին:
-Ոչ մի արձագանք չեղավ, բայց նախ ես ուզում եմ հիշեցնել այդ հայտարարության բովանդակությունը, որ “Եվրոնեսթ”-ի ժողովի ժամանակ Ալիեւը “ֆաշիստներ” եւ “օկուպանտներ” անվանեց հայերին եւ “Հայոց արծիվներ”-ը՝ որպես հայրենասիրական շարժում, պատասխան տվեց Ալիեւին` ասելով, որ 5 օրվա ընթացքում պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից, եթե ոչ, ուրեմն նա իրեն դուխով տղայի տեղ է դրել, իսկ եթե դուխով տղայի տեղ է դրել, ուրեմն նա պետք է պատերազմ հայտարարի` ելնելով իրենց կողմից ամենօրյա ռազմատենչ հայտարարություններից: Իսկ եթե հաջորդ հինգ օրն էլ չհայտարարի, ուրմեն նա կնմանվի Ադրբեջանի  հարեմների պարուհիներին, ինչը եւ տեղի ունեցավ:

-Փաստորեն, ստացվում է` Ձեր հայտարարության վերջին հատվածն է իրականություն դարձել:
-Կարծում եմ՝ այո՛:
-Եթե այս ամենից հետո պատերազմ սկսվի, ովքե՞ր են գնալու հայկական սահմանները պաշտպանելու: Օրինակ՝ ՀՀԿ ղեկավար կազմում կան մարդիկ, որոնք անգամ ժամկետային զինծառայության չեն գնացել:
-Նախ վստահ եմ, որ հայ ժողովուրդը Ձեր նշած պատերազմին մեծ ոգով կմասնակցի, ինչպես տարիներ առաջ է դա արել, մենք ունենք մարտունակ ազգային բանակ, բայց չեմ կարծում, որ բանը կհասնի դրան, թե ժողովուրդը կգնա, կմասնակցի պատերազմին:
-Իսկ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, Կորյուն Նահապետյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը, Տիգրան Դավթյանը, Տիգրան Սարգսյանը, Արմեն Գեւորգյանը եւ էլի ոմանք խուսափել են իրենց պարտքը կատարել զինված ուժերում, արդյո՞ք նրանք կգնան եւ զենք կվերցնեն հանուն հայրենիքի:
-Շարմազանովն իմ լավագույն ընկերն է, եթե նա բանակում չի ծառայել, ուրեմն դա պատճառներ ունի, բայց ես Աստծուն փառք կտայի, որ մեր երիտասարդության հիմնական մասը Շարմազանովի պես հայրենասիրություն ունենար: Հանրապետական կուսակցությունն առաջինը անհրաժեշտության դեպքում իր խորհրդով, իր գործադիր մարմնով կմասնակցի հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Եթե ժամկետային զինծառայող չեն եղել, ուրեմն դա իր պատճառներն ունի: Իրենք զենք կվերցնեն եւ առաջին գծում հերոսաբար կմարտնչեն թշնամու դեմ:
-Պարո՛ն Ասրյան, վերջին ժամանակահատվածում նախարարի պորտֆելի համար լարված պայքար է ընթանում Ձեր եւ ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի միջեւ:
-Դրանք ընդամենը սուտ խոսակցություններ են, նման քննարկումներ չեն եղել, ուղղակի տեղեկատվություններ են: Բնական է, որ նման քննարկում կամ առաջարկ պետք է լինի հանրապետության նախագահի կողմից, որը չի եղել: 
-Մեծ ցանկություն ունեիք ղեկավարել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, սակայն ՀՀԿ առաջնորդը Ձեզ չվստահեց այդ գերատեսչությունը, չե՞ք հիասթափվել Ձեր նախագահից:
-Ուրեմն ասեմ, որ Ձեր տեղեկություններն ընդհանրապես իրականության հետ կապ չունեն, ինքս շատ լավ գիտակցում եմ կոալիցիոն գործընթացների կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Ո՞նց կարող է ես նման ցանկություն հայտնեի` նման ոլորտը ղեկավարելու կամ աշխատելու համար:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս