ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի և ոռոգման համակարգի ընկերությունների ղեկավարների հետ`ոլորտում առկա խնդիրները քննարկելու և դրանց լուծման ուղիները նախանշելու նպատակով:
«Ոլորտում կարճ ժամանակում անհրաժեշտ է իրականացնել լուրջ բարեփոխումներ, բարձրացնել ջրօգրագործող ընկերությունների գործունեության արդյունավետությունը, որպեսզի մեծանա ազգաբնակչության վստահությունն այս համակարգի նկատմամբ», – նշեց նախարար Սերգո Կարապետյանը:
Անդրադառնալով ոլորտում առկա կարևորագույն խնդիրներին` նախարարը նախ անհրաժեշտ է համարել խստացնել ոլորտի վերահսկելիությունը, բարձրացնել թափանցիկության աստիճանը, միջոցներ ձեռնարկել ջրի կորուստները նվազեցնելու ուղղությամբ:
«Գարնան սկզբին մենք արդեն իսկ պետք է լիովին պատրաստ լինենք ոռոգման սեզոնին, որպեսզի գյուղացին չունենա ջրօգտագործման հետ կապված խնդիրներ», – հավելեց նախարարը:
Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղափոխել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգ՝ նպատակ ունենալով բարձրացնել այս նախարարության ոռոգման ծրագրերի կառավարման արդյունավետությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին