Հուսահատությունից տղային մեղադրել էր բռնաբարության և ծեծի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնաբարության և ծեծի վերաբերյալ անչափահասի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի անչափահաս բնակչուհու կողմից՝ իրեն բռնաբարելու վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ բնակչուհին 2014 թվականին համացանցի «Odnoklassniki.ru» կայքի միջոցով ծանոթացել և շուրջ 2 ամիս ծնողներից գաղտնի պարբերաբար հանդիպել է մի տղայի հետ: Արդյունքում՝ երիտասարդները ամուսնության շուրջ համաձայնության են եկել:
2014 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, նախնական պայմանավորվածության համաձայն՝ նրանք հանդիպել են Վանաձորի «Երկաթուղայինների» այգում, որտեղ էլ տղան աղջկան հայտնել է, որ առաջիկայում մեկնելու է զինծառայության, ինչ պատճառով վերջինս վրդովվել է և նրան մեղադրել իրեն խաբելու մեջ՝ սպառնալով պատասխանատվության ենթարկել նրան՝ գոռգոռցել , քաշքշել:

Արդյունքում՝ իր հետ չամուսնանալու համար վրեժխնդիր լինելու նպատակով աղջիկն այգու տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության պարեկապահակետային ծառայության աշխատակիցներին հայտնել է, որ ընկերն այգում իրեն ծեծել և բռնաբարել է, որից հետո դիմել է փախուստի:

Ոստիկանության բաժնում նախազգուշացված լինելով սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ աղջիկը հանցագործության մասին գրավոր հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ նույն թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում ընկերը Վանաձոր քաղաքի «Երկաթուղայինների» այգում, դանակի սպառնալիքով և քնաբեր դեղամիջոց տալով, բռնաբարել է իրեն:

Աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2014 թվականի դեկտեմբերի 9-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն: Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս